ՀՀԿ-Ն ԱՄԵՆ ԳՆՈՎ ԿԽՈՉԸՆԴՈՏԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո բոլորը շունչները պահած սպասում են, թե երբ են տեղի ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ: Առաջին հերթին դա անհրաժեշտ է ստեղծված սահմանադրական ճգնաժամը լուծելու համար. ի վերջո, ստացվել է այնպես, որ գործադիրում ղեկավար է խորհրդարանական փոքրամասնությունը, օրենսդիրում ՀՀԿ-ն ունի մեծամասնություն, թեեւ` իրեն հայտարարել է ընդդիմություն: Եւ, բնականաբար, այս հակադրության լուծման բանալին արտահերթ ընտրություններն են: Սակայն ակնհայտ է, որ ՀՀԿ-ն ամեն գնով կցանկանա երկարաձգել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության աշխատանքն ու ընտրությունների հնարավոր ժամկետները:

Երեկ լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշել է, թե արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները կքննարկեն՝ կարծիք հայտնելով, որ ընտրությունները կանցկացվեն այս տարի: Միեւնույն ժամանակ նա հայտարարել է, թե խորհրդարանական մեծամասնությունը կընդունի իր կառավարության ներկայացրած ծրագիրը: «Կարծում եմ, որ, այո, հավանություն կտա, եւ մենք բնականոն կաշխատենք»,- ասել է նա:
Բայց նկատենք, որ կառավարության ծրագրի ընդունման պարագայում արտահերթ ընտրությունների անցկացումն ավելի բարդ է դառնում:
Առհասարակ ապրիլի 9-ից ուժի մեջ մտած Սահմանադրության հեղինակները մի լավ հոգացել են, որպեսզի բոլոր հնարավոր միջոցներով չեզոքացվեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հեռանկարները:
Ի սկզբանե Փաշինյանը ծրագրում էր կառավարության ծրագիրը չընդունելու միջոցով հասնել արտահերթ ընտրությունների: Սակայն այդ տարբերակը «խճճված է», քանի որ կառավարության ծրագիրը չընդունելուց հետո ոչ թե իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվում է, այլ կառավարությունն է հրաժարական տալիս: Եվ դրանից հետո պետք է կրկին անցկացվեն վարչապետի ընտրություններ: ԱԺ լուծարման համար այս դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքական ուժերը համաձայնության գան, որպեսզի կառավարության հրաժարականից հետո վարչապետի թեկնածու ոչ ոք չառաջադրի, եւ երկու անգամ ընտրությունները տապալելուց հետո ԱԺ-ն լուծարվի, կամ էլ Փաշինյանը եւս մեկ անգամ ընտրվի, կրկին ծրագիր ներկայացնի եւ կրկին այն մերժվի:
Եվ մինչ իրավաբանները գլուխ են կոտրում, թե էլ ինչպես կարելի է հանգել արտահերթ ընտրությունների, օրակարգում կարող է հայտնվել նաեւ Սահմանադրության հոդվածները փոխելու տարբերակը:
Մասնավորապես, Սահմանադրության 92-րդ հոդվածը, որն ամրագրում է ԱԺ արտահերթ ընտրության կարգը, խորհրդարանի կողմից փոփոխման ենթակա հոդվածների թվին է պատկանում: Հենց այդ հոդվածն էլ սահմանում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով, 151-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով սահմանված դեպքերում ԱԺ արձակվելուց հետո: Եվ փոփոխելով այդ հոդվածը` կարելի է հասնել արտահերթ ընտրության անցկացման այլ մեխանիզմի ամրագրման:
Սահմանադրության դրույթներում փոփոխություններ անելու հնարավորությունը սահմանում է 202-րդ դրույթը: Մասնավորապես, Սահմանադրության հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով` 70 ձայնով: Եվ համապատասխան նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը` առնվազն 26 պատգամավոր, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող հարյուր հիսուն հազար քաղաքացի: Ստացվում է, որ Սահմանադրության հոդվածները փոփոխելու նախաձեռնությամբ ազատորեն կարող են հանդես գալ թե՛ կառավարությունը, թե՛ պատգամավորները. 26 ստորագրություն հավաքելը խնդիր չի լինի: Այդ նույն հոդվածի համաձայն` եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով` 63 ձայնով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի:
Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի համար արտահերթ ընտրություններին հասնելու ճանապարհը դժվար է լինելու, առավել եւս, որ հենց ինքն էլ հակված է ծրագրի ընդունման եւ բնականոն աշխատանքի: Այս փուլում արտահերթ ընտրությունների թերեւս հակված չէ միայն ՀՀԿ-ն, ում ծրագրերի մեջ մտնում է հակառակը, որքան հնարավոր է Փաշինյանի կառավարության աշխատանքի ժամկետները երկարաձգելը, որպեսզի այդ ընթացքում կարողանան վարկաբեկել նրան: Իսկ Սահմանադրությամբ ամրագրված է, որ կառավարության ծրագրի ընդունումից հետո մեկ տարի չեն կարող անվստահություն հայտնել վարչապետին: Այժմ ՀՀԿ-ն ծրագրում է օգտվել այդ հնարավորությունից եւ երկարաձգել արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետները:
Խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը եւս կարծում են, որ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը միայն արտահերթ ընտրություններն են, սակայն դրան պետք է հասնել ընդհանուր քննարկումների արդյունքում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե իրենք հենց վաղն էլ պատրաստ են արտահերթ ընտրությունների գնալ՝ ընդգծելով, թե այս իրավիճակի լուծման բանալին միայն արտահերթ ընտրություններն են: «Այլ հանգուցալուծում չի կարող լինել. ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք պետք է լինեն հնարավորինս ադեկվատ ժամկետներում: Սակայն մինչ այդ պետք է փոփոխություններ լինեն ԸՕ-ում: Այս իրավիճակի քաղաքական հանգուցալուծումը հենց արտահերթ ընտրությունները կլինեն: Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական ուժերի համար դա հավասար է ինքնասպանության, քանի որ այն ուժը, ով անցյալ տարի դեռ մեծամասնություն էր, այս անգամ դժվարությամբ կարող է հաղթահարել նվազագույն շեմը, եւ նրանց որոշակի ժամանակ է պետք», – նշեց նա:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ կարծիք հայտնեց, թե աշունը թեւակոխելու են առանց արտահերթ ընտրությունների: «Արտահերթ ընտրությունների համար պետք է լինեն քաղաքական եւ իրավական հիմքեր: Կա Սահմանադրություն, կան իրավական հիմքեր, թե երբ կարելի է ԱԺ-ն արտահերթ արձակել: Նա ասել է՝ կքննարկենք, կտեսնենք, մենք էլ ենք այդպես ասում: Երբ գա քննարկումների ժամանակը, հիմնավորումները լսենք, այն ժամանակ էլ մեր կարծիքը կասենք: Այս փուլում արտահերթ ընտրությունների հարց դրված չէ, հակառակ դեպքում նրանք կոչ կանեին դեմ քվեարկել: Քանի որ նման կոչեր չկան, ապա աշունը կթեւակոխենք առանց արտահերթ ընտրությունների»,- ընդգծեց Շարմազանովը: Նա նաեւ նշեց, թե այս պահին, բացի իրավական հիմքերից, չկան նաեւ քաղաքական հիմքեր, քանի որ ԱԺ-ում ներկայացված ՀՀԿ մեծամասնությունը նպատակադրված չէ խոչընդոտելու կառավարության աշխատանքը: «Քաղաքական հիմքեր կլինեն, եթե խորհրդարանի մեծամասնությունն արհեստական խոչընդոտներ իրականացներ եւ թույլ չտար ընդունել օրենսդրական նախաձեռնություններ: Մենք չենք պատրաստվում կառավարության բերած, ժողովրդի շահերից բխող օրենսդրական նախաձեռնություններին դեմ քվեարկել»:
Ամեն դեպքում, առաջիկայում ուշագրավ զարգացումներ են սպասվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀԷԿ-ԵՐԻ ՆԱՌԱՆ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի` ՀԷԿ-երի Նառայի դեմ: «Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Նաիրա Նահապետյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի Հանրապետական տիկնոջը իրենից ներողություն խնդրել վիրավորելու եւ արժանապատվությունն արատավորելու համար:
Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հ/կ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017 թվականի հուլիսի 3-ին ժամը 18:30-ի սահմաններում Երեւան քաղաքի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երեւանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր: Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, եւ Ն. Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք եւ հեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»:
Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակներում «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության շահառուն ճանաչվել էր տուժող: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաեւ դատարան, արդեն` վիրավորական արտահայտությունների համար:

 

 

ԴՌՆԲԱՑԸ
Ինչպես հայտնի է` Վիգեն Սարգսյանը, երբ Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի կարգավիճակում վերջին ասուլիսն էր տալիս, հեգնական էր արտահայտվել այդ օրերին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին: Հիշեցնենք՝ Տոնոյանն ասել էր, թե չի արձագանքում Փաշինյանի կառավարությունում Պնախարարի պաշտոնը զբաղեցնելու հավանականության մասին խոսակցություններին: «Դա նշանակում է` լինելով կառավարության կազմում՝ բաց թողնել դռները նման բանակցությունների համար։ Ես անձամբ այդպես երբեք չեմ արել, դա ինձ համար տաբու է, բայց մարդիկ տարբեր կերպ են մտածում»,- եզրակացրել էր Վիգեն Սարգսյանը:
Միայն թե, նկատենք, նման հայտարարություն է անում մի անձնավորություն, որը ՀՀ բոլոր իշխանությունների օրոք աշխատել է: Ժամանակին Վ. Սարգսյանն ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնականն էր: 1998թ. ներպալատական հեղաշրջումից հետո մեկնեց ԱՄՆ ուսանելու, հետո վերադարձավ եւ դարձավ Ռոբերտ Քոչարյանի օգնականը, հետո արդեն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը, հետո էլ պաշտպանության նախարար: Ասել է, թե նա մշտապես «բաց է թողել դռները»` իր հետ բանակցելու համար:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացում քննարկվել են Հայաստանի ներկա քաղաքական իրավիճակը եւ հնարավոր զարգացումները: Անդրադարձ է եղել տարածաշրջանային հիմնախնդիրներին: Հանդիպմանը մասնակցել է առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

 

 

ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով, իրենց դիմումների հիման վրա, պաշտոններից ազատվել են Դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (Պետական գույքի կառավարման կոմիտե) պետ Արման Սահակյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Անդրեյ Սիմոնյանը:

 

 

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Շահեն Ավագյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու վերաբերյալ: Շ. Ավագյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:




Լրահոս