ԿԱՐՏՈՖԻԼԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԻՐԱՑՆԵԼ, ԱՆԱՍՈՒՆՆԵՐԻՆ ԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրացման խնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզի կարտոֆիլի արտադրությամբ զբաղվող գյուղերում տարեցտարի սրվում են: Մարդիկ այս պահին մեծ քանակությամբ կարտոֆիլ ունեն իրենց ամբարներում պահեստավորած, սակայն չեն կարողանում իրացնել գնորդ չլինելու պատճառով:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչները դժգոհեցին՝ «կրակն են ընկել ամբարած կարտոֆիլի ձեռքը»: Մարդիկ այստեղ-այնտեղ ընկած գնորդներ են փնտրում` կարտոֆիլը վաճառելու համար: Գեղհովիտցիների խոսքերով` նախորդ տարիներին Ռուսաստանից եւ Վրաստանից մարդիկ են եկել եւ մեծ քանակությամբ կարտոֆիլ տարել: Բայց այս տարի ոչ ոք չի մտել գյուղ: Մինչդեռ որքան տաքանում են օրերը, այնքան պահեստավորած կարտոֆիլը փչանում է:
Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ այժմ իրենց գյուղում մարդիկ պահեստավորած ունեն մոտ 2000 տոննա կարտոֆիլ: «2000 տոննան, որը պահեստավորած է, բավականին մեծ թիվ է մեր գյուղի համար: Նախորդ տարի նման խնդիր չկար: Իսկ այս տարի գնորդ չունենք, փնտրում ենք, բայց չկան: Անգամ հարեւան Վրաստանի Հանրապետությունից գնորդներ չեն գալիս: Այնտեղ էլ կարտոֆիլը լավ չի վաճառվում: Նույն իրավիճակն է Ռուսաստանում, որտեղից եւս չեն գալիս կարտոֆիլ գնեն: Փորձում ենք… ամեն մեկս մի ուղղությամբ չարչարվում ենք»,- իրավիճակը ներկայացրեց գյուղապետը: Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ գյուղացիները ամբարած կարտոֆիլը չեն կարողանում անգամ ներքին շուկայում վաճառել:
Մյուս կողմից` այս տարվա եղանակային բարենպաստ պայմանների արդյունքւոմ գյուղատնտեսական տարին շուտ սկսվեց: Հետեւաբար նոր կարտոֆիլը ժամանակից վաղ հայտնվեց ներքին շուկայում: Ինչն էլ ազդեց հին կարտոֆիլի գնի վրա: Նշենք, որ այսօր հին կարտոֆիլի մեկ կիլոգրամը վաճառվում է 100-150 դրամով, իսկ նոր կարտոֆիլը` 300-350 դրամով:
Բայց չնայած սրան` գյուղացիները պատրաստ են պահեստավորած կարտոֆիլը վաճառել 70-80 դրամով, եթե ցանկացողներ կլինեն: Չնայած այս գնով վաճառելու դեպքում իրենք մեծ վնասներ են կրելու: «Եթե հայտնվի մեկը, ով 70-80 դրամով կարտոֆիլ գնի, մարդիկ անկասկած կվաճառեն: Տվող կա, տանող չկա: Բայց ամեն դեպքում պահեստավորելուց լավ տարբերակ է: Ինչ արած, ստիպված կվաճառեն այդ գնով, հակառակ դեպքում անասնակեր կօգտագործեն»,- լրացրեց գյուղապետ Վարդան Պողոսյանը:
Նույն իրավիճակն է նաեւ նույն մարզի Աստղաձոր, Վաղաշեն, Մադինա Լեռնակերտ եւ այլ գյուղերում: Օրինակ` Աստղաձորում բնակիչների մի մասը ամբարած կարտոֆիլը սկսել է խաշել եւ կերակրել անասուններին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աստղաձորցիները օրեր առաջ կաղամբն են թափել, քանի որ անգամ 20-30 դրամով չեն կարողացել վաճառել:
«Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքերով` թուրքական եւ եգիպտական ծագում ունեցող կարտոֆիլը ողողել է ե՛ւ ռուսական, ե՛ւ վրացական շուկան: Սա է պատճառը, որ ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ Վրաստանից այս տարի գնորդները պակասեցին: «Ե՛ւ Թուրքիայից, ե՛ւ Եգիպտոսից մեծ քանակությամբ կարտոֆիլ մտավ Ռուսաստան եւ Վրաստան, սա է պատճառը, որ տեղական կարտոֆիլի արտահանումը թուլացավ: Բացի այդ` աշնանը կարտոֆիլի մեկ կիլոգրամը 170 դրամ էր, իսկ գյուղացին չվաճառեց, այլ նախընտրեց պահեստավորել: Մտածեց, որ գարնանը կարտոֆիլի գինը կբարձրանա, եւ ինքը կկարողանա 200 դրամով վաճառել: Այնինչ` հակառակը ստացվեց: Ես շատ լավ հասկանում եմ, որ 10 դրամն էլ գյուղացու համար կիլոգրամների մասով մեծ շահույթ է, բայց եւ պետք էր հասկանալ շուկան: Այնպես չէ, որ կարտոֆիլի մասով գերհագեցած է շուկան»,- նկատեց Բերբերյանը:
Զրույցի ավարտին նա ափսոսանք հայտնեց, որ այդպես էլ չի ստացվում վրացական եւ ռուսական շուկաներում տեղ զբաղեցնել. «Որովհետեւ կառավարությունում ունեինք դանդալոշներ, ովքեր իրենց անձնական բիզնեսի հարցերն էին լուծում: Այն մարդիկ, ովքեր պետք է արտաքին առեւտրի հարցերը կարգավորեին»:
Գյուղացիների բարձրացրած խնդիրը «Ժողովուրդ» օրաթերթը փոխանցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, որտեղից խոստացան կապ հաստատել գյուղացիների հետ եւ հնարավոր լուծման տարբերակները քննարկել:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՎՐԱՍՏԱՆԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ
Վրաստանի Հանրապետության քաղաքացի Դուրմիշխան Ռաժիկոյի Շամուգիային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Վրաստանի իրավասու մարմինների կողմից իր նկատմամբ հնարավոր քրեական հետապնդումից խուսափելու նպատակով, 2017թ. հունիս ամսին առանց պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը: Մեր տեղեկություններով` Դ. Շամուգիան Վրաստանում մարդ է սպանել ու անօրինական կերպով հատել հայ-վրացական սահմանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը): Դ. Շամուգիան գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրա դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել է ապրիլի 25-ին, հաջոդ նիստը նշանակված է մայիսի 15-ին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

ԴԻՄԵԼ ԵՆ
Լրագրողական մի շարք կազմակերպություններ երեկ հայտարարությամբ դիմել են իրենց նախկին գործընկերոջը` այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հույս հայտնելով, որ նա բարեփոխումներ կիրականացնի լրագրողների գործունեությունն այս կամ այնկերպ սահմանափակող մի շարք օրենքներում: «Այդպիսիք են, օրինակ, ս. թ. մարտի 23-ին ընդունված՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնցից առաջինով նախատեսվում է գործադիր բարձրագույն մարմնի նիստերն անցկացնել դռնփակ, երկրորդով ստեղծվում են մայրաքաղաքի ավագանու նիստերը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքները կաշկանդող պայմաններ։ 2015թ. դեկտեմբերին «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով էլ պետական գաղտնիքների շարքին դասվեցին երկրի առաջին երեք դեմքերի՝ վարչապետի, նախագահի եւ ԱԺ խոսնակի գործունեությանը վերաբերող գնումները, ինչը կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի։ Մենք տասնամյակներ շարունակ բարձրաձայնում ենք հեռարձակման ոլորտին վերաբերող խնդիրները եւ պնդում, որ արմատապես պետք է վերանայվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ բարեփոխվեն հարաբերություններն այս դաշտում։ Սակայն մեր փորձագիտական կարծիքն ու օրենսդրական առաջարկները, որպես կանոն, անտեսվել են, քանզի իշխանությունները ձգտել են պահպանել ստատուս-քվոն՝ իրենց կողմից վերահսկվող ոլորտում։ Հայկական հեռուստաեթերի բոլոր արատները ցայտուն կերպով երեւացին նաեւ թավշյա հեղափոխության՝ հատկապես առաջին շաբաթվա իրադարձությունները լուսաբանելիս»,- ասված է հայտարարության մեջ։




Լրահոս