ՆԱԽԱՐԱՐԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՔՆՆԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության ոլորտում առկա խնդիրների եւ հնարավոր փոփոխությունների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է երեկ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակված Արայիկ Հարությունյանի հետ, ով մինչեւ այս Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամն էր:

-Պարո՛ն Հարությունյան, Ձեզ համար սպասելի՞ էր այս նշանակումը:
-Կրթության ոլորտը իմ ոլորտն է, եւ Երեւանի ավագանիում իմ գործունեությունը ցույց էր տալիս, որ այդ ոլորտում ես լավագույնս կարող եմ դրսեւորվել: Դրանով է նաեւ պայմանավորված այս որոշումը:
-Եվ ի՞նչ եք պատրաստվում փոխել ոլորտում:
-Պետք է ասեմ, որ մոտ մեկ շաբաթ առաջ ֆորում էր նշանակվել` կրթության ոլորտի մասնագետների մասնակցությամբ, շատ գաղափարներ են գեներացվել, եւ նաեւ փորձագետների եւ իմ տպավորությունն այն է, որ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք մինչեւ հիմա չեն լուծվել քաղաքական կամքի բացակայության պատճառով: Եվ մատնանշված խնդիրների մեծամասնությունն արագ լուծելի են: Դրանցից է հանրակրթական ոլորտում դպրոցների քաղաքականացվածությունը, դրամահավաքներն են, բուհական համակարգում նույնպես քաղաքականացվածությունը, արդյունավետ կառավարման հարցը, ինքնավարության պակասը: Իսկ մանկապարտեզներով ամենաշատն եմ զբաղվել անցած ամիսներին: Կան բազմաթիվ խնդիրներ հատկապես Երեւանում: Պատկերացումները հստակ են, եւ այդ խնդիրները կարելի է լուծել կարճ ժամանակում:
-Օրինակ` կոռուպցիայի մասով ինչպե՞ս եք պայքարելու, որպեսզի դպրոցներում տնօրեններն ու ուսուցիչները տարբեր առիթներով ու անառիթ գումար չպահանջեն աշակերտներից:
-Ցանկացած նման դեպքում, եթե նախկինում իրավապահ մարմինները չէին արձագանքում, իսկ այդ դեպքերը շատ էին, ակնհայտ էին, այս անգամ ցանկացած նման դեպքում դրամահավաք իրականացրած կամ գումար հավաքող որեւէ պաշտոնյա, տնօրեն կամ ուսուցիչ անմիջապես իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում կհայտնվի: Քաղաքական կամքի զուգադրումն իրավապահ մարմինների աշխատանքի հետ զգալի կկրճատի այդ խնդիրները:
-Ականատես եղանք, որ Ռուզաննա Ազիզյանը Մոնթեի անվան դպրոցի տնօրենի պաշտոնից ազատվեց իր դիմումի համաձայն, ծնողների եւ աշակերտների ճնշմամբ: Այս գործընթացը շարունակվելո՞ւ է: Հայտնի է, որ մի շարք տնօրեններ ընտրությունների շրջանում ակտիվ զբաղվել են ցուցակների հավաքագրմամբ:
-Բոլոր այն դեպքերում, երբ կանոնադրությանը հակառակ են գնացել տնօրենները, կրթական օջախների ղեկավարները, բոլոր այդ դեպքերը կքննվեն: Բայց մինչեւ հիմա նշել եմ եւ հիմա էլ նշում եմ, որ վենդետաներ, բռնաճնշումներ որեւէ մեկի նկատմամբ չեն լինելու: Բացառապես օրենքի սահմաններում է լինելու:
-Իսկ եթե նրանք չենթարկվեն օրենքին, եւ եթե արտահերթ ընտրություններ լինեն, իրենք շարունակեն նույն ձեւով ազդել ընտրական գործընթացի վրա, ինչպե՞ս եք վարվելու:
-Իշխանությունը նրա համար է, որպեսզի, եթե ինչ-որ մեկը չի ենթարկվում օրենքին, ենթարկեցնի:
-Հակառակ պարագայում ի՞նչ եք պահանջելու տնօրեններից, եթե իրենք, այսպես ասած, խաղի նոր կանոններով չշարժվեն:
-Օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Եթե օրենք են խախտում, չեն կարող պաշտոնավարել, օրինակ` եթե ապօրինի դրամահավաք են կազմակերպում, խախտում են դպրոցի կանոնադրությունը եւ այլն:
-Հիմա ժամանակավոր կառավարությունն է դեռեւս ձեւավորվում: Այսինքն` եթե նշանակված նոր անձինք իրենց չարդարացնեն, ազատվելո՞ւ են պաշտոններից:
-Քանի որ ժամանակավոր կառավարություն է, յուրաքանչյուր ոք, ով կնշանակվի բարձր պաշտոններում, պետք է գիտակցի, որ առավելագույնը պիտի անի` արդյունք տալու համար, քանի որ ժամանակը կարճ է: Իհարկե, չի բացառվում, որ անարդյունավետ ղեկավարների նկատմամբ համապատասխան որոշումներ կայացվեն:
-«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ասել է, որ կառավարության 1/3-ը պետք է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները զբաղեցնեն, լայն ներգրավում ունենան գործադիրի աշխատանքներում:
-Եկեք, սպասենք կառավարության վերջնական ձեւավորմանը:
-Քաղաքացիներից ոմանք արդեն իսկ առաջարկում են որոշակի փոփոխություններ. հատկապես ավագ դպրոցները փակելու կամ այդ դաշտում փոփոխություններ անել:
-Դա այդքան էլ արագ լուծվող հարց չէ: Մասնագետների մասնակցությամբ լուրջ քննարկումներ պետք է տեղի ունենան: Կան ընդհանուր գաղափարներ` դրա հետ կապված, բայց լուծումների առումով քննարկում պետք է լինի:
-Եթե դառնանք շարժմանը, Դուք ինքներդ ակնկալո՞ւմ էիք, որ այն այսքան մեծ հաջողություն կունենա:
-Եթե չակնկալեի եւ չհավատայի, իհարկե, այս գործընթացի մեջ չէի լինի:
-Իսկ առաջին քայլը կամ որոշումները որո՞նք են լինելու, որ պետք է կատարեք` որպես նախարար:
-Առաջին քայլերս լինելու են այցելությունները կրթօջախներ` տեղում խնդիրները վեր հանելու եւ տեղում լուծելու համար: Ես այդ փորձն ունեցել եմ Երեւանի ավագանու կրթության հանձնաժողովի նախագահի կարգավիճակում: Այդ պրակտիկան կշարունակվի: Ունեմ ընդհանուր գաղափարներ` կրթական ոլորտի արագ վերակազմակերպման հետ կապված: Դուք այդ մասին կտեղեկանաք:
-Հիմնականում Նիկոլ Փաշինյանը կառավարությունը համալրում է երիտասարդ կադրերով, հատկապես իր թիմի դեպքում:
-Ես կարծում եմ` 25 տարեկանից հետո արդեն երիտասարդության մասին խոսելն ավելորդ է: Այդ տարիքում արդեն հասուն մարդիկ են եւ պետք է ստանձնեն պաշտոններ: Եվ տվյալ մարդիկ բոլոր հնարավորություններն ունեն` ինքնադրսեւորվելու:

 

 

 

ՉԻ ԶՂՋՈՒՄ ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտնի է` մայիսի 8-ի ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ խմբակցությունից կողմ քվեարկեց 13 պատգամավոր: Նրանցից մեկն էլ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախահայերի «Հզոր Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանն էր, որի կողմ քվեարկելն անսպասելի է եղել առաջին հերթին հենց Հանրապետականի համար:

Այս առնչությամբ մայիսի 10-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է. «Շիրակ Թորոսյանը, որը ոչ միայն հաստատել էր իր դեմ քվեարկելը, նաեւ քվեարկությունից ընդամենը րոպեներ առաջ նորից ճշտում է կատարվել, որ ինքը հավատարիմ է քաղաքական որոշմանը: Դա հանկարծակի էր, եւ դա քաղաքական գործչի քայլ չէր»:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ` պարզելու նրա տեսակետը մայիսի 8-ին կատարած քայլի եւ դրանից հետո Հանրապետական խմբակցության ղեկավարի հայտարարության շուրջ:
-Պարո՛ն Թորոսյան, մայիսի 8-ին Ձեր կողմից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելը նախատեսված չէր: Եվ բոլորի համար անսպասելի էր Ձեր քվեարկությունը:
-Ես քվեարկել եմ իմ խղճի մտոք եւ իմ ցանկությամբ: Դա իմ անձնական որոշումն է եղել, որը հիմնված է եղել «Ջավախք» հայրենակցական միության իմ թիմի, իմ ընտրողների, ջավախահայերի ցանկության վրա: Նրանց մեծամասնության ցանկությունն է դա եղել: Եվ նաեւ ինձ ճանաչող մարդկանց տեսակետների հիման վրա է եղել այդ որոշումը:
-Խմբակցությունում նախապես քննարկում եղել է այդ մասին: Դուք հայտնե՞լ եք, որ ցանկություն ունեք կողմ քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:
-Ոչ: Նման քննարկում չի եղել: Էլի եմ կրկնում` ես քվեարկել եմ իմ ցանկությամբ:
-ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ պետք է քննարկել քաղաքական որոշումից շեղված պատգամավորների հարցը: Եվ նա շեշտել է հենց Ձեր անունը` ասելով, որ Ձեր կողմ քվեարկելը խմբակցությանը հայտնի չի եղել: Հիմա հնարավո՞ր է` Ձեզ խմբակցությունից հանեն, մանդատը վայր դնելու պահանջ Ձեզ ներկայացվի:
-Ինձ չեն կարող խմբակցությունից հանել: Իմ պատգամավորական մանդատն ինձ իմ ընտրազանգվածն է տվել: Ու ես տրամադրված չեմ այժմ խմբակցությունից դուրս գալու: Եվ ասեմ նաեւ, որ ես շարունակելու եմ նման ձեւով որոշումներ կայացնել:

Նյութերը՝ ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

 

 

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՎԱԽԵՑԱԾ Է
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` վերջին օրերին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են «Լեգիոն» անվտանգության ընկերության աշխատակիցները: Որոշ տեղեկություններով` «Լեգիոն» ընկերությունը պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի եղբորը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչո՞ւ է հսկվում քաղաքապետի տունը, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Քաղաքապետի տան, անձի հետ կապված քաղաքապետարանն ի՞նչ առնչություն ունի»: Հետաքրքրիր է, թե ումից է վախենում քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը երեկ շտապել էր ներկա գտնվել նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստին եւ երեկ լրագրողներին հավատացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում: Միան թե, հիշեցնենք, Երեւանի ՏԻՄ ընտրություններում «Ելք» ցուցակը գլխավորում էր ներկայիս Փաշինյանը, որի կողմնակիցները բացահայտել էին Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառքի դեպքեր, ցուցակներ: Թավշյա հեղափոխության օրերին էլ քաղաքապետարանի աշխատակիցներն Ավանում նաեւ ծեծի էին ենթարկել համաժողովրդական շարժման անդամներին:

 

 

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԸ
Նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է կադրային փոփոխությունները, սակայն որքան էլ զարմանալի է` դեռ տեղեկություններ չկան կառավարության կազմում առկա կոռուպցիոն սկանդալների կենտրոնում գտնվող նախարարների մասին: Առաջին հերթին խոսքն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանի մասին է, ում չարաշահումների մասին ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է, սակայն նա անպատիժ է մնացել: Եվ մինչ այժմ դեռ հայտնի չէ Արտեմ Ասատրյանի ճակատագիրը: Վերջերս ՎՊ-ն բացահայտումներ էր արել նաեւ գյուղատնտեսության նախարարությունում, անգամ գործերն ուղարկվել էին դատախազություն: Պարզ է` կատարվածի պատասխանատուն հենց նախարար Իգնատի Առաքելյանն է, որի մասին եւս դժգոհություններ են եղել, սակայն այս ոլորտի ճակատագիրը եւս դեռ անհայտ է:

 

 

ԴԱԴԱՐԵՑՎԵՑ
Ինչպես հայտնի է` 2016 թվականին կալանավորվեց Ժիրայր Սէֆիլյանը: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի` նա մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում` Երեւանի հեռուստաաշտարակը: Այս դեպքի բացահայտումից հետո իրավապահ համակարգը գիշեր-ցերեկ ուժեղացված հսկողություն էր սահմանել Երեւանի հեռուստաաշտարակի վրա: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ոստիկանապետի եւ ԱԱԾ պետի փոփոխությունից հետո որոշում է եղել ուժեղացված հսկողությունը դադարեցնելու եւ բնականոն ընթացքի վերադառնալու մասին:




Լրահոս