Լուսանկարն արվել է Վճռաբեկ դատարանի դիմաց
Երեկ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին վաղ առավոտից պառկել էր ՀՀ Վճռաբեկ դատարանի շենքի մուտքի մոտ: Նա տեղեկացրել է, որ պառկած է մնալու մինչեւ աշխատանքային օրվա ավարտը: Գասպարին պահանջում է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը: Նկատենք, որ Գասպարին վերսկսել է բողոքի ակցիաների իր յուրօրինակ տարբերակը. տեսնենք` հաջորդ ակցիան որտեղ է լինելու:
ՀԱՐՑ. Աշխատանքային ստաժիս հաշվարկին համաձայն չեմ: 2,5 տարվա ստաժ չեն հաշվարկել: Ավարտել եմ ԵՊՀ-ն, որից հետո ասպիրանտուրան, որը միասին վերցրած հավասար է 8,5 տարվա: Հիմա իմ աշխատանքային ստաժում հաշվարկել են 6 տարին, իսկ մնացած 2,5-ը ինչու չեն հաշվել, չեմ հասկանում: Խնդրում եմ պարզաբանել:
Արսեն Թորոսյան
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում է նաեւ ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի:
Ելնելով վերոգրյալից` Ա. Թորոսյանի ուսման ժամանակահատվածը աշխատանքային ստաժում հաշվառվել է օրենքով սահմանված կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որքան էլ տարօրինակ է, սակայն քաղաքացին մի բան է ասում, նախարարության պատասխանը` բոլորովին այլ: Մնում է` խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ տալ դիմել իրենց սոցիալական տարածքային բաժին` հասկանալու համար, թե իրականում ինչպես պետք է հաշվարկվի իր աշխատանքային ստաժը:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` գյուղատնտեսական ապրանքների վաճառքի դեպքում կարո՞ղ է, արդյոք, ՀԴՄ չկիրառվել:
Նունե Հարությունյան (41 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հարությունյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ անհրաժեշտ է ղեկավարվել «ՀԴՄ կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի զ ենթակետի, ըստ որի` կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներ կատարելիս կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր չէ առեւտրի իրականացման վայրերում (առեւտրի կենտրոններում, սպառողական ապրանքների շուկաներում, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում, տոնավաճառներում եւ ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերում) գտնվող բաց վաճառասեղաններից գյուղատնտեսական արտադրանքի եւ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գործածության մեջ եղած անձնական օգտագործման իրերի վաճառքի մասով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են իրականացնել հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցումը հարկային մարմիններում, ինչպես նաեւ կիրառել այնպիսի հսկիչ-դրամարկղային մեքենաներ, որոնք բավարարում են սույն օրենքով եւ իրավական այլ ակտերով հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող կիրառման կանոններին: Հսկիչ-դրամարկղային մեքենան տեղադրվում է առեւտրի օբյեկտի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: