«ՓԱՇԻՆՅԱՆԸ ՎԻԶ ՉԾՌԵՑ ՄԵԾ ԵՂԲՈՐ ԱՌԱՋ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը քաղաքական վերջին զարգացումների եւ Նիկոլ Փաշինյանին նմանակելու համար քննադատությունների արժանանալու մասին զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, վերջին շրջանում քննադատությունների բուռն ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ Դուք համացանցում տարածեցիք տեսանյութեր, որտեղ նմանակում էիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, եւ արդյոք այն հղի՞ է վտանգներով:
-Սա այն բանի հետեւանքն է, որ մենք երբեւէ նորմալ ղեկավար չենք ունեցել, իսկ հիմա վերջապես ունենք մեկին, որը ժողովրդին հաճելի է, եւ այդ ժողովրդին թվում է, որ ղեկավարին իրենց ձեռքից խլելու են, ուստի փորձում են բոլոր մեթոդներով պաշտպանել նրան: Մեկնաբանություններից մեկում մի քաղաքացի գրել էր. «Այնքան եք անելու՝ Փաշինյանը էլ ուղիղ եթեր չմտնի»: Այսինքն՝ իրենց թվում է, որ այդ մարդը բան ու գործը թողած՝ օրինակ, Պուտինի հետ նստած, գրպանից հանելու է հեռախոսն ու նայի, թե Յոժն ինչ է թողարկել: Սա ծիծաղելի է: Նման մտածելակերպը տգիտության եւ անհեռատեսության արդյունք է, բնորոշ է ոչ դեմոկրատական հասարակություններին, որոնք ոչ մի այլ կարծիք, հումոր, կատակ չեն ընդունում:
-Ի դեպ, նկատենք, որ Փաշինյանի մասին Ձեր հումորները շատ մեղմ են, եթե դրանք համեմատելու լինենք նախկին իշխանության ներկայացուցիչների մասին հումորների հետ:
-Դե, վերջիններն արդեն հումոր չէին, այլ սատիրա: Ընդ որում՝ նրանց անձի շուրջ ստեղծված հոլովակներում կային խնդիրներ, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին հումորների հիմքում խնդիր չկա: Նույն կերպ կարելի է առանց հետին մտքի անեկդոտ պատմել:
-Մի կարեւոր հանգամանք էլ՝ քննադատները ոչ թե դժգոհում են հումորի որակից, այլ պահանջում են Նիկոլ Փաշինյանի անձին առհասարակ չանդրադառնալ:
-Լինում է չէ՞, որ կինը, որը երկար տարիներ երեխա չի ունենում, մեկ էլ 50-ում հանկարծ հղիանում է, ծնում է երեխա, նրան սկսում է պաշտել ու փչացնել: Մեր հասարակությունը նման է այդ կնոջը: Պարզապես Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ նրանց տանի դեպի անձի պաշտամունք: Մարդիկ կհանգստանան, երբ հասկանան, որ ոչ ոք իրենցից Նիկոլ Փաշինյանին չի գողանալու, երբ ամեն բան կընկնի իր տեղը, եւ կառավարությունը կսկսի սովորական հունով աշխատել: Ես այս երեւույթներին փիլիսոփայորեն եմ նայում: Ամեն ինչ նորմալ է:
-Առաջիկայում էլի հոլովակներ կնկարե՞ք, թե՞ տեղի կտաք քննադատների հորդորներին:
-Իհարկե, կնկարեմ: Ես կարձագանքեմ ինչ-ինչ դրվագների, խնդիրների, որովհետեւ ունեմ իմ լսարանը: Լավ չի, որ իմ լսարանը փոքր է: Բանն այն է, որ դրա անդամ են հիմնականում ինտելեկտուալները: Լավ չի, բայց փաստ է: Շատերն ասում են, որ դա միայն հայերիս խնդիրն է, բայց այդպես չէ: Ժողովրդի զգալի մասը իմպուլսիվ զանգված է, որը մի քայլ անում է, նոր է մտածում: Իսկ խոհեմ մարդիկ փոքր թիվ են կազմում: Ամեն դեպքում, այնպես չէ, որ ես պատրաստ չէի քննադատությունների: Ես սովոր եմ, որ ինձ չեն սիրում:
-Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ կարծիք ունեք կառավարության նոր կազմի մասին:
-Ես ոչ ոքի չեմ ճանաչում, բայց առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել կառավարության նոր անդամներին, ուզում եմ ասել, որ միշտ կլինեմ իրենց կողքին, եթե կոնկրետ իմ աջակցության կարիքն ունենան: Որպես քաղաքացի՝ ամեն բան կանեմ, որ լավ լինի: Ուրախ եմ, որ կառավարության կազմում ընդգրկված են երիտասարդներ, եւ մեծ սպասելիքներ ունեմ նրանցից:
-Եվ վերջում՝ Փաշինյան-Պուտին հանդիպումից ի՞նչ տպավորություններ ունեք:
-Վերջապես մենք ունենք պետության ներկայացուցիչ, որի համար չենք ամաչում: Իսկ նրանք, ովքեր քննադատում են նրան եւ ասում են, թե, օրինակ, վատ է ռուսերեն խոսում, ասեմ, որ իրենք բացի ռուսերենից ուրիշ բան չգիտեն: Ի դեպ, որպես ռուսական կրթություն ստացած մեկը՝ կարող եմ ասել, որ նա իր խոսքում գրեթե ոչ մի սխալ թույլ չի տվել, պարզապես ունի ակցենտ, իսկ դա նորմալ է: Դրանք ճղճիմ խոսակցություններ են: Լեզվի հարցը միայն կարող է բարի հումորի թեմա լինել, բայց լուրջ քննարկելու բան չէ: Վերադառնալով հանդիպմանը՝ ասեմ՝ ինձ դուր եկավ այն, որ նա վիզ չծռեց Մեծ եղբոր առաջ: Դա խոսակցություն էր երկու պետությունների ղեկավարների միջեւ. ի՞նչ անենք, որ մի պետությունը մեծ է, մյուսը՝ փոքր: Ինձ դուր եկավ, որ Փաշինյանն ասաց՝ կան հարցեր, որոնք քննարկելի չեն, բայց կան հարցեր, որոնք մենք դեռ կքննարկենք: Դա նուրբ եւ դիպլոմատիկ խոսք էր: Իսկ նախկին կառավարության դեպքում մենք ոչինչ չէինք անում, անում էինք այն, ինչ մեզ ասվում էր:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

ԱՇԽԱՐՀՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱԳՐԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՊԸ

Մայիսի 6-ին այն ժամանակ դեռ ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը «Անտարես» հրատարակչության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ իր՝ «Երկրի հակառակ կողմը» վեպը հրատարակելու շուրջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

«Երբ դեռ Նիկոլ Փաշինյանը ձերբակալված էր, Արամազդ Ղալամքարյանի հետ նախաձեռնեցինք գրքի ձեւավորումը, հետո արդեն համաներման հարց եղավ, սպասեցինք, որ Նիկոլ Փաշինյանը բանտից դուրս գա եւ ինքը որոշի՝ իր գրքի հետ ինչպես վարվի: Այս տարիների ընթացքում, սակայն, միշտ ցանկություն եմ ունեցել անդրադառնալ այդ գործին: Եվ երբ մեկնարկեց ժողովրդական շարժումը, ես նրան տեղեկացրեցի, որ ցանկանում եմ հրատարակել գիրքը: Այդպիսով՝ ամսի 6-ին հանդիպեցի նրան, եւ ձեռք բերեցինք պայմանավորվածություն»,- պատմեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ դեռեւս փետրվարից Փաշինյանը սեփական նախաձեռնությամբ սկսել էր խմբագրել գիրքը, սակայն հետո, երբ որոշվել է այն տպագրել, ցանկություն է հայտնել, որ մեկ այլ հմուտ խմբագիր եւս այն աչքի անցկացնի. «Խմբագրական եւ սրբագրական աշխատանքներն ավարտել ենք։ Տեխնիկական խմբագրման եւ կազմի ձեւավորման փուլում ենք։ Կազմի գաղափարը հեղինակինն է։ Այդ լուծումն ինձ շատ է դուր եկել: Արդեն մի քանի երկրներից առաջարկ ենք ստացել թարգմանության համար։ Սկսել ենք անգլերենով եւ ռուսերենով փորձնական թարգմանչական աշխատանքները։ Հիմա սպասում ենք, որ պարոն վարչապետը կես ժամ ազատ ժամանակ ունենա, որպեսզի ստորագրի, եւ գիրքը հանձնենք տպագրության»,-մանրամասնեց պարոն Մարտիրոսյանը:
Նա շեշտեց՝ եթե «Երկրի հակառակ կողմը» վեպը թարգմանվի, այն ճանապարհ կբացի մյուս հայկական գրքերի համար. «Սա առաջին մասսայական պահանջարկն է, երբ աշխարհն ասում է՝ եկեք ձեր Հայաստանում ծնված գիրքը թարգմանենք»,- ասաց նա:
Նշենք, որ վեպը մաս-մաս թողարկվել է «Հայկական ժամանակ»-ում, բայց դեռ չխմբագրված տարբերակով:
«Որպես ընթերցող կարող եմ ասել, որ շատ մտքեր, որոնք ծնվել են ընդհատակում, այսօր իրագործվում են: Մենք պարոն Փաշինյանի հետ վերջին հանդիպման ժամանակ խոսում էինք այն մասին, որ գրականությունը նախորդում է իրականությանը»,- եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ
Մայիսի 27-ին մեկնարկում է ավանդական դարձած Norway Chess Classic շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցելու են Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիար Մամեդյարովը, Լիրեն Դինգը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Լեւոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը: Մրցաշարը տեւելու է մինչեւ հունիսի 7-ը: Հավասար միավորներ ունենալու դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքի միջոցով:

 

 

ԿՈՂՄ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ
Կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալ»-ը հայտարարել են, որ աջակցում են աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների քանակն ավելացնելու որոշմանը: Իսպանական 2 սուպերակումբները կողմ են ՖԻՖԱ-ի կողմից նախաձեռնած փոփոխություններին: Նոր նախագծի համաձայն՝ աշխարհի ակումբային առաջնությունը պետք է անցկացվի 4 տարին մեկ՝ Կոնֆեդերացիաների Գավաթի փոխարեն, իսկ մասնակիցների թվում լինելու են ակումբներ բոլոր երկրներից: Եվրոպան կունենա 12 ներկայացուցիչ, Հարավային Ամերիկան՝ 4-5, Աֆրիկան, Ասիան ու Հյուսիսային Ամերիկան՝ 2-ական, իսկ Օկեանիան՝ մեկ: Այժմ աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվում է ամեն տարի եւ մասնակցում են աշխարհամասերի ուժեղագույն ակումբներն ու կազմակերպիչ երկրի չեմպիոնը:

 

 

ՀԵՌԱՑԵԼ ԵՆ
Հայ հարձակվող Ռուսլան Կորյանը հեռացել է «ԲՄԱ-Խաբարովսկից»: Նշենք, որ բացի Կորյանից, ակումբից եւս 12 ֆուտբոլիստ է հեռացել: «ԲՄԱ-Խաբարովսկ»-ը, որն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով լքել է ՌՖՊԼ-ն, որոշել է չերկարաձգել պայմանագրերն այդ ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք` 29-ամյա հայ ֆուտբոլիստը 2016թ. էր հանդես գալիս «ԲՄԱ-Խաբարովսկում», իսկ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 12 հանդիպման է մասնակցել:

 

 

5 ՄԼՆ ԴՈԼԱՐ
«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին մոտ է «Դի-Սի Յունայթեդ» տեղափոխությանը: Ամերիկյան ակումբն անգլիացուն պատրաստ է տարեկան նվազագույն 5 մլն դոլար վճարել մինչեւ 2020 թվականը: Կողմերը շարունակում են բանակցություններ վարել: Անգլիացի հարձակվողը պետք է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում միանա «Դի-Սի Յունայթեդ»-ին: Ակումբի ղեկավարությունը դեռեւս հրաժարվում է մեկնաբանություններ անել: Հիշեցնենք` Ռունին «Էվերթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ից 2017թ. ամռանը:




Լրահոս