«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի գործողությունների հետ կապված: Բանն այն է, որ տնօրենը հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326 մլն ՀՀ դրամի փոխառության պայմանագիր, ինչն օրենքի խախտում է, եւ հիմա հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ թավշյա հեղափոխությունից հետո Ավագյանը, մտավախություն ունենալով, որ նոր իշխանությունները ստուգումներ կսկսեն, ինքն է պատվիրել հիմնադրամում ներքին աուդիտ, եւ բացահայտվել են այդ փաստերը: Տեր-Հովակիմյանն էլ Ավագյանի հետ հեռախոսազրույցում ասել է, թե այդ քայլին է դիմել լուրջ խնդիրների առաջ կանգնելու պատճառով. կինն առողջական խնդիրներ ունի, իսկ գումարի մի մասն էլ ծախսել է դստերը արտերկրում ուսման տալու համար: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել Է Տեր-Հովակիմյանին, որն էլ ասել է. «Այս ժամանակահատվածում հարգեք իմ լռելու իրավունքը»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: