ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Լոռու մարզում

Երեկ Լոռու մարզի Արջուտ, Լեռնապատ եւ Հալավար գյուղերի տասնյակ բնակիչներ փակել էին Վանաձոր-Երեւան հանրապետական նշանակության ավտոճանապարհը. նրանք դժգոհում էին կաթի գնի պարբերական անկումից: Գյուղացիների խոսքով` կաթ մթերող բազմաթիվ գործարաններ ամեն օր կաթի գինը իջեցրել են, ինչի հետեւանքով այսօր կաթի մեկ լիտրը մթերվում է 130 դրամով: Ճանապարհը փակած բնակիչների հետ կապ են հաստատել գյուղատնտեսության նախարարությունից` խոստանալով հարցը քննարկել ու տեղյակ պահել իրենց:

 

 

ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է միջին մասնագիտական ուսհաստատությունում: Խնդրում եմ ասեք` ի՞նչ է անհրաժեշտ, որպեսզի նա կարողանա օգտվել ուսման վարձավճարի զեղչից:

Միլենա Հարությունյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ 10 տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը`
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված` բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին` ուսումնական հաստատության հայեցողությամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` եթե նշված կետերին համապատասխանում է տիկին Միլենայի դուստը, ապա կարող են դիմել եւ ստանալ վարձավճարի զեղչի հնարավորություն:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ես իրավունք ունե՞մ ստանալու մանկավարժական թոշակ: Ուզում եմ իմանալ` ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ:

Ռուզաննա Բեզրյան (մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ռ. Բեզրյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակի կենսաթոշակ նշանակվում է կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին, եթե լրացել է նրանց 55 տարին եւ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է:
Մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտական աշխատանքային ստաժում հաշվառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված ցանկում նշված մասնագիտություններով եւ պաշտոններում մինչեւ 2003 թվականի օգոստոսի 1-ն աշխատած ժամանակահատվածները: Համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
«Կրթության, մշակույթի որոշ կատեգորիաների աշխատողներին մասնակի կենսաթոշակի իրավունք տվող մասնագիտությունների եւ պաշտոնների ցանկը» հաստատվել է ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշմամբ:
Քաղաքացուն խորհուրդ է տրվում դիմել ՀՀ ԱՍՀՆ ՍԱԾ աշխատակազմի բնակության վայրի կամ ցանկացած տարածքային ստորաբաժանում:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայանության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սոցապ նախարարության` հերթական ոչինչ չասող պատասխանը: Հստակ պատասխանելու փոխարեն` քաղաքացուն կրկին ուղղորդում են սոցիալական տարածքային բաժին: Նույնիսկ ամենատարրական հարցին են զլանում այս նախարարությունում պատասխանել: Եթե լրատվամիջոցին են նման կերպ պատասխանում, ապա կարելի է ենթադրել, թե քաղաքացիներին ինչպես են «ընդունում» եւ «ճանապարհում»:




Լրահոս