Հունիսի 7-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Ողջունելով նախարար Մնացականյանին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը նշեց․ «Ուրախ եմ այս հնարավորության համար՝ այժմ արդեն անձամբ շնորհավորելու Ձեզ ԱԳ նախարարի բարձր պաշտոնում նշանակման կապակցությամբ, և հուսով եմ, որ այսօր մենք կկարողանանք, ի շարունակություն բարձր մակարդակով վերջերս տեղի ունեցած հանդիպման, քննարկել մեր դաշնակցության և ռազմավարական գործընկերության զարգացմանը վերաբերող հարցեր ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ տարբեր միջազգային կառույցներում մեր ներգրավվածության շրջանակներում»։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ սա իր առաջին օտարերկրյա այցելությունն է ԱԳ նախարարի պաշտոնում, և բնական է, որ այն տեղի է ունենում Մոսկվա։ «Ինձ համար շատ հաճելի է լինել այստեղ, այս քաղաքում՝ հաշվի առնելով այն ջերմ զգացողությունը, որ ես անձամբ տածում եմ Ռուսաստանի, Մոսկվայի հանդեպ։ Լինելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտ՝ պետք է ասեմ, որ դրանք իմ կյանքի ամենահրաշալի տարիներից էին։ Ես երախտապարտ եմ այն մեծ, մասնագիտական ուսուցման համար, որը ստացել եմ այդ կառույցում։
Մանրամասները` տեսանյութում: