Նոր զարգացումներ Մարտի 1-ի գործով. ինչ հարցումներ է ուղարկել Հատուկ քննչական ծառայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ Մարտի 1-ի գործով հարցումներ են ուղարկվել Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ արտերկրներում գտնվող փորձագիտական հիմնարկներին:

Եվ այսպես, ինչպես հայտնի է, այս տարի ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-2-ի իրադարձություններին»:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ներկայումս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հարցով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով այդ զեկույցը կցել գործին, եւ նա նշել էր, որ այդ փաստական նյութը չի ուսումնասիրվել, եւ սա մեծ բացթողում է. «Որովհետեւ այս փաստական նյութի ուսումնասիրության արդյունքում շատ լուրջ պատճառահետեւանքային կապեր կարող են բացահայտվել»: Մի քանի մեջբերում փաստահավաք խմբի անդամների զեկույցից. «Մեր տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ եւ այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիններն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաեւ մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին»:

Արդյունքում, ՀՀ գլխավոր դատախազությունը «Բանակի ներգրավումն ու մասնակցությունը հետընտրական գործընթացներին եւ Մարտի 1-2-ի իրադարձություններին» վերտառությամբ զեկույցն ուղարկել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն դրանում արծարծված հանգամանքները 2008թ. մարտի մեկի դեպքերի եւ սպանությունների հետ կապված քննվող քրեական գործերով քննության առարկային վերաբերելիության եւ ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ կատարելու հարցը քննարկելու համար:

10 տարի անց Մարտի 1-ի գործով իրավիճակ է փոխվում, եւ չի բացառվում, որ ՀՔԾ-ում համապատասխան քննարկման արդյունքում որոշում կայացվի, ըստ անհրաժեշտության համապատասխան քննչական եւ այլ դատավարական գործողություններ իրականացվեն, որոնք նոր բացահայտումների հիմք կդառնան:
Արդեն այս տարվա մայիսի 23-ին Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Մարտի 1-ի գործին, ասել էր, որ Մարտի 1-ի քրեական գործով նախաքննությունը ընթացքի մեջ է, եւ այդ գործի շրջանակներում ակտիվորեն փորձ է արվում օգտագործել տեխնիկական նոր հնարավորություններ. «Վստահեցնում եմ, որ այդ գործի մեջ կա բավականին կարեւոր ապացուցման առարկայի մի հատված, որը մեծապես պայմանավորված է նոր տեխնիկական ձեռքբերումներով: Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ կատարվում են»:

Իսկ ի՞նչ ապացույցի եւ առարկայի մասին էր խոսում ՀՀ գլխավոր դատախազը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` երբ դատախազը խոսել է տեխնիկական նոր հնարավորությունների մասին, նկատի է ունեցել այն հանգամանքը, որ ներկայումս համակարգը նոր տեխնիկաների գործադրման արդյունքում փորձում է պարզել, թե կոնկրետ ինչ զենքից են կրակել ցուցարարների վրա, եւ ով է այն կրակել, եւ ահա այս ամենը պարզելու համար նշանակվել են նոր փորձաքննություններ:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Հատուկ քննչական ծառայություն հասկանալու համար, թե արդյոք փորձաքննություններն են նոր նշանակվել, եւ, առհասարակ, որ փուլում է գտնվում գործը: Ի պատասխան` ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնեցին. «Հաշվի առնելով, որ մարտի 1-ի գործով նախկին փորձաքննությունները կատարվել են շուրջ 10 տարի առաջ, եւ այդ ժամանակահատվածում զարգացել են գիտատեխնիկական միջոցներն ու մեթոդները, ի հայտ են եկել փորձաքննությունների անցկացման նոր եղանակներ, ուստի մի շարք փորձաքննությունների ընթացքում օգտագործվող նոր սարքավորումների կիրառմամբ հետազոտությունների անցկացման հարցը պարզելու նպատակով հարցումներ են ուղարկվել փորձագիտական հիմնարկներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում»:

Քնար Մանուկյան




Լրահոս