Գաղտնիք չէ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հասարակությունն ակնկալում է էական փոփոխություններ, այդ թվում՝ առաջին հերթին սպասում է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի դեպքերի բացահայտում: Այս տարիների ընթացքում՝ մինչ վարչապետ դառնալը, հենց Նիկոլ Փաշինյանն է բազմիցս բարձրաձայնել այդ ոճրագործությունների բացահայտման կարեւորությունը: Եվ այժմ, լինելով երկրի վարչապետ, սահմանադրությամբ՝ ՀՀ փաստացի ղեկավար, նրան հնարավորություն է տրված կոնկրետ քայլեր անել այդ ուղղությամբ: Հատկապես հիմա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ունի հասարակության աջակցությունը:
Ի վերջո, ակնհայտ է, որ այս ընթացքում Հանրապետական կուսակցությունն ամեն կերպ փորձելու է սեւացնել եւ վարկաբեկել նրան: Բացի այդ, հասարակական տրամադրությունները միշտ էլ փոփոխական են, եւ օրինաչափություն է՝ իշխանության ղեկին հայտնված անձը կամ ուժը որոշ ժամանակ անց կորցնում է իր վարկանիշի մի մասը: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական կապիտալն ավելացնելու, հասարակության մեջ աջակիցների էլ ավելի մեծ բանակ ունենալու համար պետք է որքան հնարավոր է շուտ լուծի լրջագույն խնդիրներ, ըստ այդմ՝ պետք է գործողություններ սկսի մարտի 1-ի կամ հոկտեմբերի 27-ի բացահայտման առումներով:
Նկատենք` սա այնքան էլ հեշտ չէ: Նորանշանակ վարչապետը վերահսկողություն չունի գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի վրա: Նաեւ մարտի 1-ի գործով առանցքային դեմքերից նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը շարունակում է պաշտոնավարել, բայց որպես Քննչական կոմիտեի ղեկավար:
Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, խոսելով մարտի 1-ի թեմայով, ասել է, թե քաղաքական իրավիճակի փոփոխությունների արդյունքում ավելի շատ է ակնկալում հանրային աջակցություն: «Ասեմ՝ երբ դու հրավիրում ես հարյուրներով, հազարներով վկաների, ում հարցաքննում ես ու ինքն ասում է՝ ես տեղեկություն չունեմ, կոնկրետ դեպքում, երբ ընդհուպ մինչեւ տուժողի կողքին է գտնվել, բա վկան, տուժողը, մյուսը, հանրության ներկայացուցիչնե՞ր չեն: Հանրությունը հանդես է գալիս որպես վկա, տուժող: Վարույթը հո կախարդական փայտի՞կ չի, վկաների ցուցմունքներ են»,- նշել էր նա:
Հիմա նաեւ իշխանությունը կարող է ապահովել դատախազի ակնկալած «հանրային աջակցությունը»: Այս իրավիճակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության համար վերականգնել նախկին փաստահավաք խումբը կամ նոր փաստահավաք խումբ ստեղծել, մանավանդ որ նախկինում գործած փաստահավաք խումբը բավական լուրջ արդյունքներ էր գրանցել: Ասվածի վկայությունը Գլխավոր դատախազության կողմից ՀՔԾ-ին տրված հանձնարարականն էր, երբ ԱԺ-ում խորհրդարանական լսումներից հետո ուսումնասիրության ուղարկվեց նախկին փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցը, որը վերնագրված է «Բանակի ներգրավվածությունը Մարտի 1-ի իրադարձություններին»: ԱԺ-ում Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ իրականացված լսումների արդյունքում պարզվել էր, որ գործը քննող քննչական խումբն այդպես էլ գործին չի կցել այդ նյութը, եւ որեւէ քայլ չի արվել մարտի 1-ի իրադարձություններին ԶՈՒ ներգրավվածության բացահայտման ուղղությամբ:
Այժմ նաեւ կարեւոր է հարցը, թե ովքեր կկանչվեն հարցաքննության: Ի վերջո, մարտի 1-ի դեպքերի հետ առնչվող պաշտոնյաներից ողջ չէ միայն ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանը, բայց կան նրա տեղակալները: Որպես պաշտոնյա շարունակում են մնալ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանն ու ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանը, ովքեր եւս պետք է հարցաքննվեն: Բացի այդ, անհրաժեշտություն կա հարցաքննելու նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին, պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Հարությունյանին: Էլ չենք խոսում արդեն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին, ում հարցաքննելու պահանջ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ մշտապես բարձրացրել է Նիկոլ Փաշինյանը: Էլ չենք խոսում Քոչարյանի մոտ այդ օրը եղած «շտաբի» անդամների մասին՝ հիմնականում արդեն նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Այնպես որ կարող է տասը տարի շարունակ թաքցված «կծիկը բացվել»:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ այն զեկույցը, որն ուղարկվել է ՀՔԾ, պետք է դարձնել գործողությունների ծրագիր, եւ իրավապահ մարմիններին պարտադրեն, որպեսզի նրանք իրականացնեն ռեալ, ամբողջական, իրական բացահայտում: «Դրա համար բոլոր հիմքերը գոնե նախկին փաստահավաք խմբի կողմից իրականացվել են, հատկապես բանակի ներգրավածության մասին զեկույցի մասին է խոսքը», – նշեց Քոչարյանը:
Մինչ այդ մեկ փաստ էլ. մարտի 1-ի բացահայտման առումով Նիկոլ Փաշինյանից շատ մեծ սպասումներ ունեն նաեւ մարտի 1-ի զոհերի հարազատները: Նրանք եւս Փաշինյանից եւ իր թիմից կոնկրետ արդյունքների են սպասում: Եվ այստեղ տեղին է հիշեցնել, որ ոչ մեկ անգամ նույն Նիկոլ Փաշինյանը եւ իր գործընկերները նշել են, որ մարտի 1-ը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում: Իշխանափոխություն մասամբ եղավ, հիմա հասարակությունն ակնկալում է կոնկրետ արդյունքներ, սակայն ինչպե՞ս դա կարող է լինել այն պաշտոնյաների առկայության պարագայում, ովքեր կապված են եղել այդ դեպքերի հետ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
2 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՃԱՇ
ՀՀ ազգային ժողովը 2 մլն դրամ է ծախսել՝ մեկ օրվա հյուրասիրություն կազմակերպելու համար: Ապրիլի 27-ին պայմանագիր է կնքել «Ուրարտու ռեստորան» ընկերության հետ եւ ձեռք բերել պաշտոնական պատվիրակությունների հյուրասիրության ծառայություններ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուրարտու» ռեստորանը ԱԺ-ի «հյուրերի» համար մատակարարել է ալկոհոլային խմիչքներ, սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, կոկտեյլներ, խմորեղեն, միրգ եւ այլն: Եւ այս «տաք հյուրասիրության» համար պետական բյուջեից ԱԺ-ն ծախսել է 2 մլն դրամ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին` արդյո՞ք հյուրասիրությունը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի եւ Պետական դումայի պատգամավորների համար է (նրանց այցը տեղի է ունեցել ապրիլի 28-ին), ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց` գերադասելով հերթական անգամ «ցրել»: «Տեղեկատվությունը հրապարակման ենթակա ամբողջ ծավալով հրապարակված է: Այդ օրերին ինչքան պատվիրակություն եղել է, իրենց բոլորի համար է»,- ասաց նա:
ԿՐԿԵՍԸ՝ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրիի ավագանու` այսօրվա նիստում բեմադրվելու է «անվստահություն» կրկեսային տրագիկոմեդիան: Գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցները փորձելու են նրան անվստահություն հայտնել, բայց իրենք էլ ձախողելու են այդ գործընթացը: Նպատակը մեկն է, որպեսզի ՏԻՄ մասին օրենքով սահմանված կարգով առաջիկա մեկ տարվա ընթացքում որեւէ մեկը «չանհանգստացնի» Բալասանյանին, եւ ավագանին մեկ տարի չքննարկի նրան անվստահություն հայտնելու առաջարկ: Ինչպես հայտնի է` ՏԻՄ մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` ավագանին համայնքապետին անվստահություն հայտնելու առաջարկ կարող է քննարկել տարին մեկ անգամ: Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի 17 անդամից 10-ը, նաեւ մեկական հոգի ՀՎԿ-ից ու ԲՀԿ-ից, Բալասանյանին անվստահություն հայտնելու համար ավագանու նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին ներկայացել: Նախաձեռնող խումբը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել Գյումրու ավագանու անդամներից Բալասանյանի մտերիմ Տիգրան Հովհաննիսյանին: «Մենք մեր թեկնածուին չառաջադրեցինք: Ընդդիմությունը ներկայացնող երեք քաղաքական ուժով որոշեցինք հետեւել ու տեսնել, թե ինչի համար են անվստահություն հայտնում Բալասանյանի թիմակիցները: Սա իրական կրկես է, ու գյումրեցիները երբեք չեն ներելու: Ամեն ինչ անելու ենք, որ գյումրեցուց գողացված իշխանությունը վերադարձվի գյումրեցուն: Փակագծերը չենք բացում, մենք ունենք ծրագիր ու առաջիկայում հայտարարությամբ հանդես կգանք»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին պատգամավոր ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:
ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է
Ստամբուլում գումարված Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նիստում Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը հայտարարել է, թե «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»: «Հակամարտությունները խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար: ԼՂՀ-ի չկարգավորված հակամարտությունը ոչ միայն խոչընդոտում է մեր երկրի զարգացմանը, այլեւ լուրջ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը եւ ամբողջ աշխարհին»,- ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը` կրկնելով Բաքվի դիրքորոշումը՝ հակամարտությունը պետք է լուծվի տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքների հիման վրա:
ՀՈՒՆԻՍԻՆ ԿՀԱՆԴԻՊԵՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկտոնին եւ Էնդրյու Շոֆերը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանք քննարկել են խաղաղ գործընթացի առաջխաղացման տարբերակները. այս մասին նշվել է համանախագահների հայտարարության մեջ: Է. Մամեդյարովը նշել է ակտիվ բանակցությունները հնարավորինս արագ վերսկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին: Համանախագահները հունիսին ակնկալում են Հայաստանի նոր ղեկավարության հետ հանդիպել:
ՄԱՆԴԱՏՆԵՐ ՍՏԱՑԱՆ
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությամբ Ազգային ժողովի մանդատներ են տրամադրվել՝ ՀՀ վարչապետ ընտրված եւ նշանակված Նիկոլ Փաշինյանի փոխարեն Ալեն Սիմոնյանին («Ելք» դաշինք), հրաժարական ներկայացրած Գրիգոր Ավալյանի փոխարեն Հակոբ Հակոբյանին (ՀՀԿ), հրաժարական ներկայացրած Աղվան Վարդանյանի փոխարեն Ռուզաննա Առաքելյանին (ՀՅԴ), առաջին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի փոխարեն Հրաչյա Հակոբյանին («Ելք»), ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար նշանակված Մանե Թանդիլյանի փոխարեն Հովիկ Աղազարյանին («Ելք»), ՀՀ արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի փոխարեն Հայկ Կոնջորյանին («Ելք»):
ԹՐԱՄՓԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Շնորհավորում եմ Ձեզ վերջերս կայացած ընտրությունների կապակցությամբ: Անհամբերությամբ սպասում եմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում համագործակցությանը, ներառյալ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, բոլոր քաղաքական կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կապահովեն Հայաստանի պայծառ ապագան»,-ասված է ուղերձում: