Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է ներքաղաքական խնդիրների եւ նորաստեղծ կառավարության գործունեության վրա, առաջիկայում ՀՀ քաղաքացիներին «անակնկալ» է սպասվում: Մասնավորապես այս տարվա հուլիսի 1-ից 1976 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը վերջնականապես կդառնա պարտադիր: Եվ հետաքրքրականն այն է, որ այս բաղադրիչի դեմ պայքարող ամենաակտիվ քաղաքացիներից մեկն էլ Մանե Թանդիլյանն էր, ով այժմ զբաղեցնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը եւ կարող է արդեն ի պաշտոնե փոխել ամեն ինչ:
Ինչպես հայտնի է՝ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժի մեջ պետք է մտներ նախորդ տարի, սակայն որոշման կիրառումը մեկ տարով հետաձգվեց: Էությունն էլ կայանում է նրանում, որ ամեն ամիս մարդկանց ստացած աշխատավարձից պահումներ են արվում, որպեսզի ծերության օրոք կենսաթոշակի տեսքով վճարվեն քաղաքացիներին:
Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է փետրվարի 22-ին ստորագրել համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց:
Համակարգի ներդրման դեմ առաջին ընդվզողները ծրագրավորողների նեղ շրջանակն էր, որոնց շարքերն աստիճանաբար համալրեցին տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ, իսկ շարժումն էլ ստացավ «Դ!ԵՄ ԵՄ պարտադիրին» անվանումը: Շարժման ամենաակտիվ մասնակիցներից էին Մանե Թանդիլյանն ու Գեւորգ Գորգիսյանը, ովքեր երկուսն էլ հետագայում պատգամավոր դարձան «Ելք» դաշինքով: Հետաքրքիր է, որ պատգամավոր լինելու ժամանակ նրանք շարունակում էին բարձրաձայնել դրույթի հակասահմանադրական լինելու մասին, սակայն քայլեր չէին ձեռնարկում՝ ասելով, թե համապատասխան լծակներ չունեն, քանի որ օրենսդիրում փոքրամասնություն են: Եվ ահա, այդ փոքրամասնության ներկայացուցիչը՝ Մանե Թանդիլյանը, որ ակտիվորեն պայքարում էր այդ դրույթի չեղարկման համար, այժմ զբաղեցնում է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, եւ հետաքրքիր է՝ այս ուղղությամբ որեւէ քայլ կձեռնարկի՞, թե՞ ոչ: Հենց այս փոքրամասնության ներկայացուցչից նա դարձել է նախարար եւ հիմա կարող է իրականություն դարձնել այն, ինչի համար պայքարում էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ փորձեց այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ տիկին Թանդիլյանից, բայց ապարդյուն. նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին:
Մինչ այդ, նկատենք, Մանե Թանդիլյանին բաժին է հասել մի նախարարություն, որը տարիներ շարունակ ամենակոռումպացվածներից մեկն է եղել, իսկ նախկին նախարար, ՀՀԿ-ական Արտեմ Ասատրյանի եւ նրա ենթակաների չարաշահումների մասին ոչ մեկ անգամ է բարձրաձայնվել. գլխավոր դատախազությունն իր հերթին, ԱԱԾ-ն իր հերթին, ոստիկանությունն իր հերթին, ՎՊ-ն իր հերթին այս նախարարությունում ու դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում պարբերաբար կոռուպցիոն տարբեր սկանդալներ են բացահայտել, այդ կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել:
Սակայն ուշագրավ է, որ վարչապետների փոփոխությունները եւ հարուցված քրեական գործերը ոչ մի կերպ չէին անդրադառնում Արտեմ Ասատրյանի վրա, եւ նա շարունակում էր անընդհատ վերանշանակվել: Այժմ, ի վերջո, նոր իշխանությունները կարողացան հեռացնել Արտեմ Ասատրյանին համակարգից, եւ այժմ նորանշանակ նախարարին վիճակված է լուրջ եւ բարդ աշխատանք՝ եղած բացերը լրացնելու համար: Եվ չնայած նախկինում հայտնաբերված բազմաթիվ չարաշահումներին եւ դժգոհություններին` Արտեմ Ասատրյանը հեռացավ առանց որեւէ պատժի: Հետաքրքիր է՝ նոր նախարարը վեր կհանի՞ նախկինի բացթողումները, թե՞ ամեն ինչ անպատիժ կմնա:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ
Արդեն ընդդիմադիր ՀՀԿ խմբակցության անդամները սկսել են պատրաստվել ԱԺ առաջիկա նիստերի մեկնարկին: Ինչպես հայտնի է՝ նիստերի երկրորդ օրը խորհրդարանում տեղի է ունենում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը, եւ ահա վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այդ կարգավիճակով առաջին անգամ կայցելի խորհրդարան եւ կպատասխանի պատգամավորների հարցերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ականները մանրակրկիտ պատրաստվում են այդ օրվա նիստին, որպեսզի ինչպես ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը, հարցերով հունից հանեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը: Եվ եթե նախորդ անգամ դա չստացվեց, այս անգամ հանրապետական խմբակցության անդամների թիրախում նախարարներն են լինելու. ՀՀԿ-ականները հույս ունեն, որ նորանշանակ երիտասարդ նախարարներին կկարողանան անհարմար դրության մեջ դնել, շփոթության մատնել:
«ԵԼՔ»-Ի ՂԵԿԱՎԱՐԸ
ԱԺ «Ելք» խմբակցությունը չորս նոր պատգամավոր կունենա, այդ թվում՝ խմբակցության ղեկավար: Խմբակցության արդեն նախկին ղեկավար Նիկոլ Փաշինյանը դարձել է ՀՀ վարչապետ: Քանի որ նա պատգամավոր էր ընտրվել 4-րդ ընտրատարածքից «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով, այդ ընտրատարածքում «Ելք»-ից հաջորդ ամենաշատ ձայներ հավաքածը ՔՊ-ական Ալեն Սիմոնյանն է: Արարատ Միրզոյանի՝ ՀՀ փոխվարչապետ դառնալուց հետո թիվ 3 ընտրատարածքից «Ելք» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր կդառնա ՔՊ-ական Հրաչյա Հակոբյանը, որ Փաշինյանի աներորդին է: Մանե Թանդիլյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, եւ հիմա թիվ 1 ընտրատարածքից տարածքային ցուցակով ԱԺ կգա ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը: Արտակ Զեյնալյանն էլ նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում. նա պատգամավոր է ընտրվել «Ելք» համամասնական ցուցակով, եւ նրա փոխարեն ԱԺ կգա ԼՀԿ-ական Հայկ Կոնջորյանը:
Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնին, ապա ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը: Պատահական չէ, որ նա չնշանակվեց գործադիրում, այլ գերադասեց մնալ խորհրդարանում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լենա Նազարյանը նշեց, թե այս հարցով քննարկումներ չեն եղել, եւ դեռ հայտնի չէ, թե ով կլինի: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, թե խմբակցության ղեկավարը կրկին ՔՊ-ի պատգամավորներից կարող է լինել: Հիշեցնենք, որ ի սկզբանե հենց այդպիսին է եղել պայմանավորվածությունը, որ խմբակցության ղեկավարը կլինի ՔՊ-ից, Երեւանի ավագանու ղեկավարը` ԼՀ-ից: Չնայած «Ելք»-ում ԼՀԿ ներկայացուցիչները հույս են ունեցել այդ պաշտոնը տալ Էդմոն Մարուքյանին, որը, ի դեպ, «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջին համարն էր, սակայն չի ստացվի, մանավանդ՝ հիմա այս խմբակցությունում ՔՊ-ականները գերակշռում են:
ՔԱՂԱՔԱԳԻՏՈՐԵՆ ԻՐԱԶԵԿԵԼ Է
ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հրապարակած հոդվածում նշել է, թե Նիկոլ Փաշինյանին «բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու» մեջ մեղադրող Վիգեն Սարգսյանն իրականում ինքն է բացահայտում իր բացարձակ անտեղյակությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացի բովանդակությանը: «Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում եւ ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ: Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե իբր Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր: Ադրբեջանի այդ ձգտումը հայկական դիվանագիտության փայլուն ջանքերի շնորհիվ վիժեցվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերում, որոնցում հստակորեն ամրագրված է, որ Ղարաբաղին սահմանակից ադրբեջանական շրջանները գրավվել են ոչ թե Հայաստանի բանակի, այլ տեղի հայկական զինված ուժերի (local Armenian forces) կողմից: Եթե Հայաստանի պաշտպանության նախարարը չի հասկացել այս տարրական իրողությունների տարբերությունը, ապա հայ ժողովուրդը պետք է ուրախ լինի, որ ազատվել է իրեն Ազգ-Բանակի հայր հռչակած այդ անձնավորությունից»,- գրել է Տեր-Պետրոսյանը: Նա նաեւ հիշեցրել է ««հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի»` Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»։
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՍՈՉԻՈՒՄ
Երեկ Սոչիում, Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում է ունեցել ԵԱՏՄ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ունեցող Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ: Նրանք քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով հայ-մոլդովական համագործակցության օրակարգը: Ավելի ուշ Ն. Փաշինյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ. նրանք քննարկել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հետագա զարգացմանն ու անդամ պետությունների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող այլ հարցեր: Նշենք, որ երեկ տեղի է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ՀԱՆԴԻՊԵԼ Է
Երեկ «Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրա զարգացման հեռանկարները: Դեսպանի խնդրանքով Լեւոն Զուրաբյանը ներկայացրել է ՀԱԿ մոտեցումները` անդրադառնալով հարատեւ ժողովրդավարության հաստատման գործընթացում ՀԱԿ անելիքներին: Քննարկվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման, ԸՕ անհրաժեշտ փոփոխությունների, մաքուր համամասնական ընտրակարգի անցնելու, ընտրակաշառքի եւ վարչական ռեսուրսի բացառման հարցերը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի եւ գործարարության տարանջատման կարեւորությունը: Քննարկվեցին նաեւ ղարաբաղյան հակամարտության աշխարհաքաղաքական ասպեկտները, ինչպես նաեւ հնարավոր սրացումների հետ առնչվող մարտահրավերները: