«ՄԵԶ ՍՏՐԿԱՑՐԵԼ ԷԻՆ ՄԻՆՉԵՎ «ՎԱՐԴԱՊԵՏԻ ԽԱԶԸ»»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակի, կադրային նշանակումների, դրան հաջորդած բուռն քննարկումների շուրջ զրուցել է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանի հետ: Նա նշել է, որ ինքն արդեն ապրում է նոր Հայաստանում եւ դա զգում է` ամեն քաղաքացու դեմքին նայելով: Ռեժիսորին դուր է գալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բաց եւ թափանցիկ քաղաքականությունը, սակայն նա, միեւնույն ժամանակ, կարծիք է հայտնում, որ դա երկար շարունակվել չի կարող:

-Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք վերաբերվում կադրային վերջին նշանակումներին: Շատ քննարկվեց հատկապես Վալերի Օսիպյանին ոստիկանության պետ նշանակելու փաստը:
-Նորմալ եմ վերաբերվում վերջին նշանակումներին: Օսիպյանի նշանակումը վիճահարույց է, բայց ես որեւէ տարօրինակ բան չեմ տեսնում դրանում, իսկ ինչո՞ւ ոչ նրան. ինչ-որ սիմվոլիկ բան կա դրա մեջ: Չեմ ուզում գուշակություններով զբաղվել, բայց այսօր արդեն զգում եմ, որ ուրիշ, նոր Հայաստանում եմ ապրում, որտեղ մարդիկ անընդհատ ժպտում են իրար: Մի ամսում քաղաքս փոխվեց: Մարդիկ արդեն հույս ունեն, նրանց հենց դա է պետք: Իսկ հույսը բերում է փոփոխությունների: Առանց հույսի չկա նաեւ արվեստ: 90-ականների մութ ու ցուրտ տարիներին մենք հավատ եւ հույս ունեինք, դրա համար էլ դիմանում էինք եւ գոյատեւում: Հետո արդեն ավելի կուշտ էինք ու մաքուր, բայց երջանիկ չէինք, որովհետեւ վաղվա օրը չէինք տեսնում:
-Նիկոլ Փաշինյանի բաց եւ թափանցիկ քաղաքականությանն ինչպե՞ս եք վերաբերվում: Ինչպես տեսնում ենք` նա իր ամեն քայլի մասին տեղեկացնում է հանրությանը՝ ակտիվորեն կիրառելով սոցցանցերի հնարավորությունները:
-Շատ լավ եմ վերաբերվում դրան: Եթե մենք Ձեզ հետ խոսում ենք այդ մասին, նշանակում է՝ գործ ունենք աննախադեպ երեւույթի հետ: Ես չգիտեմ՝ որեւէ երկրում նման բան եղել է, թե ոչ: Բնականաբար, սա չի կարող տարիներով շարունակվել, եւ պետք էլ չէ: Ծիծաղելի կլինի, եթե, օրինակ, մի քանի տարի հետո Փաշինյանն էլի ուղիղ եթերում պատմի իր անելիքների մասին, չգիտեմ, չեմ պատկերացնում: Բայց այս պահին հաշվետվություն տալը շատ կարեւոր է. այդ կերպ յուրաքանչյուր հայաստանցի իրեն զգում է մասնակից ներքին քաղաքական կյանքին:
-Ըստ Ձեզ՝ մեր ժողովրդի հումորը ի՞նչ դեր ունեցավ հեղափոխության իրականացման հարցում եւ ինչպե՞ս կարող է օգնել հետհեղափոխական շրջանում:
-Հումորը մարդկային ամենաուժեղ բնութագրիչներից է, եւ դրա դերը հսկայական է: Եթե մարդ հումոր չունի, 99 տոկոս հավանականությամբ ինտելեկտ էլ չունի: Հումորը հեղափոխության կայացման մեջ եւս մեծագույն դեր խաղաց: Այն ցույց տվեց, թե որքան առողջ ենք մենք, եւ թե ինչպես էին վերջին 20 տարվա ընթացքում մեզ ստրկացրել մինչեւ «վարդապետի խազը»:
-Արմեն Ամիրյանի հրաժարականից հետո ո՞ւմ եք տեսնում մշակույթի նախարարի պաշտոնում: Ի՞նչ հատկություններով պետք է օժտված լինի հաջորդ նախարարը եւ ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնի:
-Ինձ համար բացարձակ միեւնույն է, միայն թե այնպիսի մեկը լինի, որի հետ հնարավոր կլինի աշխատել, որը եթե չի օգնելու, գոնե չխանգարի: Իհարկե, մշակույթի նախարարի ով լինելուց չի կախված, ասենք, մենք լավ կինո կնկարենք, թե վատ, բայց այդ նախարարը իր վարած քաղաքականությամբ կարող է նպաստել, որ իմ կինոների հանդիսատեսն ընդլայնվի: Նախարարը պետք է աշխատի լուրջ արվեստի աուդիտորիան ընդլայնելու ուղղությամբ: Բայց այսօր 10-ից 8-ը չեն հասկանում մշակութային ռազմավարությունից: Այդ պատճառով էլ մենք ունենք ֆունկցիոնալ անգրագիտություն եւ տգիտություն: Հեղափոխոթյունն, իհարկե, լավ բան է, բայց հրատապ խնդիրները սպասում են իրենց լուծմանը:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ «ՌԱՍԿՐՈՒՏԿԻ» ԹԵՄԱ Է»

«Ես միայն կողմ եմ, որ իմ ժողովուրդը գոհ եւ ժպիտը դեմքին ապրի, եթե Նիկոլ Փաշինյանը մեզ դեպի դա է տանում, ես միայն ուրախ եմ: Վերջին երեսուն տարվա ընթացքում չէի տեսել, որ ազգս այսքան ժպտար»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Լիանան:

Նրա խոսքով՝ ինքը անմիջական եւ անկեղծ մարդ է, ուստի Նիկոլ Փաշինյանի պահվածքը իր սրտով է. «Ես տեսնում եմ, թե ժողովուրդը ոնց է սիրում իրեն, իսկ այդ սերը, հավատացեք, վաստակում են: Հատկապես հայ ժողովուրդը մի քիչ դժվար է ինչ-որ մեկին անվերապահ սիրում»,-ասաց Լիանան:
Նրա խոսքով՝ Փաշինյանը հոգով-սրտով ուզում է ժողովրդի համար լավ բան անել. «Զգացվում է, որ նա իր մասին չի մտածում, այլ ուզում է, որ մարդիկ լավ ապրեն: Ես այնքան մեծ ցավ ապրեցի, երբ տեսա, թե ժողովուրդն ինչ ծայրահեղ վիճակում է, որ մի մարդու պես ելել է փողոց, այն էլ՝ այս համբերատար ժողովուրդը: Հասկացա նաեւ, որ իմ ազգը շատ միասնական է, եւ այն տարածված կարծիքը, թե մենք անմիաբան ենք, միֆ է»,-անկեղծացավ Լիանան:
Ժողովրդական շարժմանը երգչուհին չի մասնակցել, որովհետեւ այդ ընթացքում երիկամի վիրահատություն է ունեցել, բայց նրա ընտանիքի անդամները եղել են ժողովրդի կողքին. «Բայց հոգով, սրտով ես եղել եմ իմ ազգի կողքին»,-շեշտեց երգչուհին:
Հեղափոխության տարբեր փուլերի ընթացքում մի շարք երգեր գրվեցին այդ թեմայով: Լիանան ընդգծեց՝ պարտադիր չէ, որ բոլորը իրենց պարտքը համարեն դա անել. «Հեղափոխությունն արդեն «ռասկրուտկի» թեմա է: Երգողներից շատերն իրենք իրենց են գովազդում Նիկոլ Փաշինյանի միջոցով: Ես նման բաներ չեմ սիրում: Եթե մեծամասնությունը անում է մի բան, ես դա չեմ անում: Ստանդարտներից դուրս քայլերի կողմնակից եմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ Է
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ` Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը տեւական ընդմիջումից հետո հավաքական է հրավիրել հարձակվող Յուրա Մովսիսյանին: 31-ամյա հարձակվողը 2010-2015-ը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 35 հանդիպում եւ դարձել 10 գոլի հեղինակ: Վերջին շրջանում Մովսիսյանը հավաքական չէր հրավիրվում ՀՖՖ նախագահի որոշմամբ:
Բացի այդ` Մալթայի (մայիսի 29) եւ Մոլդովայի (հունիսի 4) դեմ Ավստրիայում կայանալիք ընկերական խաղերի համար մարզիչն ազգային թիմ է հրավիրել արտերկրում հանդես եկող 19 ֆուտբոլիստների: Հավաքականում կան նոր անուններ` շվեդական «Գյոտեբորգ»-ի պաշտպան Անդրե Կալիսիրը, ռուսական «Տոսնո»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն, «Ռոստով»-ի եզրային պաշտպան Խորեն Բայրամյանը, դանիական «Հոբրո»-ի կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու բելգիական «Լյերսի» հարձակվող Իվան Յագանը:
Հիշեցնենք, որ Հայաստան-Մալթա հանդիպումը կկայանա մայիսի 29-ին` Երեւանի ժամանակով 21:00-ին:

 

 

ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ
«Բարսելոնա»-ի պաշտպան Սամուել Ումտիտին այս ամռանը հնարավոր է` լքի կատալոնական ակումբը: Ֆուտբոլիստն ու ակումբը չեն կարողանում պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ: Ֆրանսիացին ցանկանում է ստանալ տարեկան 14 մլն եվրո, սակայն «Բարսելոնա»-ի ղեկավարները պատրաստ չեն նման աշխատավարձի. պայմանագրում կա սահմանված հրաժարագին, որը կազմում է 60 մլն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու ՊՍԺ-ն պատրաստ են վճարել հրաժարագինը եւ իրենց թիմ հրավիրել ֆրանսիացուն:

 

 

ՄԻՆՉԵՎ 40 ՄԼՆ ԵՎՐՈ
Իսպանական լրատվամիջոցները վստահեցնում են, որ Նեյմարը շատ մոտ է ՊՍԺ-ից «Ռեալ» տեղափոխվելուն: Բրազիլացու հայրը մասնակցում է տրանսֆերի բանակացություններին: Մի քանի օր առաջ նա արդեն իսկ հանդիպել է փարիզցիների ներկայացուցիչներին: Նեյմարը եւս ցանկություն է հայտնել խոսել ՊՍԺ-ի ղեկավարների հետ, քանի որ հասկացել է, որ Ֆրանսիա տեղափոխվելը կարիերայի զարգացման առումով սխալ որոշում էր:
Որպեսզի տրանսֆերը կայանա, մադրիդյան ակումբը պետք է վճարի 260-ից 300 մլն եվրո: Հնարավոր են նաեւ հավելյալ պարգեւավճարներ, ընդհանուր 40 մլն եվրո:




Լրահոս