ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կլինի աշխատավարձերի բարձրացում. ԿԳ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշանակման առաջին օրվանից նշել էր, որ կրթական հաստատությունների բոլոր այն տնօրենները, որոնց աշխատանքի մեջ չարաշահումներ կամ կոռուպցիոն դրսեւորումներ կհայտնաբերվեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Արայիկ Հարությունյանը շեշտել էր, որ նրանց հարցով պետք է իրավապահները զբաղվեն: Եվ այժմ, ինչպես հայտնի է, Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի հարցով նախարարը դիմել է ԱԱԾ: Արդյոք այլ բացահայտումներ են սպասվում, էլ ի՞նչ միջոցներով է պատրաստվում նախարարը կրթական ոլորտում կանխել կոռուպցիան, ի՞նչ ընթացքում են գտնվում ստուգումները, այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան, արդյոք Պետական վերահսկողական ծառայությունը զբաղվո՞ւմ է բուհերում ստուգումների, հնարավոր չարաշահումների հարցով։

-Մենք նման քննարկում չենք ունեցել։ Պարոն Սանասարյանի նշանակումը նոր է եղել, մենք առայժմ ստուգումները եւ վերահսկողությունն իրականացնում ենք մեր ստորաբաժանումների միջոցով։ Նման կարիք չի առաջացել։ Մենք պայմանավորվել ենք առաջիկայում հանդիպել, որպեսզի նախ կրկնակի աշխատանք չկատարենք այդ առումով, եւ երկրորդը` համագործակցենք, որովհետեւ դա շատ կարեւոր կառույց է՝ բացահայտումների առումով։

-Կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում նախատեսո՞ւմ եք տնօրենների, ուսուցիչների աշխատավարձը բարձրացնել, որպեսզի նաեւ այդ ձեւով կանխվի կոռուպցիան, դրամահավաքությունը դպրոցներում։

-Կոռուպցիայի դեմ պայքարի տրամաբանությունից էլ դուրս պետք է այս ուղղությամբ աշխատանք տարվի։ Եվ հիմա մենք քննարկում ենք ծրագրեր, որոնց արդյունքում համապատասխան վերապատրաստումներից հետո կլինի աշխատավարձերի բարձրացում, բայց դա պետք է ուղիղ կապ ունենա ուսուցիչների եւ մասնագետների որակի եւ հմտությունների հետ։ Կառավարության հետ կքննարկենք նաեւ այս ծրագրից դուրս հնարավոր սոցիալական խնդիրների լուծումը, բայց որոշակի բան այս պահին չեմ կարող ասել։ Դա կապված կլինի հաջորդ տարվա բյուջեի հետ։

-Պարոն Հարությունյան, մի դպրոցի դեպքով Դուք արդեն դիմել եք ԱԱԾ։ Այդ շարքն առաջիկայում շարունակվելո՞ւ է։

-Մյուսների մասով հիմա համապատասխան մարմինների կողմից մշակվում է ինֆորմացիան եւ անհրաժեշտության դեպքում կարծում եմ՝ մի քանիսի դեպքում կդիմենք։ Հիմա կոնկրետ նամակներ ունեմ, որտեղ փաստեր կան կոռուպցիոն մեխանիզմների մասին։ Մենք չենք ուզում ԱԱԾ-ով դպրոցներում և բուհերում ահ ու սարսափ տարածել, բայց բոլորը պետք է իմանան, որ օրենքն այլևս գործում է: Եվ վերջին շաբաթներին կոռուպցիան և դրամահավաքը դպրոցներում զգալիորեն նվազել է: Սա մեր գործունեության, բացատրական աշխատանքների, օրենքին հղում անելու արդյունք է: Մենք նաև մոնիթորինգ ենք անցկացնելու «Արարատյան բակալավրիատ»-ում, քանի որ որոշ խնդրահարույց կետեր, ըստ աուդիտորական խմբի, կան։ Ես կուսումնասիրեմ այս շաբաթվա ընթացքում և կհրապարակեմ։

Իմ հայտարարությունները` Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի հետ կապված, եղել են առայժմ քաղաքական, ինչի արդյունքը լինելու էր կրթական ոլորտի տոտալ էլիտարիզացումը։ Այսինքն` ստեղծելու էին գերազանցության կենտրոններ, որտեղ որոշակի խմբի մարդկանց հսկողության տակ գտնվելու են բավականին լավ գիտելիք ունեցող երեխաներ։ Մենք սրանով նվազեցնելու էինք մյուս դպրոցների դերն ու կշիռը: Խնդրել եմ ԿԳՆ աուդիտի բաժնին ուսումնասիրություններ կատարել նաեւ «Այբ» դպրոցում` այնտեղ եղած իրավիճակի հետ կապված:

-Կարծիք կա, որ եթե որոշվի շատերին տանել, իրավապահներին հանձնել, դա արդեն խնդիր կդառնա։

-Մեզ համար ինքնանպատակ չէ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը բերել դպրոցներ։ Մեզ համար ինքնանպատակ չէ կոռուպցիան վերացնելը։ Եթե համապատասխան փաստեր կլինեն, իհարկե, դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։ Բայց պետք է բոլորն իմանան, որ այսուհետ օրենքը խստիվ պահվելու է։

-ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասում է, որ ինքը քաղաքական հալածյալ է։ Դուք՝ որպես ոլորտի ղեկավար, տեսնո՞ւմ եք ճնշում եւ հալածանք ռեկտորի հանդեպ։

-Ես ուրախ եմ, որ ՀՀ-ում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ռեկտորն ազատ է նման հայտարարություններ անելու։

Զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս