Ինչ են քննարկել ՃՈ պետն ու մոտոցիկլավարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ընդունեց մոտոցիկլետներ վարողների: Հանդիպման նպատակը Հայաստանում մոտոցիկլավարների խնդիրներն ու նրանց հետ կապված ճանապարհային ոստիկանության մտահոգությունները քննարկելն էր:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ճանապարհային ոստիկանության պետի տեղակալներն ու իրավաբանական բաժնի պետը:

Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը ներկայացրեց մտահոգություններ առանց հաշվառման համարանիշի, գիշերային ժամերին աղմուկով երթևեկող և ճանապարհատրանսպորտային կանոնները միտումնավոր խախտող մոտոցիկլետների վարորդների կապակցությամբ:

Եվ մոտոցիկլասերները, և ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները համակարծիք էին, որ առանց հաշվառման համարանիշի ու գերհզոր ձայնով մոտոցիկլ վարելն անթույլատրելի է:

Կարևորվեց համարանիշը տեսանելի վայրում փակցնելը, միայն սաղավարտներով մոտոցիկլետ վարելը և երթևեկության կանոնները պահպանելը:
Ճանապարհային ոստիկանության պետը պատրաստակամություն հայտնեց անձամբ նստել մոտոցիկլետի ղեկին, մոտոցիկլավարների հետ շրջել քաղաքում և առավել լավ ծանոթանալ նրանց խնդիրներին:

Հանդիպմանը քննարկվեցին մոտոցիկլետների հաշվառման, շահագործման և այլ խնդիրների հետ կապված հարցեր:
Կողմերը համոզմունք հայտնեցին, որ հանդիպումները կլինեն շարունակական՝ մոտոցիկլետների սիրահարների բոլոր խնդիրներին լուծում տալու համար:




Լրահոս