Օրեր առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի եւ թանգարանային ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը նախարարը նոր առաջարկով էր հանդես եկել: Նա տեղեկացրել էր, որ բոլոր գերատեսչությունները ստացել են վարչապետի հանձնարարականը ԱԺ-ում ներկա պահին առկա օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ: Թանգարանային ոլորտի մասնագետների ճնշող մեծամասնությունը փաստել էր, որ «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի բազմաթիվ դրույթներ գործնականում կիրառելի չեն: Արդյունքում որոշում էր կայացվել «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը հետ կանչել ՀՀ Ազգային ժողովից եւ ստեղծել շահագրգիռ բոլոր կողմերից բաղկացած աշխատանքային խումբ օրենսդրական նոր փաթեթ մշակելու նպատակով:
Իսկ թանգարանային ոլորտում օրենսդրական ի՞նչ փոփոխությունների կարիք ունենք մենք. թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի եւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հետ:
Նարինե Թուխիկյանի խոսքով՝ տասը տարուց ավել մշակույթի նախարարությունն այդպես էլ չկարողացավ պատշաճ տեսքի բերել օրենքի նախագծերը. «Մեզնից պահանջում էին առաջարկներ, այդ առաջարկները տրվում էին, բայց որեւէ տեղաշարժ չկար: Նախագծերն այնքան թերի էին, պրիմիտիվ, որ դրանցով պարզապես հնարավոր չէր աշխատել: Հիմա հուսանք, որ դրանք կփոխվեն: Համենայն դեպս, աշխատանքային խմբում շատ հմուտ անձիք են ընդգրկված, այդ թվում՝ ԻԿՕՄ-ի հայաստանյան ներկայացուցիչը»:
Մեր զրուցակիցն անդրադարձավ, օրինակ, օրենսդրական մի բացի՝ կապված ֆոնդերի գործունեության հետ. «Ֆոնդերից որոշ ցուցանմուշներ (խոսքս վերաբերում է մասնավորապես կտավներին) պարբերաբար արտահանվում են եւ ներկայացվում ժամանակավոր ցուցադրությունների: Հետագայում, սակայն, դրանք հայտնվում են այս կամ այն գերատեսչության պատերին եւ համապատասխան պայմաններում չեն պահվում (Ի դեպ, այս խնդրի մասին մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը եւս վերջերս բարձրաձայնել էր՝ նշելով, որ պատրաստվում է մշակույթի նախարարությունում փակցված նկարները փոխանցել Ազգային պատկերասրահ-հեղ.)»:
Նարինե Թուխիկյանը խոսեց նաեւ վերոնշյալ օրենքներում տեղ գտած ժամակավրեպ տերմինալոգիայի խնդրի մասին. «Այդ օրենքներում կիրառվում էին եզրույթներ, որոնք այնքան հին էին, որ այսօր արդեն աշխարհը վաղուց չի օգտագործում: Ծիծաղելի է, որ սովետական հին օրենքից արված վատ թարգմանությունը կարող էր մտնել Ազգային ժողով եւ ընդունվել: Այդպիսի օրենքների կիրառումը զարգացած երկրների օրենսդրություններին իրազեկ չլինելու հետեւանքն էր: Հուսամ՝ նոր խումբը արագ եւ լավ կաշխատի»:
Օրենքներում տեղ գտած եզրույթներից գլխավորներից մեկի մասին խոսեց նաեւ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը: Նրա համար անհասկանալի է՝ ինչպես կարող է թանգարանը կոչվել պետական ոչ առեւտրային կազմակերպություն. «Ամբողջ աշխարհում թանգարանները ՊՈԱԿ-ներ չեն համարվում: Եթե թանգարանը ՊՈԱԿ է, տնօրենն էլ դիտարկվում է մոտավորապես որպես գործարանի տնօրեն: Ես դեմ եմ այդ մոտեցմանը: Իրավաբաններն ասում են՝ օրենքն այդպիսին է, ես էլ ասում եմ՝ փոխեք օրենքը: Հիմա շատ ՊՈԱԿ-ներ դառնում են հիմնադրամներ, որպեսզի խուսափեն այդ կարգավիճակից, ինձ էլ են նույնը խորհուրդ տալիս, ասում եմ՝ շատ կներեք, ինչու՞ պետք է հիմնադրամ դառնանք. թանգարանը մնում է թանգարան: Ուստի պետք է հստակեցումներ անել, ոչ թե քառասուն էջանոց օրենք գրել ու ջուր ծեծել»,-եզրափակեց պարոն Սարգսյանը:
Աննա Բաբաջանյան