ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ` ԻՆՉՈՎ ԵՆ ԶԲԱՂՎԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն ամբողջությամբ ձեւավորված է: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել, թե նախկին նախարարներն այսուհետ ինչո՞վ են զբաղվելու:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայան


-Պարոն Կարայան, այժմ, երբ այլեւս նախարար չեք, ի՞նչ գործունեություն եք ծավալելու:
-Ես 20 տարուց ավելի անընդմեջ պետական համակարգում եմ աշխատել: Երեւի մի տասն օր կհանգստանամ, հետո կփորձեմ իմ կարողությունները մասնավոր հատվածում օգտագործել:
-Այսինքն` գործարա՞ր դաշտում եք լինելու:
-Երեւի: Չեմ իմանում: Դեռ ոչ մի բան չեմ իմանում:
-Դատելով Ձեր կենսագրությունից` երկար ժամանակ աշխատել եք Ֆինանսների նախարարությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ:
-Այո՛, բոլոր հնարավոր պաշտոնները զբաղեցրել եմ` մինչեւ նախարար:
-Դուք կուսակցական չեք եւ, ըստ էության, կարող էիք շարունակել աշխատել Փաշինյանի կառավարությունում, սակայն առաջարկ չեղավ:
-Հիմա դա էական չէ: Էականն այն է, որ հիմա արդեն ես էլ չեմ մտածում այդ մասին: Հիմա ինչի անդրադարձ կատարենք կամ վերադառնանք դրան: Նպատակահարմար են գտել` այլ նախարար աշխատի, թող աշխատի այլ նախարար: Ես էլ ասել եմ, որ հնարավորություններիս սահմաններում միշտ պատրաստ եմ օժանդակել մեր երկրի զարգացմանը:
-Հետաքրքիր իրավիճակ ստեղծվեց. Արծվիկ Մինասյանից այս պաշտոնը ժամանակին Ձեզ փոխանցվեց, հիմա էլ Ձեզնից կրկին իրեն է փոխանցվում:
-Այո՛, այդպես է:
-Իսկ հիմա, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կաշխատի Արծվիկ Մինասյանը:
-Ես հույս ունեմ, որ ինքը շատ լավ կաշխատի: Մեծ հույս ունեմ, որ արդյունքները կպահպանվեն, մի բան էլ կավելացվեն, ամեն ինչ լավ կլինի:
-Պարոն Կարայան, իսկ ինչի՞ համար եք ափսոսում, ո՞ր ծրագրերն էին, որ Դուք չհասցրիք իրագործել:
-Ճիշտն ասած, ոչնչի համար չեմ ափսոսում: Առավելագույնս փորձել եմ որքան կարող եմ, անել: Ինչն էլ որ կիսատ է մնացել, պարոն Մինասյանին փոխանցել եմ, որ ինքն անի:
-Իսկ առաջնահերթ ո՞ր խնդիրներն այժմ պետք է լուծվեն:
-Հիմնական խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը պետք է դարձնել արտահանելի:
-Ի՞նչ եք կարծում, Փաշինյանի կառավարությունն ինչպե՞ս կաշխատի:
-Չեմ կարող ասել: Հիմա ճիշտ չի լինի, որ ես գնահատական տամ: Ժամանակը ցույց կտա: Հույս ունենամ, որ իրենք կարդարացնեն:
-Տեղեկություն ունեինք, որ խոսակցություն է եղել այն մասին, որ նախարարներն իրենք պետք է հրաժարական տան եւ չսպասեն, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հեռացնի պաշտոնից: Այսինքն` դա որպես պատվի հարց է ներկայացվել: Սակայն Դուք հրաժարական չներկայացրիք:
-Ես չեմ գտնում, որ պետք է հրաժարական տայի: Ես եղել եմ ժամանակավոր պաշտոնակատար մինչեւ հրամանագրով նոր նախարարի նշանակվելը: Եվ իմ լիազորությունները դադարեցվել են: Այլ բան ես չեմ ուզում մեկնաբանել:
-Բայց, այնուամենայնիվ, եթե Ձեզ Փաշինյանի թիմի կողմից առաջարկվեր շարունակել պաշտոնավարումը, կհամաձայնեի՞ք:
-Եթե-ներով չեմ ցանկանա, որ խոսենք կամ քննարկենք: Կա այն, ինչ որ կա:
-Քանի որ ասացիք` երեւի տասն օր կհանգստանաք, հնարավո՞ր է` այդ նպատակով արտերկիր մեկնեք:
-Արտերկիր երեւի թե ոչ, որովհետեւ ինչ իմանամ` ինչպես կստացվի, ինչ առաջարկներ կունենամ: Բայց քանի որ այս տարիներին աշխատել եմ շատ լարված ռեժիմով, մի փոքր հանգիստը չէր խանգարի: Երբեք մեկ ամսով չեմ հասցրել հանգստանալ: Եղել են տարիներ, երբ հասցրել եմ առավելագույնը երկու շաբաթով հանգստանալ: Եվ կարծում եմ, որ այժմ, եթե մասնավոր հատվածում աշխատեմ, դրանով էլ կծառայեմ իմ երկրին:
-Բայց մասնավոր հատվածում էլ բավական խնդիրներ կան:
-Միշտ էլ խնդիրներ կան: Իմ աշխատած ժամանակ ես փորձել եմ առավեալոգույնս բարձրացնել եւ տալ լուծումներ: բայց դա դեռ չի նշանակում, որ խնդիրներ չկան եւ չեն լինելու հետագայում:
-Իսկ ամենամեծ ձեռքբերումը Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞րն եք համարում:
-Համարում եմ այն, որ մենք կարողացանք լուրջ տնտեսական ակտիվություն երկրում արձանագրել: Իմ կողմից հիմնական շեշտադրումն այն էր, որ զարգացնենք արտահանումը երկրից: Եվ իմ ու նախարարության ամբողջ ներուժը ներդրել ենք դրա վրա, ինչպես նաեւ ներդրումներ ներգրավելու համար: Եվ ես գնալուց առաջ հաշվետվություն եմ հրապարակել, որտեղ այդ ամենը նշված է: Ամեն դեպքում ես ինքս ինձ չեմ ցանկանա գնահատականներ տալ:

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյան


-Պարոն Սարգսյան, քանի որ այլեւս նախարարի պաշտոնում չեք, ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:
-Հենց լրագրողներին վերաբերող մի բան լինի, ես կհայտնեմ:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախկին նախարար Վահան Մարտիրոսյան

-Պարոն Մարտիրոսյան, նախարարի պաշտոնից հետո ի՞նչ աշխատանքով եք պատրաստվում զբաղվել:
-Առայժմ ես հանգստանում են ընտանիքիս հետ միասին: Իսկ թե ինչ եմ պատրաստվում անել, դեռ չեմ որոշել:

Զրուցեց ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

 

 

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՎԵՐԱԾՎԵԼ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Փողոց փակելու միջոցով հարց լուծելը կարծես ավանդույթ է դարձել: Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներմուծված պայքարի այս ձեւը, սակայն, կարող է վատ հետեւանքներ ունենալ հենց նրա համար: Նիկոլ Փաշինյանը ընդամենը 9 օր է, ինչ վարչապետ է, սակայն արդեն իսկ նրան քննադատողներ են հայտնվել: Եվ այդ քննադատողները ոչ ավել, ոչ պակաս դիմում են փողոց փակելու մեթոդին, որով հաջողության հասավ հենց ներկայիս վարչապետը:

Միայն երեկ Երեւանում նույն ժամին մի քանի ակցիաներ տեղի ունեցան, եւ դրա պատճառով քաղաքի երթեւեկությունը կրկին կաթվածահար էր եղել: Իհարկե, այս ամենը լավ բանի չի կարող հանգեցնել, մանավանդ, որ ժողովրդի մոտ հիասթափությունն արդեն երեւում է:
Մասնավորապես երեկ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ պայքարողները վաղ առավոտից ՀՀ կառավարության շենքի մոտ էին, ապա գնալով պաշտպանության նախարարություն եւ նախարար Դավիթ Տոնոյանին չհանդիպելով` քաղաքացիները եկել էին Բաղրամյան 26՝ վարչապետի նստավայր: Նույն այդ ընթացքում ավտոներկրողների եւ տաքսու վարորդների բողոքի ակցիա էր մեկնարկել Բրազիլիայի հրապարակից:
Երեկ Բաղրամյան 26-ում էին նաեւ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները, ովքեր բարձրացրել էին գործարանի վերագործարկման եւ չվճարված աշխատավարձերի վճարման հարցը: Բողոքի ցույցեր ընթացան անգամ Սեւանի մայրուղում, ովքեր դժգոհում էին Սեւանի թերակղզու ձախակողմյան հատվածը ապօրինաբար եկեղեցուն տրամադրելու համար։
Տեւական ժամանակ էլ Արշակունյաց պողոտան փակվել էր «Սասնա ծռեր»-ի կողմնակիցների կողմից, քանի որ խմբավորման անդամների խափանման միջոցը կրկին չփոխվեց: Ավելին` «Սասնա ծռերի» անդամներից Պավլիկ Մանուկյանն ինքն էր դատարանի դահլիճից կոչ անում մարդկանց փակել փողոցը:
Դե, իսկ «ակցիաների ակցիան» կարող ենք համարել Երեւանի քաղաքապետարանի դիմաց ստեղծված իրավիճակը. քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով արդեն որերորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են անցկացվում, երեկ ցուցարարները գրոհել էին քաղաքապետարանի շենքը: Միաժամանակ Տարոն Մարգարյանի կողմնակիցներն էլ իրենց հերթին էին ակցիա անցկացնում քաղաքապետարանում` ի պաշտպանություն քաղաքապետի:
Երեկ տարբեր բողոքի ակցիաներ են անցկացվել նաեւ ՀՀ մարզերում՝ Շիրակ, Գեղարքունիք եւ այլն:
Մի կողմից` ակցիաների այս առատությունը տրամաբանական է. հասարակությունը վերջապես զգացել է ազատության շունչն ու փորձում է տարիներով կուտակված էներգիան բաց թողնել, ցանկացած հարցի վերաբերյալ անհամաձայնությունն ազատ հայտնել՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով: Բայց մյուս կողմից` արդեն այս ամենը վերածվում է ամբոխավարության, երբ մարդիկ կարծում են, թե կարող են նույն միջոցներով թեկուզ վարչապետ Փաշինյանին ստիպել իրենց ուզածով շարժվել, իրենց ուզած որոշումները կայացնել: Առավել եւս, երբ նոր իշխանությունն ի զորու չէ մեկ օրում լուծելու խնդիրները, եւ այժմ բախվելով դաժան իրականությանը` շատերի մոտ կարող է հիասթափության մեծ ալիք բարձրանալ: Եվ հենց այդ երեւույթն էլ ձեռնտու է դեռեւս իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ին, որպեսզի անհարմար դրության մեջ դնի նորանշանակ վարչապետին, նաեւ փորձի վարկաբեկել նորանշանակ կառավարությանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՀՅԴ-ԻՑ` ՔՊ
Ինչպես հայտնի է` Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը չորս նոր պատգամավոր է ունենալու: Նրանցից մեկն էլ Հովիկ Աղազարյանն է, որ փոխարինելու է Մանե Թանդիլյանին: Ուշագրավ է, որ ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ հանդիսացող Հովիկ Աղազարյանը նախկինում ՀՅԴ անդամ է եղել: Աղազարյանը քաղաքականության մեջ մեծ փորձ ունի. նա 1990-1995 թթ. առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր է եղել, ընդ որում՝ նա եղել է ՀՅԴ խմբակցության քարտուղար: 1996թ. ՀՅԴ գերագույն մարմնի նախագահն էր: Հատկանշական է, որ 2 տարի անց` 1998թ., Աղազարյանը հեռացվել է ՀՅԴ-ից: Հովիկ Աղազարյանը 2015 թվականից է ՔՊ անդամ, իսկ 2016-ից` ՔՊ վարչության անդամ: Միայն թե, հայտնի խոսք կա՝ «դաշնակը նախկին չի լինում»:

 

 

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՐ
Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում անդրադարձել էր ապրիլի 22-ին դեռ այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Սասուն Միքայելյանի ձերբակալման, այնուհետեւ ազատ արձակման գործընթացին: Դատախազն ասել էր, թե նրանք ձերբակալվել էին ապօրինի հանրահավաքներ կազմակերպելու եւ իրականացնելու համար հարուցված քրեական գործի շրջանակներում: Բայց դատախազի պատասխանից այդպես էլ անհասկանալի էր մնացել, թե, ի վերջո, ինչ իրավական հիմքով ազատ արձակվեցին պատգամավորները: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: Ի պատասխան` ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտեցին. «2018թ. ապրիլի 22-ին ձերբակալված ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը եւ Արարատ Միրզոյանը ձերբակալումից ազատվել են արգելանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով` 2018թ. ապրիլի 23-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշմամբ»: Հիշեցնենք` դատախազը նախօրեին ասել էր, թե ինքը կալանավորման միջնորդություն ԱԺ-ին ներկայացրել էր միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Դրանից հետո այն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը գրավոր դիմել է իրեն համապատասխան հիմնավորումներով չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ, եւ ինքն էլ ետ էր վերցրել միջնորդությունը:

 

 

ՆԱԵՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար` Վահան Մարտիրոսյան
Կառավարության կազմի ձեւավորումից հետո սպասվում է, որ կփոփոխվեն ՀՀ մարզպետները: Եւ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` Սյունիքի մարզպետի պաշտոնը տրվելու է ԲՀԿ-ին: Այս օրերին քննարկվում է հարցը` ո՞վ է մարզպետ նշանակվելու: Որպես ամենահարմար թեկնածու շոշափվում է ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանի անունը: «Ժողովուրդ»-ը տեղեկությունը փորձեց պարզել պատգամավորից, սակայն վերջինս լսելով հարցը` հերքեց տեղեկությունները: Մեր այն հարցին, թե Ձեզ նման առաջարկ չե՞ն արել, Մերուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ո՛չ, չի եղել»:




Լրահոս