ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Բաբայանի ազատման մասով մի քանի տարբերակներ են քննարկվում. ինչպիսի որոշում կկայացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով վարույթը քննելու է հունիսի 15-ին` ժամը 11:00-ին:

Բողոքը քննելու եւ վճիռը կայացնելու օրը պալատը կքննարկի նաեւ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր Հովիկ Աղազարյանի ու Սասուն Միքայելյանի երաշխավորության հարցը: Նրանք երաշխավորություն էին ներկայացրել Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատական համակարգում Սամվել Բաբայանի ազատման մասով քննարկվում են մի քանի տարբերակներ, թե դատավորները ինչ որոշում կկայացնեն: Ըստ դատավորների շրջանում տարածված տեղեկությունների` ամենայն հավանականությամբ Վճռաբեկ դատարանը կորոշի Սամվել Բաբայանի գործը ուղարկել նոր քննության` մատնանշելով այնտեղ առկա մի շարք դատավարական սխալներ:

Քիչ հավանական է արդարացման տարբերակը, քանի որ դատական համակարգոմ քիչ է եղել պրակտիկան, որ Վճռաբեկ դատարանը միանգամից արդարացման որոշում է կայացնում: Նկատենք, որ դատական համակարգում նաեւ չեն բացառում այն վարկածը, որ թավշյա հեղափոխությունից հետո նաեւ իրավիճակ է փոխվել, եւ հնարավոր է` հենց Վճռաբեկ դատարանի դահլիճից Սամվել Բաբայանին ազատ արձակեն: Ինչ կլինի հունիսի 15-ին` դժվար է կանխատեսել:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, թե թավշյա հեղափոխությունից հետո դատական համակարգը ազատվե՞լ է քաղաքական հրահանգներից եւ կարո՞ղ է օրենքով որոշում կայացնել, ինչի արդյունքում հունիսի 15-ին Սամվել Բաբայանը ազատ կարձակվի դատարանի դահլիճից, ի պատասխան` Սերժիկ Ավետիսյանը հայտնեց .«Անլուրջ կլինի` դատավորը մեկնաբանի իր վարույթում քննվող գործով, երբ ինչ որոշում կլինի, ամսի 15-ին կգաք, կունկնդրեք, կտեսնենք, թե ինչ որոշում կլինի»:

Մեր այն հարցին` դատական համակարգը անկաշկանդ է որոշում կայացնելու, Սերժիկ Ավետիսյանը հայտնեց.«Ինչ կաշկանդվածություն պետք է լինի: Եկեք գնահատականներ չտանք, մենք իրավաբաններ ենք, կան գործեր, կա իրավունք, կա օրենք, կա սահմանադրություն, հարգում ենք բոլորին, մենք դեռ որոշում չենք կայացրել, ամսի 15-ին նոր որոշում կկայացնենք»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Էդգար Բաղդասարյան




Լրահոս