Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշել է ավագանու թիմակիցների հետ «անվստահություն» ներկայացում բեմադրել: Երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքից 10 անդամ անվստահություն են հայտնել քաղաքապետ Բալսանյանին: Ընդ որում, այս նախաձեռնությունը հենց Բալասանյանի մերձավոր շրջապատի անդամներինն է: Հատկանշական է փաստը, որ նրանք նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ օրեր առաջ ՕԵԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ տեղեկացնելով, որ պատրաստվում են քաղաքական երեք ուժով միանալ ու անվստահություն հայտնել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին:
Ի դեպ, նրանց միացել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Արտյոմ Ղարաղազարյանը եւ «Հայկական վերածննդից» Հենրիկ Պողոսյանը: Բալասանյանականների քաղաքապետի թեկնածուն էլ Տիգրան Հովհաննիսյանն է. նա Գյումրու ավագանու անդամ է 2012 թվականից, 36 տարեկան է, գործարար, «Ռ.Տ.Թրեյդինգ» ՍՊԸ-ի տնօրենն է, Հայաստանի քրիստոնեադեմոկրատական միության անդամ: Վեջիններս ավագանու արտահերթ նիստ են հրավիրել եւ պատրաստվում են համաձայն կարգի նոր քաղաքապետ ընտրել: Այդ մասին նախաձեռնող խումբը հայտնել է մայիսի 14-ին:
ԱԺ պատագամավոր ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը, ով ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն էր, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց՝ խնդիրը կուսակցության ուշադրության կենտրոնում է. «Սա Բալասանյան Սամվելի կազմակերպածն է: Իրենց թիմն է իրեն անվստահություն հայտնել: Դա շինծու է: Թիմն ինչի համար է անվստահություն հայտնում: Մենք երեք կուսակցությունով արդեն նախաձեռնել էինք: Համաձայն օրենքի` մենք պետք է անվստահություն հայտնեինք քաղաքապետին, առաջադրեինք նոր թեկնածու, ու եթե մեր թեկնածուին կեսից ավելի ձայն տրվեր, ապա վերջինս փակ գաղտնի քվեարկությամբ կընտրվեր՝ գործող քաղաքապետը պետք է դուրս գար: Սամվել Բալասանյանը գիտեր, որ մենք այդ գործընթացը սկսել ենք: Բայց նրանք դա անում են օրենքի խախտմամբ: Պետք է եռօրյա ժամկետում նշանակվեր, բայց երեկ են ստորագրությունները հավաքել, ամսի 16-ին էլ ուզում են ընտրություն անել: Չեմ հասկանում` մոտիվացիան ո՞րն է, ինչո՞ւմ են մեղադրում Բալասանյանին՝ չարաշահումների՞, անգործոթյա՞ն, գոնե իմանանք` թիմն ինչո՞ւ է անվստահություն հայտնում»:
Ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը նախաձեռնող խմբի՝ որոշման նախագծի վերաբերյալ հայտնեց հետեւյալ կարծիքը. «Ուշադրություն չեն դարձրել իրենց մատնանշած ՏԻՄ օրենքի 68-րդ հոդվածին, որի 4-րդ կետում ասվում է, որ «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվում է համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը»: Ամսի 14-ից հաշված երրորդ օրը ամսի 17-ն է ստացվում, ոչ թե 16-ը: Շատ են շտապում, կամ ստորագրողներից ոչ մեկը ժամացույց չի ունեցել: Բացի այդ, հաշվի չեն առել, որ նույն 68-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացվելուց հետո` 36 ժամվա ընթացքում, նախաձեռնող խմբի մեջ չմտնող ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը կարող է եւս ներկայացնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու վերաբերյալ որոշման նախագիծ` առաջադրելով համայնքի ղեկավարի այլ թեկնածու»: Այսինքն՝ օրենքով մինչեւ մայիսի 17-ը` ժամը 10:00-ին, ավագանու առնվազն 11 այլ անդամներ նույնպես կարող են թեկնածու առաջադրել քաղաքապետի պաշտոնի համար: Ու հանրապետական իմաստունները նիստը նշանակում են ամսի 16-ին՝ 24 ժամ հետո` զրկելով ավագանու մյուս անդամներին 36 ժամում այլ թեկնածու առաջադրելու հնարավորությունից»:
Հովհաննես Մարգարյանն էլ, ով դեռ օրեր առաջ է հայտնել քաղաքական երեք ուժի նախաձեռնության մասին, նշեց, որ Գյումրին վերջապես պետք է ունենա ընտրովի քաղաքապետ. «Մեր մոտ նախկին իշխանությունների օրոք, խեղաթյուրելով իրականությունը, սուտ մեկնաբանություններ տալով բոնուս-ֆոկուսներին, զրպարտելով բոլոր թեկնածուներին, չկարողացան համապատասխան ձայներ հավաքել: Ընդդիմությունը ավելի շատ քվե ստացավ, մեր մանդատները վերցրեցին: Մենք դիմեցինք դատական իշխանություններին, հասանք Սահմանադրական դատարան ու հերթական լղոզված որոշումը ստացանք: Մենք էլ որոշեցինք դիմել օրենքի երկրորդ կետին՝ անվստահություն հայտնել քաղաքապետին: Ինձ համար Սամվել Բալասանյանի պռոեկտը շատ ծիծաղելի է: Իրենք էլ քաջատեղյալ էին, որ մենք նման ձեւաթուղթ ունենք, ու իրենց ծրագիրը ներկայացրին: Անվստահությունը դրվում է քվեարկության թեկնածով: Եթե թեկնածուն չի ընտրվում, գործողը մնում է, եւ մեկ տարի նրան անվստահություն չես կարող հայտնել: Ահա ամբողջ պատմությունը: Հիմա արդարությունը կվերականգնվի իրավունքի ուժով, թե ժողովրդի ցանկությամբ, պարզ կդառնա այս 3 օրվա ընթացքում: Որեւէ մեկի խայծը կուլ չենք տալու: Այստեղ շատ լավ ռեժիսոր է աշխատում, սակայն ցանկացած արհեսական սցենարի վերջը վատ է լինում»:
Նախաձեռնող մյուս անդամների հետ կապ հաստատել չհաջողվեց: Հեռախոսազանգին պատասխանեց միայն նախաձեռնողներից ավագանու անդամ Մխիթար Սահակյանը՝ Մխիկը, որին նաեւ գյումրեցի Շմայս են ասում: Նա, ի դեպ, Սամվել Բալասանյանի մերձավոր թիմից է: Սահակյանն ասաց, որ լսել են՝ մյուս քաղաքական ուժերն են ցանկացել նման նախաձեռնությամբ հանդես գալ, որոշել են իրենք առաջ ընկնել ու անվստհություն հայտնել. «Սամվել Բալասանյանը աշխատող մարդ է, նա լավ գործ է ուզում անել»: Այն հարցին, թե ինչու է անվստահություն հայտնել քաղաքապետին, վերջինս պատասխանեց. «Ավստահություն հայտնել եմ, հետո էլ կփոշմանեմ, նորից կուզենանք, որ ինքը աշխատի»:
Ժամանակին Սերժ Սարգսյանն ասում էր՝ կրկեսի վերածելու հայրենիք չունենք, փաստորեն, նրա թիմակիցները հիմա որոշել են իսկապես կրկեսի վերածել ամեն ինչ, նաեւ կրկես Գյումրիում:
ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի
ԴԵՂԸ ՉԵՆ ՏԱԼԻՍ
«Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար դժգոհություններ է ստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող կամ մարդասիրական օգնությամբ ստացված դեղերի տրամադրման գործընթացի վերաբերյալ: Շատ հաճախ քաղաքացիները դժգոհում են, որ պոլիկլինիկաների աշխատակիցները պետպատվերով տրամադրվելիք դեղերը կամայական են բաժանում. հենց իրենք են որոշում, որ քաղաքացուն երբ կամ որքան տալ եւ, առհասարակ, տալ կամ չտալ: «Ժողովուրդ» օրաթերթի ստացած դժգոհությունների մեծ մասը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ պոլիկլինիկայի աշխատակիցները հրաժարվում են տրամադրել պետպատվերի ցանկում տեղ գտած դեղերը եւ քաղաքացուն կոպիտ անտարբերությամբ պատասխանում, որ դեղ չկա:
Նմանօրինակ դժգոհություն «Ժողովուրդ» օրաթերթը ստացել է նաեւ «Նոր Արեշ» պոլիկլինիկայից օգտվող մի քանի քաղաքացիներից: Մեզ դիմած քաղաքացիներից մեկի պատմելով` ինքը նախորդ` ապրիլ ամսվա ընթացքում ճնշման դեղեր չի ստացել: «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհած քաղաքացիների (հիմնականում 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամներն են բողոքում) պատմելով` իրենք «Նոր Արեշ» պոլիկլինիկայից չեն կարողանում անվճար տարբերակով ստանալ անհրաժեշտ` ճնշման, ստամոքսի եւ երեւանյան հիվանդության համար դեղերը: Իսկ երբ գնում են պոլիկլինիկա, աշխատակիցները անտարբեր փոխանցում են, թե «դեղ դեռ չկա»: Ավելին` արդեն մայիսի 15-ն է, բայց երեւանյան հիվանդությամբ տառապող քաղաքացին, ում անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, դեռեւս չի ստացել անհրաժեշտ կոլխիցին դեղը: Նշված պոլիկլինիկայի աշխատակիցները եւս քաղաքացուն անհրաժեշտ դեղամիջոցը չեն տրամադրել` հայտարարելով, որ «դեղ չկա, մյուս շաբաթ մոտեցեք»: Ի դեպ, տեղեկացնենք, որ պոլիկլինիկայի տնօրենը Ասյա Սեդրակյանն է, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի դուստրն է:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին` ինչու քաղաքացիներին չեն տրամադրում անհրաժեշտ դեղամիջոցները, պոլիկլինիկայի աշխատակիցը, ով ներկայացավ Լիլիթ, շփոթված արձագանքեց. «Ինչպես չենք տալիս, մեր մոտից մարդիկ դեղ են ստանում. ուրբաթ երեկոյան դեղ ստացել ենք, հիմա տալիս ենք: Դեղը կա, իրոք կա: Սա պոլիկլինիկայի խնդիրը չէ: Բայց կոլխիցինը մեզ դեռ չեն տրամադրել, երբ ստանանք, կբաժանենք: Կոլխիցինը դա օգնություն է, երբ մեզ տրամադրում են, մենք այն բաժանում ենք: Հետո ճանապարհները փակված էին մի քանի օր, դա խնդիր առաջացրեց»,- փոխանցեց «Նոր Արեշ» պոլիկլինիկայի ներկայացուցիչը:
Օրվա վերջին դժգոհող քաղաքացին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ պոլիկլինիկայից կապ են հաստատել իր հետ եւ հետաքրքրվել` ինքն է լրագրողին ասել դեղ չստանալու մասին: Փաստորեն պոլիկլինիկայի աշխատակիցները խնդիրը կարգավորելու եւ դեղ տրամադրելու փոխարեն` իրենց «հետաքննությունն» են անցկացնում եւ քաղաքացու հետ հախ ու հաշիվ պարզաբանում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՀՀԿ-ՈՒՄ ԽՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՎԵՐԼՈՒԾԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
-Պարո՛ն Հարությունյան, Ձեր կարծիքով` ԱԺ արտահերթ ընտրությունների դեպքում ՀՀԿ-ին կընտրե՞ն քաղաքացիները: Չէ՞ որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդիկ դժգոհ են ՀՀԿ-ի կառավարումից:
-Իհարկե, դա փաստ է: Բայց դա որոշ ժամանակ է պահանջում, որպեսզի բոլորը, այդ թվում` քաղաքացիական այդ հզոր ալիքի մասնակիցները, նույնպես թացը չորից տարբերեն, սեւն ու սպիտակը տարբերեն: Ոչ վաղ անցյալում ունեցել ենք դեպք` երբ 2013 թվականին Սերժ Սարգսյանի հակառակորդն ուներ 540.000 ձայն: Դա հսկա կապիտալ էր` Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները, որոնք երկու ամիս հետո չկային: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նրանք արդեն հազիվ 5 տոկոսի շեմը կարողացան հաղթահարել: Ես չէի ցանկանա` նույնը կրկնվեր: Անկեղծ եմ ասում` չէի ցանկանա: Մենք ունենք հզոր քաղաքացիական վերելք, որն իրականում լուրջ քաղաքական կապիտալ կարելի է դարձնել եւ օգտագործել հանրային կյանքը բարեփոխելու, մեր իրականությունը բարեփոխելու, ավելի լավը դարձնելու նպատակով: Եվ ես բոլորովին չէի ցանկանա, որ դա տեղի չունենար: Դա բոլորիս է պետք: Խմբակցության ղեկավարն է հայտարարել, որ ՀՀԿ-ն ամեն կերպ կաջակցի նոր կառավարությանը` դրական բարեփոխումների ընթացքն ապահովելու եւ դա դարձնելու անշրջելի:
-Ո՞ր խնդիրները, թերացումներն էին, որ բերեցին նրան, որ մարդիկ դուրս գան փողոց:
-Գիտեք, կարծում եմ` դեռ ժամանակ կունենանք վերլուծելու: Նման քաղաքական ցնցումներից հետո պետք է ժամանակ անցնի, որովհետեւ բոլորս էլ գտնվում ենք էմոցիոնալ հարթության մեջ: Պետք է սթափ գնահատել, եւ դրա համար ժամանակ է պետք; Հավատացնում եմ, որ Հանրապետականն այդ վերլուծությունը կկատարի: Դա պետք է նախեւառաջ իրեն, որպեսզի իրավիճակին ադեկվատ ինքը վերադասավորվի, վերաիմաստավորվի:
Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ