ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՄԱԿՈՒՆՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՇՈՒՐՋ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս հայտնի դարձավ, որ Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: Այս փաստը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց հանրության շրջանում: Բանն այն է, որ մշակութային դաշտում շատերը չեն ճանաչում նորանշանակ նախարարին, ոմանք էլ նշում են, որ նա երիտասարդ, անփորձ կադր է, եւ վտանգ կա, որ չի հաջողի: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի, երգիչ, երգահան Անդրե Սիմոնյանի եւ գրող Գուրգեն Խանջյանի հետ: Նրանց մտորումներն ու առաջարկները ներկայացնում ենք ստորեւ:

Արա Խզմալյան
Ինձ թվում է՝ հատուկ է ընտրվել այնպիսի կադր, որին ոլորտում չեն ճանաչում: Ցավոք, մեր միջավայրում դժվար է գտնել 5 մշակութային գործիչ, որոնք կարող են միեւնույն ծրագրի կամ անձի մասին նույն տեսակետն ունենալ եւ համախմբվել: Ամեն մեկն իրեն համարում է տիեզերքի կենտրոնը, եւ եթե ինքը չէ մշակույթի նախարարը, ուրեմն ոչ ոք չի կարող այդ պաշտոնում լինել: Շատ կուզենամ՝ մենք առաջիկայում խոսենք ոչ թե անձերի, այլ կոնցեպտների եւ հայեցակարգերի մասին: Կուզեմ իմանալ՝ ինչ խնդիրներ է տեսնում մեր նորանշանակ նախարարը, պատկերացնո՞ւմ է, արդյոք, դրանցից որոնք են ենթակա հրատապ լուծման: Պետք է նաեւ հստակ ձեւակերպել՝ ինչի համար է մշակույթը՝ ներքին սպառման խնդիրը լուծելո՞ւ, թե՞ նաեւ աշխարհում դիրքավորվելու, երկիրը միջազգայնորեն ճանաչելի դարձնելու, երկրի իմիջը բարձրացնելու համար: Ընդ որում, մշակութային քաղաքականությունը պետք է տարածվի ոչ միայն պետական կարգավիճակ ունեցող, այլեւ մասնավոր կառույցների, անկախ ստեղծագործական խմբերի վրա, որովհետեւ ամենահետաքրքիր գաղափարները ձեւավորվում են հենց այդ խմբերի շրջանում: Առաջիկայում պետք է նաեւ բեռնաթափել մշակույթի սոցիալական գործառույթը: Կան տասնյակ ստեղծագործական խմբեր, թատրոններ, որոնք գեղարվեստական արդյունք ցույց չեն տալիս, բայց պետությունը սոցիալական դժգոհությունը մեղմացնելու նպատակով շարունակում է սուբսիդավորել նրանց: Այդպիսով՝ իրական մշակութային արժեքները չենք կարողանում ըստ արժանվույն գնահատել: Այսինքն՝ պետական միջոցների խելամիտ բաշխման մեխանիզմ է պետք մշակել: Շատ լավ կլինի, որ նախարարությունը սերտորեն համագործակցի զբոսաշրջության պետական կոմիտեի ու զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ: Սա ես ասում եմ որպես այդ հիմնադրամի գործադիր տնօրեն: Մենք անընդհատ բախվում ենք այն խնդրին, որ տարբեր գերատեսչություններ անում են նույն գործը՝ իրարից անկախ եւ անտեղյակ: Որքան կոնսոլիդացնենք մեր ջանքերը, այնքան մեծ արդյունքների կհասնենք:

Անդրե Սիմոնյան


Ես Լիլիթ Մակունցին քիչ եմ ծանոթ, բայց կողմ եմ երիտասարդ կադրերի նշանակմանը: Այս պարագայում առաջնային է ոչ թե փորձը, այլ պաշտոնյայի ճկուն գործելաոճը: Չմոռանանք նաեւ, որ սա ժամանակավոր կառավարություն է, եւ հիմա փորձնական շրջան է բոլորի համար: Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ունենանք ազատ-անկախ մշակույթի նախարարություն, եւ մշակութային միջոցառումները չանցկացվեն իշխանությանը ներկայացնելու համար: Մենք պետք է նպատակ դնենք հայոց մշակույթը ներկայացնել աշխարհին, ոչ թե որեւէ հայտնի մարդու, օրինակ, օգտագործենք քաղաքական փիարի համար: Կցանկանամ, որ նեդրումներ արվեն եւ անդերգրաունդում՝ տարբեր ակումբներում, հնչող որակյալ երաժշտությունը բերվի «լույս աշխարհ»: Անշուշտ, մշակույթի նախարարը պետք է առաջին հերթին լինի բարի նպատակներով լավ մենեջեր: Այլապես չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով մշակույթի բոլոր ոլորտներից գաղափար կունենա: Կարեւորն այն է, որ նոր նախարարը կարողանա իր շուրջ հավաքել ուժեղ թիմ:

Գուրգեն Խանջյան


Ծանոթ չեմ Լիլիթ Մակունցին: Իհարկե, լավ է, որ երիտասարդ եւ եռանդով լի կադր է նշանակվում: Եթե նա համաձայնել է լինել նախարար, ուրեմն ծրագրեր ունի, սիրում է մշակույթը: Ինձ թվում է՝ մեր նորանշանակ երիտասարդ կադրերը իրենց նախորդներից պակաս չեն հասկանում իրենց գործից: Միայն փորձի պակասը կարող է խանգարել, ուստի պետք է համբերել, որ ընթացքում ձեռք բերեն այդ փորձը: Կարծում եմ՝ մշակույթի նախարարը ե՛ւ պետք է հասկանա մշակույթից, ե՛ւ պետք է լինի լավ կառավարիչ: Որովհետեւ կարելի է լավ կառավարիչ լինել, բայց ռեսուրսները սխալ տեղ ուղղել: Թերեւս պետք է նաեւ, որ նա ունենա լավ խորհրդականներ: Սպասենք, հետո նոր քննադատենք:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

«ԴԱ ԴՈՒԽԻ ԵՎ ՌԻՍԿԻ ՀԱՐՑ ԷՐ»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժմանը միացել էին մշակույթի մի շարք գործիչներ եւ շոուբիզնեսցիներ: Նրանց շարքերը շարժման հենց սկզբից համալրել էր Սոնա Շահգելդյանը, ով, ի դեպ, ապրիլի 22-ին բեմից հանդես եկավ սրտառուչ կատարմամբ: Նա «Ժողովուրդ» օրաթերթին պատմեց իր քաղաքական հայացքների եւ ժողովրդի կողքին կանգնելու անհրաժեշտության մասին՝ հետադարձ հայացք նետելով անցած օրերի իրադարձություններին:

Սոնան տեղեկացրեց, որ ժողովրդի կողքին է եղել ոչ միայն երգով, այլեւ իր հայացքներով. «Ընտանիքիս անդամների հետ մասնակցել եմ բողոքի ակցիաների: Հետո նաեւ երգելու ցանկություն հայտնեցի: Ի դեպ, այդ մասին ոչ ոք չգիտեր. դա բոլորի համար էր անակնկալ: Այդպիսով` ես արեցի իմ քայլը»,-ասաց նա:
Երգչուհին դեմ է այն պնդմանը, թե արվեստի մարդն, առհասարակ, քաղաքական պրոցեսներին չպետք է մասնակից լինի. «Իհարկե, քաղաքականությունը բարդ բան է, բայց եթե ես ապրում եմ Հայաստանում, եթե տեսնում եմ, որ մի բան լավ է, կամ վատ է՝ ինչո՞ւ չպետք է խոսեմ այդ մասին, հայտնեմ իմ տեսակետը: Ինչու՞ չփորձեմ աջակցել իմ ժողովրդին: Ես դա իմ խղճի համար եմ արել՝ հանուն արդարության, ընդ որում՝ առանց իմանալու՝ առաջիկայում ինչ է սպասվում: Բա որ լռես, ու ժողովուրդը հետո քեզ չհարգի: Ի դեպ, շոուբիզնեսցիներից մի քանիսը տեսան, որ ժողովուրդը հաղթանակ է տանում, հետո նոր միացան նրան: Դա արդար չէ: Դա դուխի, ռիսկի հարց էր, պետք է ամեն մեկը դուրս գար իր երեխայի ապագայի, մեր զինվորների եւ բոլոր բոլորի համար: Ամեն դեպքում, ես չեմ էլ ուզում մեղադրել այն մարդկանց, որոնք չեզոքություն դրսեւորեցին: Դա էլ իրենց տեսակետն ու դիրքորոշումն էր»,-մեկնաբանեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նշանակումներին՝ Սոնա Շահգելդյանը շեշտեց, եթե նրան ի սկզբանե վստահել ենք, ուրեմն պետք է վստահենք մինչեւ վերջ. «Նիկոլ Փաշինյանը գիտակ է եւ լավ գիտի իր գործը: Մեր վարչապետի մեջ շատ եմ սիրում եւ գնահատում նաեւ մարդկային որակները: Ամեն դեպքում, ուրախ եմ, որ երբեւէ որեւէ անձից կամ քաղաքական ուժից կախման մեջ չեմ եղել եւ ազատ կերպով կարող եմ արտահայտել իմ տեսակետները»,-եզրափակեց Սոնան:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏՎԻՆ
Երուսաղեմի «Բեյտար» ֆուտբոլային ակումբը փոխել է անվանումն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատվին: Այս կերպ իսրայելական ակումբը շնորհակալություն է հայտնել Ամերիկայի նախագահին` Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու համար: «70 տարի Երուսաղեմը սպասում էր միջազգային ճանաչման, քանի դեռ նախագահ Դոնալդ Թրամփը մեր քաղաքը չճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Ամերիկայի նախագահը տղամարդկություն եւ սեր դրսեւորեց Իսրայելի ժողովրդի եւ նրանց մայրաքաղաքի հանդեպ: «Բեյտար»-ը` քաղաքի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը, շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահին աջակցության համար: Այսուհետեւ ակումբը կկոչվի «Բեյտար Թրամփ Երուսաղեմ»,-ասել է ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը: Նշենք` «Բեյտարն» Իսրայելի 6-ակի չեմպիոն է:

 

 

ԿՏԱՎԸ ՀԱՆԵԼ Է ԱՃՈՒՐԴԻՑ
Ամերիկացի միլիարդատեր Սթիվ Ուինը իրեն պատկանող Պաբլո Պիկասոյի 70 մլն դոլար արժողությամբ «Նավաստի» ինքնանկարը Christie՚s աճուրդի տնից հանել է վնասվածքի պատճառով: Սթիվ Ուինը հրաժարվել է հրապարակել տեղի ունեցածի մանրամասները եւ մեկնաբանել վնասի չափը: Հիշեցնենք, որ միլիարդատերը 2006թ. իր հավաքածուից Պիկասոյի մեկ այլ նկարը` «Քուն», ինքն էր վնասել: Վերականգնելուց հետո նկարի արժեքը 139 մլն դոլարից նվազել էր մինչեւ 85 մլն դոլար: Դրա հետ կապված Ուինը դատի էր տվել Lloyd’s ապահովագրական ընկերությանը, որտեղ կտավն ապահովագրված էր: Այս միջադեպից հետո Ուինին հավաստիացրել է, որ նրա պայմանագիրը «ապահովագրական ռեզերվներ ունի վնասի փոխհատուցման եւ այլ անկանխատեսելի հանգամանքների համար» եւ կողմնակի երաշխիք է գտել աճուրդի սակարկություններին մասնակցելու համար:

 

 

ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ
«Բարսելոնա»-ի պաշտպան Թոմաս Վերմալենը «Լեւանտե»-ի հետ կայացած խաղում վնասվածք է ստացել: Բելգիայի հավաքականի 32-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում, սակայն 31-րդ րոպեին ստիպված է եղել լքել խաղադաշտը: Նախնական տվյալներով` ֆուտբոլիստը վնասել է աջ ոտքի ծունկը: Բուժզննում անցնելուց հետո պարզ կդառնա ստացված վնասվածքի լրջությունը: Հիշեցնենք, որ նախօրեին «Բարսելոնան» 5-4 հաշվով պարտվել էր «Լեւանտեին»: Չնայած սրան` Իսպանիայի առաջնությունում Բարսելոնան 90 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:




Լրահոս