Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում ձայնային նռնակ կիրառելու փաստով գործը նոր ընթացք է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացավ, որ գործով նշանակվել են փորձաքննություններ:
Ինչպես հայտնի է` ապրիլի 16-ին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող հանրահավաքի մասնակիցների հետ միասին Նիկոլ Փաշինյանը շարժվեց Բաղրամյան պողոտա: Սակայն ոստիկանները փակել էին ճանապարհը: Նա հորդորեց ոստիկաններին բացել Բաղրամյան պողոտան, որպեսզի ինքը ցուցարարների հետ գնա Ազգային ժողով: Սակայն այն ժամանակ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ թավշյա հեղափոխությունից հետո դարձավ ՀՀ ոստիկանապետ, հորդորեց Փաշինյանին չսադրել իրավիճակը, չլարել, սակայն ոստիկանության հորդորները որեւէ կերպ չփրկեցին լարված դրությունը: Նիկոլ Փաշինյանը կատարեց իր քայլը: Վերջինս փորձեց անցնել ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայում տեղադրած փշալարերի միջով, ինչի արդյունքում ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակներ կիրառեց: Արդյունքում մի շարք մարդիկ, այդ թվում` Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին:
«Ժողովուրդ» օրաթերթն այս կապակցությամբ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հետաքրքրվելով, թե արդյո՞ք ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է քննության առարկա դարձնել եւ քրեական գործ հարուցել 16.04.2018թ. ցուցարարների ուղղությամբ ձայնային նռնակ կիրառելու փաստը, այն կիրառելու օրինականությունը, կիրառելիս անվտանգության կանոնների պահպանումը, որի արդյունքում վիրավորում ստացան ոչ միայն ցուցարարներ, այլեւ ոստիկաններ:
Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել էին, որ ՀՀ դատախազության հանձնարարությամբ ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում Երեւան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցների կողմից սույն թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքի մասնակիցների կողմից զանգվածային անկարգություններ իրականացնելու արդյունքում ոստիկանության կողմից հատուկ միջոց կիրառելու համաչափության եւ իրավաչափության, ինչպես նաեւ այդ փորձերի ընթացքում քաղաքացիական անձանց եւ ոստիկանների վնասվածքներ ստանալու հանգամանքները պարզելու եւ քրեական գործ հարուցելու, հիմքերը պարզելու նպատակով: Ձեզ հետաքրքրող դեպքով քրեադատավարական օրենքով սահմանված ժամկետներում պետք է կայացվի համապատասխան դատավարական որոշում»:
Շուտով կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս տեղի ունեցածով քրեական գործ չի հարուցվել, փոխարենը իրավապահները փորձաքննություններ են նշանակել` հասկանալու համար, թե, ի վերջո, նռնակը կիրառելիս անվտանգության կանոնները պահպանվել են, թե ոչ: Ըստ էության փորձաքննության եզրակացությունն էլ հիմք կդառնա, որպեսզի պարզ լինի, թե, ի վերջո, քրեական գործ հարուցվում է, թե ոչ:
Ի դեպ, հավելենք, որ ակնհայտ էր, որ Բաղրամյան պողոտայում նռնակ նետելու հրահանգը տվել էր ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանը: Վերջինս նույն հրահանգը տվեց ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկեցին, բողոքի ակցիայի եւ ոստիկանների միջեւ սկսվեց բախում: Լեւոն Երանոսյանը, տեսնելով իրավիճակը, շտապեց զորքերի մեջ, որից հետո ոստիկանությունը սկսեց ձայնային նռնակներ կիրառել:
Ու մինչ իրավապահները սպասում են փորձաքննության եզրակացությանը, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ իրավապահները ոստիկանության զորքերի հրամանատար, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Լեւոն Երանոսյանի գործողությունների մասով քրեական գործ են քննում: Մասնավորապես 2015 թվականին` «Էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ, երբ մարդիկ պայքարում էին, որ էլեկտրաէներգիան չթանկանա, արդյունքում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, նույն սցենարը 2016 թվականին կրկնվեց Սարի թաղում: Այս երկու դեպքերով էլ ՀԾՔ-ում արդեն երեք տարի է, ինչ քննություն է ընթանում, սակայն պատասխանատուներից որեւէ մեկը այդպես էլ չպատժվեց: Իսկ թե ինչ կլինի նռնակի դեպքում, սպասենք զարգացումներին, ի վերջո, ներկայումս իրավիճակ է փոխվել, եւ գուցե ՀՔԾ-ում որոշեն գործի անցնել եւ գոնե երեք տարի անց պատասխանատվության կանչել մեղավորներին:
Նշենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Լեւոն Երանոսյանը պետք է ազատվի ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից: Փաստորեն, թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը համակարգը սկսել է մաքրել անձանցից, որոնք առանձնակի դաժանությամբ քաղաքացիներին էին ծեծում, բռնության ենթարկում: Տարոսը մյուսներին:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալներին քաղաքական հայացքների համար խոշտանգման էին ենթարկել: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր ահազանգել կալանավոր Էրիկ Եղինյանը եւ պատմել, որ ՔԿՀ-ում բողոքի ակցիա է իրականացրել եւ կալանավորներին հորդորել է վանկարկել. «Նիկոլ վարչապետ, քայլ արա, մերժի Սերժին»: Այս ամենի արդյունքում Եղինյանին ՔԿՀ ղեկավարները որոշել են պատժել եւ նրան խոշտանգման են ենթարկել: Ի դեպ, կալանավորը հայտնել էր, որ իր հետ կատարվածի մասին հաղորդում է տվել Լոռու մարզի դատախազություն, սակայն իր հաղորդմանը ընթացք չեն տվել: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին. ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿ-ում պատիժ կրող Էրիկ Եղինյանը ապրիլի 20-ից, 3 անգամ դժգոհություն հայտնելով իր պահման խցի վերաբերյալ եւ պահանջելով իրեն տեղափոխել այլ խուց, հաղորդումներ է ներկայացրել ՔԿՀ-ի ղեկավարության կողմից իրեն ենթադրյալ խոշտանգման ենթարկելու վերաբերյալ: Նախկին հաղորդումներում նա իր պահանջը պայմանավորել է բացառապես իր առողջական վիճակով, սննդի հետ կապված խնդիրներով: Երրորդ անգամ` ապրիլի 30-ին, ինքնավնասում կատարելուց հետո ներկայացրած հաղորդմամբ է միայն նշել, թե իր կամքին հակառակ իրեն տվյալ խցում պահելը պայմանավորված է եղել քաղաքական հայացքներով՝ չներկայացնելով որեւէ հիմնավորում: Այսինքն` վերը նշված հաղորդումներում իր կողմից ՔԿՀ-ում բողոքի ակցիա իրականացնելու, այլ կալանավորներին ինչ-որ բաներ վանկարկել հորդորելու, ՔԿՀ վարչակազմի կողմից այլ կալանավորների միջոցով իր նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ ոչիչ չի նշել: Չնայած դրան` ՀՀ Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ դատապարտյալի կողմից ինքնավնասում կատարելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, ինչի մասին պատշաճ կերպով Է. Եղինյանը տեղեկացվել է: Ավելին` մարզի դատախազը գրություն է հասցեագրել «Վանաձոր» ՔԿՀ պետին` ապահովելու կալանավորին վատ պայմաններում պահելու, կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված սննդի չափաքանակը չապահովելու հանգամանքների ստուգումը եւ արդյունքների մասին տեղեկացնելու մարզի դատախազությանը»:
ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԿԱՐ
2018թ. ապրիլի 17-ին` Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու օրը, ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված: Ավելի ուշ պարզվել էր, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից 1984թ. Բաքու քաղաքում ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես բնակվող, ազգությամբ հայ Կ.Գ-ի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանից հետաքրքրվեց, թե ինչու է քաղաքացին այս քալին գնացել, որն է եղել նպատակը, սակայն Հարությունյանն ասաց. «Լուրջ բան չկա, պետք չէ ահաբեկվել, գործով զբաղվում է ԱԱԾ-ն, նման կեղծ ահազանգեր միշտ էլ եղել են, լուրջ բան չկա, դուք այդ օրը ինքներդ որեւէ բան զգացի՞ք, որ այն չէր»:
ԱՅՑ ՔԿՀ
ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակը տեղեկացրել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» ՔԿՀ: «Վերջին այցի ժամանակ` մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված` նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի` հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն, ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարցը»,-նշվել է ՄԻՊ-ի հաղորդագրությունում: ՔԿՀ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաեւ հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի եւ Աշոտ Պետրոսյանի հետ:
ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը որոշել է հրաժարական տալ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գործընկերներիս` երկարամյա համատեղ աշխատանքի, այն ամենի համար, որ հավատով ու հետեւողականորեն կարողացանք անել հանուն օրենքի, ժողովրդի եւ քաղաքացու: Եղել են նաեւ վրիպումներ ու բացթողումներ, ինչը անխուսափելի է ցանկացած գործի մեջ: Ես հրաժարականի որոշում եմ կայացրել: Խնդրում եմ ենթատեքստեր չփնտրել խոսքերիս մեջ: Միշտ ապրել եմ շիտակ ու առանց ենթատեքստերի: Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»,-գրում է Հունան Պողոսյանը:
«ՆԱԻՐԻՏ»-Ը ԿԴԻՄԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գործարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով, որ հստակեցվի իրենց աշխատանքային կարգավիճակը, եւ վճարեն աշխատավարձերը: «Նաիրիտ»-ի արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանի փոխանցմամբ` աշխատավարձի պարտքը կուտակվել է հունվար ամսից: Նա նշել է, որ մայիսի 16-ին վարչապետի նստավայրի դիմաց ակցիա են իրականացնելու` խնդիրը ներկայացնելու համար: Նրանք շարունակելու են պնդել նաեւ գործարանի վերագործարկման հարցը: