Արփի լիճն ապահովում է Շիրակի մարզի ցանքատարածությունների ոռոգման ջրային ծավալի 90 տոկոսը: Դրանից զատ, Արփի լճից դոտացիոն կարգով ջուր է բաց թողնվում մարզի այլ ջրամբարներ եւս, մասնավորապես Կառնուտի ջրամբար: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ եղավ ՀՀ Շիրակի մարզում եւ արձանագրեց, որ դեպի Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են: Ըստ Շիրակի մարզպետարանի բնապահպանության վարչության` Ախուրյան տանող շլյուզները փակված են, որովհետեւ ջուրը բաց է թողնվում դեպի Կառնուտի ջրամբար:
ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Կառնուտի ջրամբարից այս տարի ջրբացթողում դեռեւս չի իրականացվել: Իսկ ահա անցած տարի ջրբացթողումն իրականացվել է հունիսի 1-ից սկսած: Ըստ ջրպետկոմի` այս պահի դրությամբ անձրեւոտ եղանակի շնորհիվ Կառնուտի ջրամբարում կա 16 մլն խմ ջուր: Անցած տարվա այս ժամանակահատվածի տվյալներով, Կառնուտի ջրամբարում եղել է 15,380 մլն խմ ջուր: «Կառնուտի ջրամբարը կարող է մինչեւ 18 մլն խմ ջուր ամբարել. եւս 2 մլն խմ ջուր ամբարելուց հետո միայն կբացվեն դեպի Ախուրյան տանող շլյուզները»,- «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց ջրպետկոմի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:
Սրան զուգահեռ նկատենք, որ եթե Ախուրյան գետ տանող շլյուզները փակված են, հետեւաբար դեպի Ախուրյանի ջրամբար ջուր չի կարող գնալ:
Մեր հարցին` ի վերջո ե՞րբ են բացվելու Ախուրյան տանող շլյուզները, Մարտիրոսյանը հայտնեց. «Կախված է նրանից, թե որքան կտեւեն անձրեւները, եւ ինչ ջրապահանջ կունենան Կառնուտի ջրամբարից սնվող հողակտորները: Այո, Ախուրյանի ջրամբար չի գնում ջուր, քանի որ այնտեղ կուտակված ջուրը, ինչպես գիտեք, 50/50 համամասնությամբ կիսում ենք թուրքական կողմի հետ: Իսկ Կառնուտինը` ոչ: Այդ իսկ պատճառով նախ եւ առաջ աշխատում ենք լցնել Կառնուտի ջրամբարը, հետո նոր` Ախուրյանինը»:
Մինչդեռ նկատենք, որ Կառնուտի ջրամբարում ջուր կուտակելու արդյունքում Ախուրյանի ջրամբարն է շարունակում դատարկ մնալ: Եւ սա այն դեպքում, երբ Արարատյան դաշտավայրում սկսվել է ոռոգման սեզոնը: Տեղեկացնենք նաեւ, որ մարզում բանջարանոցային կուլտուրաների սածիլման աշխատանքը սովորաբար սկսվում է մայիսին: Բայց այս տարի ոռոգման սեզոնը շուտ է սկսվել, քանի որ հանրապետությունում եղանակային բարենպաստ պայմաններ են:
Եւ չի բացառվում, որ առաջիկայում Արմավիրի, Արարատի մարզերի գյուղերի մի քանի հարյուրավոր բնակիչներ առաջիկայում դարձյալ ոռոգման ջրի խնդիր ունենան եւ ճանապարհ փակեն: Իսկ ինչ է անում Ջրային տնտեսության պետական կոմիտեն խնդիրը կարգավորելու համար: Բացարձակ ոչինչ, բացի ջրամբարները սխալ շահագործելուց: Նաեւ` այս տարի կառավարությունը մի քանի հարյուր միլիոնների չափով գումար է հատկացրել ջրպետկոմին հավելյալ պոմպակայաններ ձեռք բերելու համար: Բայց սրա փոխարեն ջրպետկոմը կարող էր խնայողաբար օգտագործել ջուրը եւ Կառնուտի ջրամբարը չափից ավելի քանակությամբ ջուր բաց թողնելու փոխարեն միաժամանակ մտածեր նաեւ Ախուրյանի ջրամբարը լցնելու մասին:
Իսկ պաշտոնապես, Ախուրյանի ջրամբարի լցվածությունն այս պահի դրությամբ 359,96 մլն խմ է, որը 80,53 մլն խմ-ով պակաս է անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից: Ի դեպ, անցած տարի եւս Ախուրյանի ջրամբարը պակաս էր լցվել 70-90 մլն խմ-վ: Այս տարի ըստ պաշտոնական հայտարարությունների` ջրամբարն ավելի պակաս է լցվել, սակայն, եղանակային պայմաններից ելնելով, ուզենք, թե չուզենք, ոռոգումը սկսել ենք մեկ ամիս շուտ: Սա նշանակում է` ոռոգման սեզոնն ավելի երկար կտեւի, իսկ ջրի դեֆիցիտը` աղետալի: Բայց ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի ջրամբարներով հարուստ Հայաստանը հույսը դարձյալ կդնի Սեւանա լճից բացթողումների վրա:
Մյուս կողմից, պարզվում է, Շիրակի մարզում ջրային բացթողումները, կարճ ասած` «ջրային իշխանությունը» «Շիրակ» ՋՕԸ-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանի ձեռքում է: Խոսքը ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր մասին է: Տեսակետ է շրջանառվում այն մասին, որ ինքը երբ ցանկանում է շլյուզները փակում է, երբ մտքին կա` բացում: Բացի այս, տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ Կառնուտի ջրամբար այս ընթացքում նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, որը հետագայում ինչ-ինչ ճանապարհներով «վաճառվում է»: Սա բնականաբար չի վերահսկվում, եւ այդպես էլ անհայտ է մնում, թե որտեղ են կորչում այդ ջրերը: Եւ զարմանալի չէ, քանի որ նույն Ռուստամ Գրիգորյանին «Շիրակ» ՋՕԸ բերել է ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Արսեն Հարությունյանը: Նրանք միասին աշխատել են գազամատակարարման ներտնային ծառայությունների սպասարկմամբ զբաղվող «Էյ Ի Ջի սերվիս» ընկերությունում: Անձամբ Ռուստամ Գրիգորյանին «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ գտնել, քանի որ աշխատանքային ժամերին աշխատանքային հեռախոսահամարներն այդպես էլ չպատասխանեցին:
Այն, որ Կառնուտի ջրամբար նախատեսվածից ավելի քանակությամբ ջուր է բաց թողնվում, այդ մասին է վկայում Վահրամաբերդ-Կապսի գյուղերի կամուրջի ծանրացած լինելը: Քանի որ բաց թողնվող ջրի մեծ ծավալի պատճառով «Շիրկանալը» հնարավոր է չդիմանա. այն կանգնած է փլուզման վտանգի առաջ: Ի դեպ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից Կառնուտի ջրամբար մայիս ամսվա ընթացքում ջուր բաց թողնելու թույլատրելի մակարդակը վայրկյանում 1.6 խմ է: Այնինչ Շիր.կանալի գերծանրաբեռնվածությունը թույլ է տալիս ենթադրել, որ վայրկյանում 1.6 խմ-ի փոխարեն բաց է թողնվում մոտ 5 խմ:
Հ.Գ. «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրեց նաեւ, որ Շիր.կանալից ներքեւ ընկած հատվածում դիտակետեր տեղադրված չկան: Մինչդեռ դրանց առկայության դեպքում հնարավոր կլիներ վերահսկել ջրի բացթողման չափը`դեպի Ախուրյանի ջրամբար: Չէ՞ որ հնարավոր է փաստաթղթերում դեպի Ախուրյանի ջրամբար ջրի բացթողման այլ թվեր ներկայացվեն, իսկ իրականում`այլ:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, նաիրիտցիների համակարգող խմբի անդամների եւ աշխատակիցների փաստաբան Տիգրան Սարգսյանի հետ: Հանդիպմանը փաստաբանը ներկայացրել է գործարանի նախկին աշխատակիցների դժգոհությունը դատական համակարգի աշխատանքից՝ կողմնակալ համարելով «Նաիրիտ»-ի գործին առնչվող դատավորների վերաբերմունքը: Նրանք բարձրացրել են նաեւ գործարանի վերագործարկման հարցը, դրա վերաբերյալ ներկայացրել իրենց տեսակետները: Ա. Սարգսյանը տեղեկացրել է, որ Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավասությունների շրջանակում այդ հարցերը քննարկել է նաեւ համակարգի ղեկավարության հետ: Հանրապետության նախագահը կարեւորել է այս խնդիրների քննարկումը կառավարության հետ: Արմեն Սարգսյանը առաջնային խնդիր է դիտարկել գործարանի առկա վիճակի եւ վերագործարկման հնարավորությունների մասնագիտական վերագնահատումը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ ներդրողների հնարավոր հետաքրքրությունը:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԵՐԵՎԱՆ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանի փոխանցմամբ, մայիսի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայող Շամխալ Սեյրանի Պետրոսյանը երեկ տեղափոխվել է Երեւան: ՀՀ ՊՆ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանն ասել է. «Զինվորը ստացել է որովայնի հրազենային վիրավորում, կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում բժշկական հետազոտություններ է անցել, այժմ կրկնակի վիրահատության կարիք չունի»: Հարցին` զինվորի կյանքին վտանգ սպառնում է արդյոք, Գ. Հովհաննիսյանը հայտնել է, որ չնայած ծանր վիճակին՝ հեմոդինամիկան կայուն է. «Այն, որ այդ ծանր վիճակից հետո որոշակի կայունացում կա, չնայած արհեստական շնչառության պայմաններում է եւ սեդացիայի տակ է, բայց բոլոր ֆունկցիաները մեր կառավարման տակ են»:
Հիշեցնենք, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային ծանր վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:
ԿԲԱՆԱԿՑԵՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները երեկ գործադուլ են հայտարարել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Կոմբինատի մոտ հավաքված աշխատակիցների պնդմամբ՝ մինչեւ աշխատավարձը չբարձրանա, դա թղթի վրա չտեսնեն՝ չեն աշխատելու: Կոմբինատի ղեկավարության կողմից ներկայացած մի քաղաքացի գործադուլ անող աշխատակիցներին հավատացրել է, որ ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է խնդրում: Սակայն նրան աշխատակիցները չեն լսել, շարունակել են ներկայացնել իրենց պահանջը: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Անդրեյ Սինյակովը եւս փորձել է բանակցել իր աշխատակիցների հետ` հորդորելով, արտադրությունը քաղաքականության հետ չխառնել: Աշխատակիցներն, ի վերջո, համաձայնել են բանակցել կոմբինատի ղեկավարության հետ: