Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու իր թիմակիցների հետ որոշել է «անվստահություն» անունով տրագիկոմեդիա բեմադրել: Գյումրիի ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամներից տասը հոգի հանդես են եկել քաղաքապետ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկությամբ: Ընդ որում, նման նախաձեռնությամբ հանդես են եկել ավագանիում Սամվել Բալասանյանի ամենամերձավոր անդամները, որոնք քաղաքապետի հետ կապված են նաեւ բիզնես գործունեությամբ:
Բայց նրանք ոչ թե քաղաքապետի դեմ են դուրս եկել` փորձելով պաշտոնանկ անել նրան, այլ ընդհակառակը՝ ցանկություն ունեն ամրապնդելու Բալասանյանի դիրքերը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` բալասանյանականների հաշվարկը հետեւյալն է. կսկսեն քաղաքապետին անվստահություն հայտնելու եւ նոր թեկնածու առաջադրելու գործընթաց, որը, սակայն, հենց իրենք էլ կձախողեն: Իսկ ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` համայնքի ավագանին քաղաքապետին պաշտոնանկ անելու առաջարկը քննարկում է ոչ ավելի, քան տարին մեկ անգամ: Այսինքն՝ պաշտոնանկության գործընթաց սկսելով ու այն ձախողելով` ավագանու «Բալասանյան» խմբակցության անդամները զրկում են ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամներին, նաեւ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը առաջիկա մեկ տարվա ընթացքում Սամվել Բալասանյանի դեմ պաշտոնանկության գործընթաց սկսելու հնարավորությունից: Պատահական չէ, որ նրանք այս նախաձեռնությունը սկսեցին այն բանից հետո, երբ ընդդիմադիր խմբակցության անդամները հայտարարեցին Բալասանյանին պաշտոնանկ անելու մտադրության մասին: Համաձայնեք` իսկական տրագիկոմեդիան այլ կերպ չի լինում: Միայն թե այս ներկայացման հեղինակները հաշվի չեն առել մեկ այլ հանգամանք. քաղաքապետին կարելի է պաշտոնանկ անել նաեւ նրա դեմ քրեական գործ բացելուց հետո. իսկ չարաշահումներ ու կոռուպցիոն դրսեւորումներ հայտնաբերելը դժվար չէ:
Արդեն մի քանի օր է՝ Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցեր են ընթանում ՀՀԿ-ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով: Ցուցարարները երեկ փակել էին ոչ միայն քաղաքապետարանին հարող փողոցները, այլեւ հենց քաղաքապետարանի բակի դարպասները, որպեսզի Մարգարյանը մեքենայով չկարողանար հեռանալ` ստիպված լինելով իրենց հետ հանդիպել: Բայց Տարոն Մարգարյանն այդպես էլ «դուրս չեկավ» քաղաքապետարանից: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` Տարոն Մարգարյանի ինքնավստահության պատճառը վերջերս Սերժ Սարգսյանից ստացած «քարտ բլանշն է». Սարգսյանը նրան, նաեւ մի շարք ընտրովի այլ պաշտոնյաների ասել է, որ հրաժարական չտան` շարունակելով պաշտոնավարումը: Մինչ այդ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մարգարյանը ներքին հրահանգ է իջեցրել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկությունների՝ դպրոցների, պոլիկլինիկաների, մանկապարտեզների ղեկավարներին, որպեսզի աշխատակիցներն ի պաշտպանություն իրեն հանրահավաքներ անցկացնեն: Միայն թե որքան ավելի շատ են կոռումպացված ՀՀԿ-ականները նման քայլերի դիմում, այնքան ավելի ողորմելի տպավորություն են թողնում. ի վերջո, Մարգարյանի ղեկավարած կառույցում կոռուպցիոն դրսեւորումների մասին պատմություններով որեւէ մեկին չես զարմացնի:
Այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր: Ժամանակին կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացմամբ: Հիմա կառավարության փոփոխությունից հետո հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. այդ նախարարությունը գլխավորում է Մանե Թանդիլյանը, որը ժամանակին «Դ!ԵՄ ԵՄ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր ու ակտիվորեն պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար: Ըստ այդմ, հետաքրքիր է՝ նա իրականություն դարձնելո՞ւ է այն, ինչի համար պայքարում էր, թե՞ անփոփոխ է թողնելու պարտադիր, բայց արդեն պարտադրված բաղադրիչը: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ. ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության: Մասնավորապես ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւ նախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սակայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստիկաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել` փոխարենը տեղեկանք ներկայացնելով, որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել: Հիմա, փաստորեն, այդ վիճակը գնալով ավելի է խորացել` արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»:
ԱՆԳԵՏԻԿԸ
Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը փորձել է հերքել իր հասցեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գնահատականը, թե ԼՂ խնդրում «Վիգեն Սարգսյանը բացարձակ անգետ է»: Նախկին նախարարը երեկ հանդես է եկել պատասխան հրապարակմամբ` ցույց տալու, թե սերտել է ԼՂ հակամարտության մասին դասերը: Բայց Վիգեն Սարգսյանն այնքան է խոցվել Տեր-Պետրոսյանի գնահատականից, ըստ այդմ, այնքան է ջանացել ինքնապաշտպանության դիմել, որ արդյունքում անհարմար դրության մեջ է դրել ե՛ւ իրեն, ե՛ւ իր ղեկավարին՝ Սերժ Սարգսյանին, ե՛ւ իրենց քաղաքական թիմին՝ ՀՀԿ-ին, հիշեցնենք, որի ԳՄ անդամ է նախկին նախարարը: «Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները ղարաբաղյան կարգավորման հարցում հայտնի են երկար ժամանակ: Դրանք դարձան իր հրաժարականի եւ իր գլխավորած ՀԱԿ-ի՝ 2017թ. ԱԺ ընտրություններում բացարձակ տապալման ակնհայտ պատճառ: Անկեղծ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը չի կիսում իր այդ հանրահայտ մոտեցումներն Արցախյան հիմնախնդրի շուրջ»:
Մենք, իհարկե, չենք փորձի հիշեցնել, թե ով էր Վիգեն Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին, թե ինչպես նա ԱԺ նախագահի օգնականից դարձավ ՀՀ պաշտպանության նախարար` բոլոր ժամանակների իշխանությունների օրոք շարունակելով մնալ պորտֆել բռնողի մակարդակի, անգամ երբ նախարար էր:
Ընդամենը կարձանագրենք մեկ պարզ իրողություն. 1997թ. սկսած՝ ԼՂ խնդրով բանակցային սեղանին դրված փաստաթղթերի տրամաբանությունը, ըստ այդմ՝ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները չեն փոխվել (չեն էլ փոխվելու): Այդ սկզբունքներն ընդունել ու դրանց շուրջ բանակցել է ոչ միայն Տեր-Պետրոսյանը, այլեւ հետագայում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Այս ընթացքում փոխվել են միայն որոշ դետալներ, որոնց շուրջ էլ եղել ու կա անհամաձայնություն, ըստ այդմ՝ ընթանում են բանակցությունները: Ու բացի այդ` հենց Վ. Սարգսյանի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանն էր ապրիլյան պատերազմից հետո շտապել Տեր-Պետրոսյանի մոտ` ընդունելու 1998թ. իր սխալը, ընդունելու, որ հեղաշրջման ժամանակ ԼՂ խնդրի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Նաեւ Ս. Սարգսյանը իր քայլով խնդրեց Տեր-Պետրոսյանի աջակցությունը բանակցային գործընթացում: Հենց Ս. Սարգսյանն էր մի քանի անգամ հայտարարել, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումներով, եւ որ «ցավոտ լուծում է լինելու»: Այսինքն՝ մեծ հաշվով ԼՂ խնդրում Տեր-Պետրոսյանի ու Ս. Սարգսյանի տեսակետները գրեթե չեն տարբերվել, գոնե Սարգսյանի նախագահության վերջին տարիներին: Եւ Վիգեն Սարգսյանն էլ, լինելով նույն քաղաքական թիմի անդամ, կիսել է այդ տեսակետը: Եթե չի կիսել ու չի արտահայտվել այդ մասին, սա լրիվ ուրիշ «օպերա է»: