ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓԱՍՏԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հեռանալուց հետո իրար հետեւից հրաԺարականի դիմումներ գրեցին նրա տեղակալներ Հունան Պողոսյանը եւ Սամվել Հովհաննիսյանը, ինչն էլ իրավապահ համակարգում լուրջ խնդիրներ է ստեղծել:

Ինչպես հայտնի է` ապրիլյան իրադարձությունների ընթացքում ՀՀ իրավապահ համակարգի գործունեությունը փակուղի էր մտել: Գրել էինք, որ մայրաքաղաքում, ՀՀ մարզերում տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով փակվել էին մի շարք ճանապարհներ, ինչի պատճառով էլ իշխանական վերնախավը հրահանգել էր իրավապահ համակարգին, որ քրեակատարողական հիմնարկներ ծանուցումներ չուղարկեն` այս կամ այն կալանավորին ազատ արձակելու հետ կապված: Այս քայլի նպատակը մեկն էր, որպեսզի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվող կալանավորը հնարավորություն չունենար օգտվելու լարված իրադրությունից եւ փախուստի դիմեր: Ասել է, թե քննչական մարմինները, դատական համակարգը պարապուրդի էին մատնված:
Սակայն մայիսի 8-ից հետո իրավիճակ փոխվեց. ՀՀ վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը, մայրաքաղաքում եւ, առհասարակ, ողջ հանրապետությունում դադարեցին բազմահազարանոց ցույցեր իրականացնելն ու ճանապարհներ փակելը: Արդյունքում իրավապահ համակարգին հրահանգվել էր անցնել բնականոն գործունեությանը, սակայն պատկերը միանգամայն այլ է:
Այսպիսով` նորանշանակ վարչապետը ՀՀ նախագահին ներկայացրեց ոստիկանապետին եւ ԱԱԾ պետին պաշտոնանկ անելու առաջարկ: Նախագահն էլ ստորագրեց համապատասխան հրամանագիրը: Դրանից հետո, ասում են, համակարգում խառնաշփոթ է ստեղծվել:
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ոստիկանությունում այս օրերին լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել քննչական մարմինների բնականոն գործունեության վրա:
Մասնավորապես, տարբեր քննչական բաժիններում աղմկահարույց դեպքեր են քննվում` սպանություն, գողություն եւ այլն: Մեզ հասած լուրերի համաձայն` քննիչները հարցաքննել են տարբեր քրեական գործերով մի շարք վկաների, որոնք, օրինակ, քննիչներին բացատրել են, թե ինչ տեսք է ունեցել գողություն կատարողը, կամ, օրինակ, սպանության գործով եղել են վկաներ, որոնք քննիչներին մատնանշել են, թե սպանող անձը ով կարող է լինել, ինչ տեսք ունի, ինչ հարաբերությունների մեջ է եղել սպանված անձի հետ: Այս ամենից հետո քննիչները ոստիկանության օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներին հանձնարարել են գտնել, պարզել այն անձի ինքնությունը, որին նկարագրել են գողության կամ սպանության գործով վկաները:
Մեզ հայտնի դարձավ, որ այս քննիչների հանձնարարականները չեն կատարվում, քրեական գործեր չեն բացահայտվում, քանի որ ոստիկանության օպերատիվ հետախուզական վարչությունը, որը պետք է պարզի, գտնի գողություն կամ սպանություն կատարող անձին, այս օրերին ոչինչ չի անում, ինչն էլ քննիչներին հնարավորություն չի տալիս բացահայտել սպանությունների, գողությունների դեպքերը: Ասել է, թե հանցավորության դեմ պայքարը փակուղի է մտել:
Իսկ ինչից է սկսվել այս խառնաշփոթը: Բանն այն է, որ երբ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հեռացավ համակարգից, նրա հետեւից հրաԺարականի դիմումներ գրեցին ՀՀ փոխոստիկանապետեր Հունան Պողոսյանը եւ Սամվել Հովհաննիսյանը: Հրաժարականների այս հոսքից հետո ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ եւս դիմումներ են գրում: Սա իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյաների մոտ անհասկանալի վիճակ է ստեղծել, եւ վերջիններս կարծես թե սպասում են, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը. աշխատելո՞ւ են համակարգում, թե՞ հրաժարական են տալու: Ահա իրավապահների այս վիճակն էլ պատճառ է դարձել, որ նրանցից շատերը կա՛մ դուրս են եկել համակարգից, կա՛մ սպասում են որոշման եւ որեւէ գործ չեն անում, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել նախաքննությունը իրականացնող մարմինների գործունեության վրա, ըստ էության մի շարք քրեական գործերի բացահայտման գործընթացը տարել է փակուղի:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչություն, սակայն մեր հարցը այդպես էլ մնաց անպատասխան:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ԺԱՄԸ ՆՇԱՆԱԿՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը հաստատվեց. Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը շուտ կազմակերպել: ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու համար թեկնածուների անունները Բարձրագույն դատական խորհուրդ պետք է ներկայացվեն մայիսի 21-ից 25-ը ընկած ժամանակահատվածում, որից հետո էլ Աժ կընտրի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Բարձրագույն դատական խորհուրդը ծանուցումներ է ուղարկել դատարանների նախագահներին, որ վերջիններս կոնկրետ ժամկետում ներկայացնեն իրենց թեկնածուներին, ովքեր հավակնում են դառնալ դատարանի նախագահ: Մասնավորապես Բարձրագույն դատական խորհուրդը կոնկրետ ժամանակացույց էր նշել, որ, օրինակ, Արագածոտնի մարզի, Արարատի եւ Վայոց ձորի, Արմավիրի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահ դառնալու համար ցանկություն ունեցող դատավորների անունները ԲԴԽ պետք է ներկայացնեին մայիսի 7-ից մինչեւ մայիսի 12-ը ընկած ժամանակահատվածում, Գեղարքունիքի մարզի, Լոռու մարզի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները պետք է ներկայացնեին մայիսի 14-ից մինչեւ մայիսի 19-ը ընկած ժամանակահատվածում եւ այսպես շարունակ: Իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահի ընտրությունների համար թեկնածուներ ներկայացնելու ժամկետը ԲԴԽ-ն սահմանել էր մայիսի 25-ից մինչեւ մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, իսկ ահա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար կռիվ տվող թեկնածուներն իրենց անունները պետք է ներկայացնեն հուլիսի 2-ից հուլիսի 7-ը: Չնայած ԲԴԽ-ն հստակ սահմանել է ժամանակացույցը, սակայն օրերս իրավիճակ էր փոխվել: Մասնավորապես ներքին հրահանգ է իջեցվել մարզային դատարանների նախագահների ընտրությունը հետաձգել եւ արագ կազմակերպել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը: Բանն այն է, որ ԲԴԽ-ի կողմից հաստատված ժամանակացույցով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի ընտրությունը ընկնում էր հուլիս ամսին, որը համընկնում է ամառային արձակուրդների ընթացքի հետ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի ներկայիս նախագահ Արման Մկրտումյանը այլես չի լինի նախագահ: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԲԴԽ այսօր ժամը 4-ին ՀՀ վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հարցազրույցի, որից հետո ԲԴԽ 10 անդամները կիրականացնեն քվեարկություն եւ կընտրեն դատավորներից իրենց ցանկալի այն թեկնածուին, որը կարող է լինել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Այն դատավորը, որը շատ ձայն կհավաքի, նրան էլ ԲԴԽ-ն կներկայացնի ԱԺ, որտեղ տեղի կունենա քվեարկություն, ինչից հետո էլ պարզ կլինի, թե ով կլինի ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ: Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով` ԲԴԽ-ն ունի իր ցանկալի թեկնածուն, որը ըստ մեզ հասած լուրերի` ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանն է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է լրագրողների նկատմամբ թաղային հեղինակությունների գործողություններին: Հարցին` եթե լինի նախընտրական շրջան ու քարոզարշավի ընթացքում նորից թաղային հեղինակությունների կողմից բռնության ենթարկվեն լրագրողները, ինչպիսի՞ն են լինելու ոստիկանության գործողությունները, Օսիպյանը պատասխանել է. «Ընենց եմ ուզում լինեն նախընտրական, ընտրական շրջան, ու որեւէ մի թաղային հեղինակություն գա, մի հատ ինչ-որ մեկին… ընենց շատ եմ ուզում, անկեղծ եմ ասում, շատ եմ ուզում»: Հարցին` պատժելո՞ւ են, Վ. Օսիպյանն արձագանքել է. «Կլինի, կտեսնենք»: ՀՀ ոստիկանապետը վստահեցրել է, որ ՀՀ-ի պատմության մեջ կլինեն նախադեպը չունեցող ընտրություններ:

 

 

ՑՈԼԱԿՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ հրաժարական է տալիս բուհի խորհրդի նախագահի պաշտոնից: «Շիրակի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը համարում եմ համալսարանի ռեկտորի նոր ընտրությունների կազմակերպումը: Հաշվի առնելով այս հանգամանքը` միեւնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ Շիրակի պետական համալսարանի կառավարման նոր խորհուրդ ձեւավորելու նպատակով համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացնում նաեւ ես»,-նշել է Ցոլակյանը:

 

 

ԱԿՆՀԱՅՏ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սփյուռքի նախարարությունում կադրային ջարդ չի սպասվում, սակայն փոփոխություններ կլինեն, տեղեկացրել է ՀՀ սփյուքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա վստահեցրել է, թե ոլորտում փոփոխություններն ակնհայտ են լինելու: «Ինչպես ես, այնպես էլ իմ թիմը փոխել ենք իշխանությունը, եւ հավատացնում եմ ձեզ, որ մենք կկարողանանք փոխել ե՛ւ կոռուպցիան, ե՛ւ կեղծիքը: Դրանք կլինեն ամիսներ, թե ավելի երկար, ես դեռ չգիտեմ…»,- ասել է Հայրապետյանը: Հարցին, թե արդյո՞ք Սփյուռքի նախարարությունում եղել են կոռուպցիոն ռիսկեր, նախարարը պատասխանել է. «Կարծում եմ` սա իմ անձնական կարծիքն է, որ Հանրապետական կուսակցության իշխանավարման օրոք չի եղել որեւէ գերատեսչություն, որտեղ չի եղել կոռուպցիա: Ես հույս ունեմ, որ սխալված կլինեմ»:

 

 

ՀԱՏԵԼ ԵՆ ՍԱՀՄԱՆԸ
Ըստ ՀՀ ԱԱԾ-ի` հայ-ադրբեջանական սահմանը հատելիս ձերբակալված Բանգլադեշի 6 քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ձերբակալվել են Բանգլադեշի 6 քաղաքացիներ, ովքեր հանձնվել են ազգային անվտանգության ծառայությանը: 2018թ. մայիսի 8-ին Բանգլադեշի 6 քաղաքացիներ ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքի հարակից հատվածով հատել էին հայ-ադրբեջանական (Նախիջեւան) սահմանը, որից հետո բռնվել են հերթապահություն իրականացնող ՀՀ ՊՆ զինծառայողների կողմից: Նշված անձինք ցուցմունքներ տալով` հայտարարել են, որ աշխատանք գտնելու նպատակով մտադիր են եղել Իրանի տարածքով անցնել Թուրքիա, սակայն մոլորվելով` պատահաբար հայտնվել են Հայաստանում: Կատարվում է նախաքննություն:

 

 

ԶԻՆՎՈՐ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից որովայնի շրջանում հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը: Նա տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ` քննություն է տարվում` պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները:




Լրահոս