ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓԱՐԱՏԵՑ ԿԱՍԿԱԾՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Սոչիում տեղի է ունեցել նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպման ժամանակ երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները կզարգանան այնպես, ինչպես եղել են մինչ այժմ: «Ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները նույն կերպ կզարգանան, ինչպես մինչ այժմ են եղել: Մենք կշարունակենք աշխատել միջազգային հարթակներում՝ սկսած ՄԱԿ-ից, որտեղ Հայաստանն ու Ռուսաստանը միշտ իրար աջակցել են, ավարտած տարածաշրջանային հարթությունում»,- նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Փաշինյանն էլ իր հերթին նշել է. «Քննարկման ենթակա չեն Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմավարական ու դաշնակցային հարաբերությունները։ Ես կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում այդ հարցում կա կոնսենսուս, եւ ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել, ու հուսով եմ` չի դնի հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները: Մենք հույս ունենք զարգացնել մեր կապերը ռազմատեխնիկական ուղղությամբ»:
Երկու երկրների ղեկավարների հանդիպման եւ հետագա զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, երեկ Սոչիում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը: Ի՞նչ կարող ենք առանձնացնել երկու երկրների ղեկավարների հանդիպումից:
-Հանդիպումը լավն էր, պոզիտիվ եւ օգտակար: Այն վերջնականապես վերջ դրեց խուճապային տրամադրություններ տարածող խոսակցություններին այն մասին, որ Սերժ Սարգսյանի հեռացումը կփչացնի հայ-ռուսական հարաբերությունները: Այս ամրագրումը շատ կարեւոր էր:
-Այսինքն` առաջին կարեւոր արձանագրումը դա կարո՞ղ ենք համարել:
-Իհարկե, եւ դա առաջին հերթին կախված է հենց Հայաստանից: Ռուսական կողմից հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման հնարավորության մասին ոչ մի ձայն, խոսք, ակնարկ չի եղել: Եվ այս պարագայում ամեն ինչ կախված է միայն Հայաստանի նոր ղեկավարությունից:
-Դուք հակառակի մասին որեւէ ակնարկ լսե՞լ եք ՀՀ նորընտիր վարչապետից:
-Անձամբ իրենից ոչ, սակայն իր թիմից, որի հետ հանդես է գալիս կոալիցիայով, այո: Ընդ որում, դա լսել ենք մինչ Փաշինյանի վարչապետ դառնալը: Ահա վերջին օրերին` մինչ նրա վարչապետ ընտրվելը եւ դրանից հետո, նա արեց բոլոր անհրաժեշտ հայտարարությունները, որպեսզի հերքի կարծիքներն այն մասին, որ Հայաստանը Փաշինյանի օրոք կդադարեցնի Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի ցանկությունը` պահպանել ՌԴ-ի հետ ոչ ռազմական, այլ տնտեսական համագործակցությունը:
-Վերջին օրերին շատ են քննարկվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները: Տարբերություններ տեսնո՞ւմ եք մինչ այս հնչած հայտարարությունների միջեւ:
-Իհարկե, եւ այդ տարբերությունն ակնհայտ է եւ արմատական: Վերջին տարիներին Հայաստանի ղեկավարությունը փաստացի օրակարգից հանել էր Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման հարցը, իսկ Փաշինյանը կրկին անգամ վերադարձրեց այդ հարցն օրակարգ: Դա առաջինն է, իսկ երկրորդն էլ այն է, որ վերջին 21 տարիներին Հայաստանն իր վրա է վերցրել բանակցությունների ողջ պատասխանատվությունը, իսկ Փաշինյանը ելույթ ունեցավ Արցախի` բանակցությունների սեղանին վերադարձի մասին: Դա նույնպես լավ եւ կարեւոր փոփոխություն է:
-Այսինքն` փոփոխություն ի օգո՞ւտ Փաշինյանի եւ Հայաստանի:
-Դա արդեն պետք է հայերը դատեն, այլ ոչ թե ես: Սակայն փոփոխությունը կարեւոր է: Եվ նշեմ, որ նախկինում բանակցությունները եղել են եռակողմ` Հայաստանի, Ադբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ, եւ Թուրքիայի մասնակցության մասին որեւէ խոսք երբեք չի եղել:

Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՍՊԱՍԵԼԻՍ

Նախորդ շաբաթվանից Երեւանի քաղաքապետարանի մոտ քաղաքապետ ՀՀԿ-ական Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով բողոքի ցույցեր են անցկացվում: Երեկ էլ ցուցարարներն օրվա երկրորդ կեսին փակել էին փողոցը, նաեւ քաղաքապետարանի բակի դարպասների մոտ կանգնել, որպեսզի Մարգարյանը մեքենայով չհեռանար, այլ հանդիպեր իրենց հետ, լսեր իր մասին քաղաքացիների կարծիքը: Բայց Տարոն Մարգարյանն արհամարհեց ցուցարարների պահանջը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ակտիվիստ Արամ Մանուկյանը մեկնաբանեց, թե հատկապես որ պատճառների համար պետք է քաղաքապետը հրաժարական տա, ակտիվիստը նշեց. «Ատկատներ, հարկատուների հաշվին թույլ տված շռայլումներ, պայքարի օրերին սեփական բանդաներով մարդկանց ծեծուջարդի կազմակերպում. որ մեկն ասես: Շատ են հիմքերը, որոնք ոչ միայն հրաժարականի առիթ են, այլ մի քանի քրեական հոդվածների մեջ են տեղավորվում»: Դիտարկմանը, թե քաղաքապետը շարունակում է աշխատել եւ ամենեւին հրաժարականի մասին խոսք չկա, Արամ Մանուկյանը նշեց. «Ինքը հրաժարականի դիմում կներկայացնի, այլ տարբերակ չկա: Իսկ թե երբ, դա ցույց կտա ժամանակը»: Ակտիվիստը հույս հայտնեց, որ բողոքի ցույցերը կշարունակվեն, եւ հանրության արդար բողոքն ու ճնշումը տեղ կհասնեն:
Միաժամանակ տեղեկացնենք, որ ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Լենա Նազարյանը դիմել է նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` պարզելու համար, թե ինչ փուլում է մայիսի 10-ին Բաղրամյան փողոցում ցուցարարների վրա հարձակում գործած անձին առնչվող դեպքը: Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող երկու քաղաքացիներ ծեծի էին ենթարկվել քաղաքապետի կողմնակիցների կողմից: Սա, ի դեպ, եւս մեկ լրացուցիչ պատճառ է Տարոն Մարգարյանին հրաժարական պարտադրելու համար: Բացի այդ, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Իմ քայլը» նախաձեռնության բողոքի ցույցերի ժամանակ Մարգարյանը քաղաքապետարանի իր հրոսակախմբին «քսի էր տվել» ցուցարարների վրա: Տարբեր լրատվամիջոցներում, նաեւ «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակվեցին տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք ապացուցում էին, որ հրոսակախումբը բաղկացած էր հենց քաղաքապետարանի աշխատակիցներից: Բայց մինչեւ հիմա նրանցից որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել: Փոխարենը Տարոն Մարգարյանը նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստին անձամբ էր շտապել, նաեւ լրագրողներին հավաստիացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրակարգում:
Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին ու ԱԺ-ի կողմից ընտրվող մյուս պաշտոնյաներին՝ գլխավոր դատախազ, ՔԿ պետ եւ այլն, ասել է, որ հրաժարական չտան, այլ հանգիստ շարունակեն պաշտոնավարումը: Երեւի Ս. Սարգսյանի հրահանգից էլ Տարոն Մարգարյանն այդքան ոգեւորվել է ու ավելի մեծ համառությամբ է կառչել աթոռից:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

ԳՈՀ Է
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ԲՀԿ-ն պետք է Նիկոլ Փաշինյանի կառավարությունում մեծ ներկայացվածություն ունենա եւ պորտֆելների 1/3-ը բաժին հասնի նրանց: Կառավարությունն արդեն ձեւավորվել է, եւ ԲՀԿ-ն ստացել է 4 նախարարական եւ մեկ փոխվարչապետի պորտֆել: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեւորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար, թե որքանով է գոհացնում իրենց նման ներկայացվածությունը: Պետրոսյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ խոսքերը միայն իր ցանկությունն են եղել: «Գագիկ Ծառուկյանն ասել է, որ չի աջակցում պորտֆելների համար, դա իմ ցանկությունն է եղել այդ քանակի պորտֆելներ ունենալը: Բայց նաեւ ասել եմ, որ անկախ դրանից` անելու ենք ամեն ինչ, որ կարողանանք արդարացնել սպասումները: Պորտֆելների քանակի խնդիր չկա, մեկ ուրիշը կարող է վերցնել 7 պորտֆել, սակայն ձախողել», – նշեց նա:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչները վերջին օրերին սկսել են «առանձնահատուկ խստությամբ» ստուգել եւ տուգանել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի առեւտրականներին: Այս տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից փոխանցեցին, որ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են միայն ՀԴՄ շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգումներ: Ինչի արդյունքում 51 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ: ՊԵԿ-ից հայտնեցին նաեւ, որ «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնում 12 ստուգում է իրականացվել «Փեթակ»-ում` 9, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում` 7 ստուգում: Ըստ ՊԵԿ-ի` ստուգումների համար հիմք են հանդիսացել ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության, ՊԵԿ Մոնիտորինգի կենտրոնից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգումների բաժինների աշխատակիցների իրականացրած ռիսկերի տեսողական նույնականացման արդյունքում հարկ վճարողների կողմից գնորդներին ՀԴՄ կտրոնների չտրամադրումը:

 

 

ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի նախագահ Բակո Սահակյանը բավական տպավորված է ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից: Մեր աղբյուրները հայտնում են, որ Բակո Սահակյանը մասնավոր զրույցներում ասել է, թե Փաշինյանի մոտ իրեն առաջին անգամ է ինքնիշխան երկրի նախագահ զգացել, երբ ՀՀ վարչապետն ամեն անգամ խոսելիս կարեւորել է ԼՂՀ նախագահի կարծիքը: Մինչ այդ` Սերժ Սարգսյանի այցերի ժամանակ, Սահակյանը իրեն որպես ՀՀ մարզերից մեկի մարզպետ է զգացել` նաեւ հենց այդպիսի պաշտոնական հանդիպումների ժամանակ: Նա նշել է, թե հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո մթնոլորտ է փոխվել անգամ նման հարաբերություններում:




Լրահոս