ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Մյասնիկյանի արձանի մոտ

Երեւանի կենտրոնում` քաղաքապետարանի հարեւանությամբ գտնվող Մյասնիկյանի արձանի հարակից այգում, դեռ փետրվարից վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Եվ դեռ այդ օրերից աղմուկ բարձրացավ, որ այգու ծառերը հատվում են: Չնայած Երեւանի քաղաքապետարանից պարզաբանել էին, որ իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր եւ ծերացած ծառեր: Նրանք խոստացել էին, թե բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով: Մինչդեռ այգու ծառերը անխնա հատվել են, եւ նախկին գեղեցիկ ուռիներն այլեւս չկան:

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ ժամկետում եւ ի՞նչ կարգով է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հրապարակում հայտարարություն ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ: Ինչպե՞ս կարելի է ծանոթանալ թափուր պաշտոններին:

Գեւորգ Խաչատրյան (30 տարեկան, իրավագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների վերաբերյալ համապատասխան տեղեկություններ ստանալուց առնվազն 10-օրյա ժամկետում խորհուրդը հրապարակում է հայտարարություն կադրերի կարճաժամկետ (երկարաժամկետ) ռեզերվում գրանցված քաղծառայողների (անձանց) կողմից ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմում ներկայացնելու նպատակով: Հայտարարությունը հրապարակվում է ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում, տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաեւ տեղադրվում է ՀՀ ՔԾԽ պաշտոնական կայքում:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայտարարությունը հրապարակվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում քաղծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձը դիմում է ներկայացնում ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` առեւտուր իրականացնելու համար լիզենցիայի առկայությունը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ ասեք՝ որքա՞ն է կազմում պետական տուրքի գումարի չափը:

Վիկտորյա Մնացականյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վ. Մնացականյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ առեւտրի իրականացման վայրի կազմակերպում գործունեության տեսակը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից մեկն է, որի համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 18-րդ կետի 18.14-րդ ենթակետով սահմանված են առեւտրի իրականացման վայրի կազմակերպման համար տարեկան պետական տուրքի հետեւյալ դրույքաչափերը.
18.14.1. Երեւան քաղաքում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
18.14.2. Մարզկենտրոններում կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
18.14.3. Երեւան քաղաքից եւ մարզկենտրոններից դուրս կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ լիցենզիա ստանալու համար դիմած առեւտրային կազմակերպության կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականում գործունեության համապատասխան տեսակների իրականացում նախատեսող գրառման բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ լիցենզիայի հայտի մերժման համար: Ի դեպ, լիցենզիան չի կարող այլ անձանց օգտագործման տրվել, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:




Լրահոս