ԵՐԲ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԿԱՏԱՐՎԻ ԱՆԿԱԽ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում հասարակությունն առաջին հերթին սպասում եւ ակնկալում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերի բազմակողմանի քննություն ու բացահայտում: Այս տարիների ընթացքում հենց Նիկոլ Փաշինյանի կողմից է ոչ մեկ անգամ բարձրաձայնվել այս դեպքերի բացահայտման հարցը, ավելին՝ նա մարտի 1-ի` հանիրավի տուժածներից էր, երբ ստիպված էր որպես քաղբանտարկյալ շինծու մեղադրանքով մի քանի տարի անցկացնել կալանավայրում: Եվ այժմ լինելով վարչապետի պաշտոնում` նրան հնարավորություն է տրված արագացնելու գործընթացները եւ հենց ինքը դառնալու բացահայտողն ու մեղավորներին պատժողը:

Եվ հիմա հասարակությունը սպասում է մարտի 1-ի դեպքերի բացահայտման եւ այդ օրերին պաշտոններ զբաղեցրած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցին: Հատկապես խոսքը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մասին է. այս օրերին շատերն են մատնանշում նրա պաշտոնանկության անհրաժեշտության մասին: Սակայն նորանշանակ վարչապետը սկսեց օրենքով իրեն ենթակա մարմիններից: Մասնավորապես վարչապետին ենթակա մարմիններն են՝ ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունն ու պետական վերահսկողության ծառայությունը: Եվ Փաշինյանն առաջին նշանակումներն արեց հենց իրեն ենթակա մարմիններից երկուսում, իսկ ահա մյուս մարմնի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է մնում:
2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գործող անձանցից մի քանիսն արդեն ազատվել են աշխատանքից: Խոսքն այն ժամանակվա պաշտպանության նախարար Միխայիլ Հարությունյանի, ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի մասին է, ում ղեկավարությամբ զորքը եւ զրահատեխնիկան այդ օրերին կառավարության շենքի հետնամասում էր հերթապահում: Եվ ահա, այժմ ակտիվ խոսակցություններ են ընթանում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին պատժելու մասին, ով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնն էր զբաղեցնում:
Եվ այդ օրերին ի պաշտոնե Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու որոշում հենց Աղվան Հովսեփյանն է կայացրել: Սակայն 2008 թվականից հետո Հովսեփյանը իր ոչ մի արարքի համար ոչ միայն չի պատժվել, այլեւ հակառակը, նրա համար նույնիսկ նոր կառույց ստեղծեցին, եւ դատախազի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նա դարձավ քննչական կոմիտեի ղեկավար: Ավելին` 2017 թվականին նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանի պաշտոնը երկարաձգելու մասին որոշում էր կայացրել: Եվ այժմ նա օրենքով կարող է պաշտոնավարել մինչեւ 2019 թվականի հունվարի 8-ը: Ըստ «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` քննչական կոմիտեի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով: Եվ ինչպես արդեն նշեցինք` նրա պաշտոնավարման ժամկետն օրենքով ավարտվում է միայն հաջորդ տարի: Նույն օրենքում առկա են նաեւ քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքերը, եւ հիմքերից մեկն էլ իր դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելն է: Այսինքն` եթե նա իր սեփական դիմումով չազատվի աշխատանքից, ապա մինչեւ հունվարի 9-ը կկարողանա պաշտոնավարել:
Մյուս անկախ մարմինը հատուկ քննչական ծառայությունն է: Օրենքի համաձայն` հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ՝ վեց տարի ժամկետով, եւ վաղաժամկետ կարող է ազատվել իր սեփական դիմումի հիման վրա: Վահրամ Շահինյանը ՀՔԾ պետի պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի մայիսի 3-ին, եւ նրա պաշտոնավարման վեցերորդ տարին ավարտվում է 2019 թվականին:
Իսկ ահա գլխավոր դատախազի նշանակումն ու պաշտոնից ազատումը կանոնակարգվում է ՀՀ Սահմանադրությամբ: Մասնավորապես հոդված 177-ում նշված է. «Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով»։ Մեկ այլ հոդվածում էլ ամրագրված է. «Օրենքով սահմանված դեպքերում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով կարող է պաշտոնանկ անել գլխավոր դատախազին»: Այսինքն` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ կարող են պաշտոնանկ անել միայն խորհրդարանի միջոցով:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նորանշանակ վարչապետն ու իր թիմը դեռեւս չեն շտապում վերը նշված մարմինների եւ նրանց ղեկավարների մասով որոշումներ կայացնել: Կառավարության ամբողջական կազմի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխան փոփոխություններից հետո միայն անդրադարձ կկատարվի վերը նշված մարմիններին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ական նախարարների, նաեւ ուժային այլ կառույցների ներկայացուցիչների մեջ ներքին տարաձայնություններ են եղել: Մի շարք նախարարներ չսպասեցին այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ազատի պաշտոնից, եւ ինքնակամ հրաժարականի դիմումներ ներկայացրին: Եւ հրաժարական ներկայացրածներն իրենց մյուս գործընկերներին սկսել են մեղադրել, թե ինչո՞ւ նույնկերպ չեն վարվում, այլ անկյուն մտած` սպասում են, թե ինչ որոշում կկայացնի վարչապետը: Նույնիսկ խոսք է գնացել, որ պետք է թասիբ, ինքնասիրություն ունենալ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նման խոսակցություն եղել է նաեւ ուժային կառույցներում՝ ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում: Ուժային կառույցներում իրավապահ համակարգի ներկայացուցիչներից ոմանք եւս չեն սպասել Փաշինյանի որոշմանն ու ինքնակամ հրաժարական են ներկայացրել, սակայն կան իրավապահ համակարգի կարկառուն դեմքեր, որոնք դեռեւս սպասում են իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալուն:

 

 

ՎԱՏԱՌՈ՞ՂՋ Է
Մայիսի 8-ին վարչապետի որոշմամբ Միքայել Հարությունյանն ազատվեց գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատարի պաշտոնից: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հարությունյանի հետ, սակայն պարզվեց` նա պաշտոնը թողնելուց հետո հայտնվել է հիվանդանոցում, բուժումներ է ստանում: «Ես հիմա հիվանդանոցում եմ: Բժիշկներն ինձ մոտ են»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին Միքայել Հարությունյանը զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը, իսկ բանակը ներգրավված էր մարտի 1-ի իրադարձություններին: ՀՔԾ-ում հիմա դատախազության հանձնարարությամբ ուսումնասիրում են այդ փաստերը փաստահավաք խմբի հայտնի զեկույցը: Մեր հարցին, թե մարտի 1-ի գործով բացահայտումներ առաջիկայում կլինե՞ն, թե՞ ոչ, Հարությունյանն արձագանքեց. «Էդ իմ գործը չի»:

 

 

ՆՎԵՐ ՍՏԱՆԱԼԸ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ
ՀՀ արդարադատության նախարարությունը առաջիկայում կառավարությանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տեղադրված է e-draft.am կայքում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը: Այսինքն` եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով:

 

 

ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԶՐՈՒՅՑ
Հայկական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Վերջինս շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: ՀՀ վարչապետը նշել է, որ Վրաստանի եւ Հայաստանի համագործակցությունը պետք է զարգանա աշխարհաքաղաքական գործոններից զատ: Նրա խոսքով` կարեւոր է, որ երկկողմ տնտեսական համագործակցությունը համապատասխանի երկու երկրների միջեւ առկա առանձնահատուկ կապերին: Գ. Կվիրիկաշվիլին Ն. Փաշինյանին հրավիրել է Վրաստան եւ եւս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել է՛լ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Զրույցի ընթացքում Փաշինյանն ու Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն են ձեռք բերել հանդիպել մոտ ապագայում:

 

 

ՀՐԱԺԵՇՏ ՊԱՇՏՈՆԻՆ
Երեկ` ՀՀ կառավարության նիստից առաջ, ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հայտարարել է, որ հրաժեշտ է տալիս իր պաշտոնին: «Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույնը, եւ որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ուժեղացնեն»,- ասել է Հ. Հակոբյանը:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ  ՕԳՆԱԿԱՆ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ Գեւորգ Մելիքյանին նշանակել է նախագահի օգնական: «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաեւ Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը` Գեւորգ Մելիքյանին նշանակել Հանրապետության նախագահի օգնական»:

 

 

ՄԵՐԿԵԼԸ  ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՋԱԿՑԵԼ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ընտրության կապակցությամբ: Որպես վստահելի գործընկեր` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը կշարունակի աջակցել ՀՀ-ին իր արդիականացման եւ բարեփոխման ճանապարհին եւ նպաստել երկկողմ լավ հարաբերությունների խորացմանը: Մեծապես ողջունում եմ, որ վերջին օրերին ու շաբաթներին քաղաքական գործընթացների բոլոր մասնակիցները ցուցաբերեցին պատասխանատվության մեծ գիտակցություն` ի շահ հայ ժողովրդի»,-նշված է Գերմանիայի դեսպանության հաղորդագրության մեջ:




Լրահոս