ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալումների եւ ազատ արձակման գործընթացի մասին, ըստ էության, «խոստովանեց», որ ՀՀ գլխավոր դատախազությունը իշխանությունների ձեռքին եղել է գործիք:

Նախ ամենասկզբից. 2018 թվականի ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում ձերբակալվեցին ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը:
Վերջիններս, ըստ պաշտոնական տվյալների, ձերբակալվել էին ապօրինի հավաքներ կազմակերպելու համար: Եվ ահա երեկ Արթուր Դավթյանը, անդրադառնալով հավաքների ապօրինի լինելուն, ասել էր. «Գործի նյութերում տվյալները հետեւյալն են, որ ոստիկանությունը որոշում էր կայացրել հավաքը ապօրինի լինելու պատճառով դադարեցնել այն. պահանջը ներկայացվեց, չդադարեցվեց»:
Նկատենք` ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի խոսքերի միջեւ հակասություն կա: Բանն այն է, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ հավաքներն ապօրինի չեն եղել, պարզապես որոշ երթեր եղել են նախապես հայտարարված ուղուց շեղված, եւ ապօրինի կարելի է համարել միայն դրանք: Իսկ ահա ՀՀ գլխավոր դատախազը հակառակն է պնդում. ի պատասխան այս հակասության՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Մեր գործի նյութերը վկայում են, որ առնվազն երեք օրերի հետ կապված այդ կապակցությամբ գործեր հարուցվեցին: Հավաքների ազատության մասին մեր օրենքը սահմանում է, որ երբ անհամաչափ կերպով խախտվում են այլոց իրավունքները, ազատությունները, դրանք այլեւս օրինական չեն: Նույն ոստիկանությունը այդ օրերին շուրջ 40-ից ավելի հրապարակում ներկայացրեց, որտեղ կոնկրետ դեպքերով գնահատական տալով՝ դրանք որակեց անհամաչափ սահմանափակման հանգեցնող հավաքներ: Որոշակի օրերի հետ կապված, այո, հավաքն իրականացվում էր սահմանված երթուղուց դուրս, իսկ ապրիլի 19-ից հետո չկար իրազեկում: Այստեղ ապօրինությունը ո՛չ երթուղուց շեղվելն է, ո՛չ էլ իրազեկման բացակայությունը, այլ՝ թե որքանով են սահմանափակվում այլոց իրավունքները»:
Միայն թե նկատենք, ՀՀ գլխավոր դատախազությունը պատգամավորներին որոշել էր ձերբակալել քաղաքական հրահանգի արդյունքում, քանի որ նրանց ձերբակալումը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների չկայանալուց հետո:
Իսկ հիմա ամենագլխավորի մասին: Ենթադրենք պատգամավորներն ապօրինի հավաքներ էին կազմակերպել, եւ նրանց այդ հիմքով ձերբակալել էին, այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով, ո՞ւմ հրահանգով որոշեցին պատգամավորներին ազատ արձակել:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով այս հարցին, ասել է. «Իմ կողմից նշված փաստով հարուցված քրեական գործով ձեռք բերված նյութերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով, մենք հրապարակել ենք դա, բայց միջնորդությունը ներկայացվել է պատգամավորներից միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Այնուհետեւ արդեն ամբողջ հանրությանը հայտնի իրադարձությունները տեղի ունեցան, այդ ժամանակվա վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմեց ինձ համապատասխան հիմնավորումներով պայմանավորված՝ ստեղծված իրավիճակի, լարման, եւ այլնի հաղթահարման հետ կապված, այդ հարցով չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ, որի պայմաններում իմ կողմից նամակ է հղվել ԱԺ նախագահին, որպեսզի այդ հարցն օրակարգից հանվի եւ քննության չառնվի, եւ, ըստ էության, նրանք նույն օրը ձերբակալումից ազատ են արձակվել»:
Ստացվում է, որ պատգամավորներին ազատ արձակելու որեւէ իրավական հիմք չի եղել, այլ պարզապես վերջիններս ազատ են արձակվել քաղաքական համաձայնության արդյունքում, ինչը ցույց է տալիս, որ դատախազությունը, մեղմ ասած, իշխանությունների ձեռքին գործիք է, որը ոչ թե առաջնորդվում է ՀՀ օրենսդրությամբ, այլ զանգերով:
Իսկ զանգերով առաջնորդվող ՀՀ գլխավոր դատախազին այլ ելք չի մնում, քան հրաժարական տալ, սակայն Արթուր Դավթյանը հրաժարականի հիմքեր չի տեսնում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԽԱՐԴԱ՞Խ
«Կանանց աջակից խումբ» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Ասատրյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ասատրյանն իր հասարակական կազմակերպության միջոցով Արագածոտնի մարզի Թալին քաղաքի բնակիչ Ռոբերտ Գապոյանին Գերմանիայի Դաշնությունում բուժումը կազմակերպելու պատրվակով, վերջինիցս ստացել է 110 հազար դրամ գումար: Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվել. 110 հազար դրամից բացի այլ վայրում ստացել է 505 հազար դրամ գումար: Սակայն ըստ նախաքնությունը իրականացնող մարմնի՝ վերջինս չի կազմակերպել Ռոբերտ Գապոյանի բուժումը Գերմանիայի Դաշնությունում, ինչի արդյունքում էլ խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելով Գապոյանից հափշտակել է խոշոր չափի՝ ընդհանուր 615 հազար դրամ գումար: Այս քայլի համար Շուշան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության համար, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

 

 

ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
«Արեւիկ առողջարան» ՍՊԸ-ի տնօրեն Վաղարշակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա, լինելով «Արեւիկ առողջարան» ՍՊԸ-ի տնօրեն, չի կատարել 11.08.2006թ. կնքված վարձակալության 586-081 պայմանագրի 2-րդ գլխի 5.5 կետի ուժով նախատեսված պարտականությունը, որի հետեւանքով 2017 թվականի օգոստոսի 15-ին ժամը 16.00-ի սահմաններում, փրկարար ծառայության բացակայության պատճառով, անզգուշությամբ առաջացրել է լողափում հանգստացող Գեւորգ Աղաբեկյանի մահը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

 

 

ԱԿՑԻԱՅԻ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս օրերին մի շարք դատապարտյալների հարազատներ ներման խնդրագրերով դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս իրենց հարազատներին ներում շնորհի: Սակայն նրանց նամակներին նախագահականից դեռեւս որեւէ պատասխան չեն տվել: Մեզ հետ զրույցում նախագահին ներման խնդրագրով դիմած մի խումբ դատապարտյալների հարազատներ հայտնեցին, որ մայիսի 28-ին՝ Առաջին հանրապետության հռչակման օրը, Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնելու, խնդրելու, որպեսզի քայլեր ձեռնարկեն եւ իրենց հարազատների ներման խնդրագրերին ընթացք տան: Ի՞նչ արդյունք կտա դատապարտյալների հարազատների բողոքի ակցիան. սպասենք զարգացումներին:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմին է ներկայացրել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանին եւ Մհեր Գրիգորյանին: «Մենք կարեւոր աշխատանք ունենք անելու եւ պետք է արդարացնենք ՀՀ քաղաքացիների ու հայ ժողովրդի հույսերը: Կառավարության գործունեությունը լինելու է հետեւյալ տրամաբանությամբ. պետք է արդյունավետ քայլեր իրականացնենք, եւ եթե որեւէ քայլի ճշմարտացիության հարցում համոզված ենք՝ հաշվի առնելով առկա փաստարկները, ապա պետք է դրանք կիսենք հանրության հետ եւ նրան կարողանանք համոզել նույնկերպ, ինչպես ինքներս ենք համոզվել: Նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր: Այս գործընթացի կազմակերպման ամենակարեւոր դերակատարները փոխվարչապետներն են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի գնահատման՝ չափանիշը պետք է լինի պրոֆեսիոնալիզմը եւ նվիրվածությունն աշխատանքին: «Կարծում եմ, որ կառաջնորդվենք հետեւյալ սկզբունքով. նրանք, ովքեր կհամապատասխանեն այդ չափանիշներին, կշարունակեն աշխատել»,- ամփոփել է նա:

 

 

ԾԵԾՈՂԸ ՀԱՅՏՆԻ Է
Հրապարակել էինք, որ մայիսի 10-ին Բաղրամյան պողոտայում ծեծի էին ենթարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներից երկուսը: Մասնավորապես անհայտ անձը մոտեցել էր բողոքի ակցիայի մասնակիցներին ու դիտավորությամբ կոտրել մասնակից, 19-ամյա Համբարձում Մ.-ի բարձրախոսը եւ ձեռքով հարվածել նրա մարմնին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հետո բռունցքով հարվածել էր մասնակից 25-ամյա Էդգար Վ.-ի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ինչից հետո հեռացել էր: ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ ընթացքի մեջ է գործը: Պարզվել է, որ անհայտ անձը 45-ամյա Ժորա Ռ.-ն է, որը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն: Տուժողներից Համբարձում Մ.-ն նշել է, որ ոստիկանությունում դեպքի օրը արդեն իսկ ցուցմունք է տվել. մինչ հիմա իր եւ Ժորա Ռուբենյանի միջեւ առերեսում տեղի չի ունեցել: Տուժողը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության:

 

 

ՔՐԳՈՐԾ
ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ վերահսկիչ պալատի հաշվետվությունների ուսումնասիրությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել. այս անգամ` ԴԱՀԿ-ում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ: Պարզվել է, որ 2016թ. եւ 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տաքսի ծառայություն մատուցող «Ս. Լ. Տ.» ՍՊԸ-ի եւ «Թ. Ա.» ՍՊԸ-ի ղեկավար աշխատակիցները եւ ընկերությունների հետ առնչություն ունեցող անձինք ընկերությունների ավտոմեքենաների վարորդների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դիմաց վարչական պատասխանատվության ենթարկելու համար խախտում կատարած վարորդների վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու փոխարեն ներկայացրել են խախտումների հետ չկապված, գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց տվյալներ: Արդյունքում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները թվով 6287 խախտումների համար նշանակված տուգանքների՝ ընդհանուր 47.5 մլն դրամ գումարն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական 2 անձի անվամբ: Իսկ վարչական ակտերով գումարների բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթները ԴԱՀԿ-ն ավարտել է պարտապանի գույք կամ եկամուտներ չունենալու հիմքով:Այս ամենի հետեւանքով պետությանը պատճառվել է էական վնաս:




Լրահոս