ՀՀ պաշտպանության նախարարությունը հանգիստ չի տալիս տարբեր ապրանքներ մատակարարող ընկերություններին: Ավելին, ՊՆ-ն առանց հստակ հիմնավորումների կամայական վերաբերմունք է ցուցաբերում եւ հայտերը մերժում` պատճառաբանելով, թե մրցույթին ներկայացված փաստաթղթերում կամ գծիկն է ավել կամ այսինչ-այնինչ բառն է ավել կամ պակաս: Արդյունքում այդպես մեծ վնասներ են հասցվում մրցույթին մասնակցող ընկերություններին եւ, ամենակարեւորը, պետական բյուջեին:
Այս տարվա փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը իր կարիքների համար հայատարարել է հանդերձանքի ձեռքբերման մրցույթ: «Գեւգրուպ» ընկերությունը հայտ է ներկայացրել 2 ապրանքների մասով: Իսկ հայտի ապահովումը ներկայացրել է բանկային երաշխիքի տեսքով` տրված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից: Նշենք, որ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի հրավերում հստակ գրված է եղել «հրատապ բաց մրցույթ» բառակապակցությունը: Սակայն անհասկանալի պատճառներով մրցութային հանձնաժողովը որոշել է մերժել ընկերության հայտը առանց որեւէ մեկնաբանության: Գնահատող հանձնաժողովը բարեհաճել է միայն նշել, որ բանկային երաշխիքը սխալ է: Ավելին, բողոքարկման խորհրդի նիստում միայն պարզվել է, որ հայտը մերժվել է «հրատապ» բառի առկայության պատճառով: Մինչդեռ նկատենք, որ «հրատապ» բառը եղել է ե՛ւ ՊՆ-ի հրավերի մեջ, ե՛ւ ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքում:
«Մենք ամեն բան արել ենք, որպեսզի հրավերից ոչ մի շեղում չլինի, քանի որ միակ փաստաթուղթը, որը կարգավորում է այդ իրավահարաբերությունը, հրավերն է: Իսկ «Ամերիաբանկ»-ը, համաձայն օրենքի, տվել է հրատապ բաց մրցույթի բանկային երաշխիք: Իսկ ՊՆ-ն բավականին երկար մտորումներից հետո` մրցույթի ամփոփման վերջնաժամկետին, հրապարակել է, որ առաջին եւ երկրորդ տեղ զբաղեցրած ընկերությունների բանկային երաշխիքների մեջ քանի որ գրված է «հրատապ բաց մրցույթ», չեն համապատասխանում: Եւ ոչինչ նշված չէ: Մերժել է` հիմնավորելով, որ չի համապատասխանում ու վերջ»,- ներկայացրեց ընկերության ներկայացուցիչ Գեւորգ Մալխասյանը:
Ըստ մեր զրուցակցի` իրենց ընկերությունը այս պատմության մեջ իրավական առումով ոչ մի խախտում թույլ չի տվել եւ բողոք է ներկայացրել ՀՀ գնումների բողոքարկման խորհուրդ: «Դրանցից մեկը վերաբերում է ՊՆ-ի որոշումը բեկանելուն «Գեւգրուպ» ընկերության անունից, մյուսը՝ ընկերության գլխավոր հաշվապահ Վահե Իսրայելյանի կողմից: Հետո ընկերության անունով բողոքը հետ ենք վերցրել, որովհետեւ Վահե Իսրայելյանն էլ է բողոք ներկայացրել, դրա համար համարել ենք, որ երկու բողոք անտրամբանական է: Բայց ՊՆ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել խորհուրդին, որից հասկանալի է դառնում, որ ոչ թե բացատրում է, թե ինչու է մերժել առաջին եւ երկրորդ տեղեր զբաղեցրած ընկերությունների հայտերը, այլ հայտարարում է, որ չեն տեսնում, թե Վահե Իսրայելյանն ինչ առնչություն ունի այս ամենի հետ: Ապա պահանջում են բողոքը չքննել, մերժել: Բնականաբար, խորհուրդը ՊՆ-ի թելն է թելում. մեկուկես տարվա ընթացքում մատների վրա կարելի է հաշվել, թե քանի բողոք է բավարարել, մնացած բոլոր բողոքները մերժել է»,- պարզաբանեց Մալխասյանը: Ապա զրույցի ընթացքում հաստատեց, որ այս գործընթացի մեջ գնահատող հանձնաժողովը ի սկզբանե բացարձակ չի տիրապետել, թե ինչ կամ ինչ պատճառով է մերժում:
Բայց ամենաուշագրավն այն է, որ փետրվարի 22-ից 14 օր առաջ`փետրվարի 8-ին, դարձյալ մրցույթ է կայացել, որի հրավերում գրված է եղել «հրատապ բաց մրցույթ» բառակապակցությունը: Ավելին, «Քանաքեռ կարի ֆաբրիկա» ընկերությունը ներկայացրել է բանկային երաշխիք` տրված համապատասխան հրավերի` «հրատապ բաց մրցույթ» նշումով: Բայց նույն անձանցից կազմված հանձնաժողովը ոչ մի խնդիր չի տեսել, եւ հայտը գնահատվել է բավարար: Այժմ կնքվել է պայմանագիր: Մինչդեռ, ի տարբերություն այս ընկերության, 14 օր անց «Գեւգրուպ»-ի ներկայացրած հայտը մերժվել է:
Եւ, ամենակարեւորը, այս ամենի արդյունքում ՊՆ-ն որոշել է հաղթող ճանաչել երրորդ տեղ զբաղեցրած մասնակցին` 28 մլն 615 հազար դրամ գնային տարբերությամբ: Ստացվում է, որ ՊՆ-ն հնարավորություն ուներ տնտեսելու 28 մլն 615 հազար դրամ գումարը կամ դրանով լրացուցիչ շապիկ եւ կիսավարտիք գնել, ինչը չի արել: Ի դեպ, եթե ավելի քան 28.5 մլն դրամը վերածենք հանդերձանքի, ապա կստացվի կա՛մ 50 հազար հատ շապիկ, կա՛մ 80 հազար հատ կիսավարտիք:
ՊՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին այս կապակցությամբ պարզաբանեցին, թե. ««Գեւգրուպ» եւ «Մասիսի Գարուն ԿՖ» ընկերությունները հայտի ապահովման բանկային երաշխիքի մեջ սխալ նշումներ էին կատարել. մասնավորապես նշել էին` հրատապ բաց մրցույթ, իսկ հրավերով պահանջվող մնացած բոլոր փաստաթղթերը լրացվել էին` բաց մրցույթ»:
«Չի կարող գնահատող հանձնաժողովը անկախ գործել. անդամները մասնավոր զրույցներում միաբերան ասում են, որ հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Գասպարյանն է մեզ ստիպել, որպեսզի նման որոշում կայացնենք: Բայց նա ենթարկվում է ՆՏԱԴ պետ Կարեն Կարապետյանին, ում հրահանգը բնականաբար եւ կատարում է: Ես վրդովված եմ, քանի որ գնահատող հանձնաժողովը եւ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը իրենց այդ մի քայլով ավելի քան 28.6 մլն դրամ գնային տարբերությամբ ապրանքներ են պատրաստվում ձեռք բերել: Ինքը ի պաշտոնե այդքան վնաս է հասցնում զինվորի բյուջեին, դա միանշանակ է»,- հակադարձեց Գ. Մալխասյանը:
Վերջինիս զայրացրել է նաեւ այն, որ արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանին ուղղված իրենց նամակներին մշտապես պատասխանել է ՊՆ դեպարտամենտի պետ Կարեն Կարապետյանը: Ի դեպ, իր հերթական պատասխաններից մեկում նա նշել է. «Վերոնշյալից ելնելով, համալրելով ձեր կողմից նշված հիմնավորումները ու առկա փաստերը` տպավորություն է ստեղծվում, որ ընկերությունը, չհամակերպելով իր կողմից ներկայացված փաստաթղթերում տեղ գտած անհամապատասխանությունների արդյունքում հայտի մերժման փաստին, նպատակ է դրել զրպարտել գնահատող հանձնաժողովին եւ վերջիններիս գործողություններին տալ անհիմն որակումներ»:
«Ես ինքս մարտական գործողություններին մասնակցած մարդ եմ, ամեն ինչի միջով անցել եմ, բայց երբեք չեմ ների, երբ նա մեզ զրպարտող է անվանել: Ով է զրպարտում: Ավելի քան 60 մարդու աշխատատեղ է փակել իր այս քայլով: Սահմանամերձ գոտում է գտնվում մեր ֆաբրիկան, աշխատում ենք առաջին գծում կանգնած զինվորից մի քանի կիլոմետր թիկունքում, աշխատում են կանայք, որոնց երեխաները կանգնել կամ կանգնած են հակառակորդի առաջ: Ու այս ամենի արդյունքում ինքը մեզ զրպարտող է անվանում»,- վրդովված նկատեց Գ. Մալխասյանը:
Նշենք, որ ՊՆ ՆՏԱԴ պետ Կարեն Կարապետյանը այս պաշտոնին է հայտնվել նախկին նախարար Վիգեն Սարգսյանի օրոք, եւ համարվում է նրա «մարդը»: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ է գրել, որ Վիգեն Սարգսյանի նախարար նշանակվելուց հետո ՊՆ-ն լուծարում է բոլոր մատակարարների հետ կնքած պայմանագրերը: Այժմ պաշտպանության նախարարն է Դավիթ Տոնոյանը: Հուսանք` նա ականջալուր կլինի մեր այս հրապարկմանը եւ հանձն կառնի նախորդի «սխալները» ուղղելու գործընթացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Նոյեմբերյանի համայնքապետարանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նոյեմբերյանի նոտար Վասակ Ամիրաղյանի եւ Նոյեմբերյան համայնքի մաս կազմող Ոսկեվան գյուղում գրանցված «Սլովակիա» ՍՊԸ-ի: Այդ գործով որպես երրորդ անձ ներգրավված է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոյեմբերյանի սպասարկման գրասենյակը: Նոյեմբերյանի համայնքապետարանի հայցը վերաբերում է գործարքն անվավեր ճանաչելուն եւ անվավերության հետեւանքների կիրառման պահանջին: Համայնքապետարանի պահանջով, որպես հայցի ապահովման միջոց, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Արման Կուրեխյանի որոշմամբ արգելանք է դրվել «Սլովակիա» ՍՊԸ-ի գույքի եւ դրամական միջոցների վրա: Սույն դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում ընթանում է մայիսի 3-ից:
2014թ. հոկտեմբերի 2-ին սահմանամերձ Ոսկեվան գյուղի բժշկական ամբուլատորիայի նախկին շենքը որպես նվիրատվություն տրվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսային` Սերյոժա Բարսեղյանին պատկանող «Սլովակիա» ՍՊԸ-ին: Ընկերությունն էլ պարտավորվել է տարածքը նորոգել, այնտեղ գարեջրի, հոնի, օղու գործարան գործարկել: Ընկերությունը պարտավորվել է մեկ տարվա ընթացքում 300 հազար եվրոյի ներդրում կատարել, որը Սլովակիայից էր նախատեսված: «Սլովակիա» ՍՊԸ տնօրեն, «Տավուշ» միջազգային հայրենակցական միության նախագահ Սերյոժա Բարսեղյանը ծագումով Ոսկեվանից է: Նրա վկայությամբ՝ Ոսկեվանում շինարարության համար ծախսվել է 100 հազար եվրոյին համարժեք գումար, սակայն գործարան չգործարկվեց: Նա ասաց, որ ադրբեջանական գնդակոծությունից այդ շենքը վնասներ կրեց, որի համար իրենք պետբյուջեից դրամական փոխհատուցում չեն ստացել: 2017թ. օգոստոսի 30-ին կայացած Նոյեմբերյան համայնքի ավագանու նիստի հարցերից մեկը վերաբերում էր Ոսկեվան համայնքի եւ «Սլովակիա» ՍՊԸ-ի միջեւ 2014թ. հոկտեմբերի 2-ին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը վերանայելուն: Ս. Բարսեղյանն ավագանուն առաջարկեց ամբուլատորիայի վերանորոգված շենքի տարածքը կադաստրային արժեքով վաճառել «Սլովակիա» ՍՊԸ-ին, սակայն ավագանին մերժեց: Նոյեմբերյանի ավագանու անդամները քվեարկությամբ որոշեցին «Սլովակիա» ՍՊԸ-ին առաջարկել մինչեւ 2017թ. հոկտեմբերի 5-ը ներկայացնել մինչեւ 2018թ. սեպտեմբերի 1-ը Ոսկեվանում գործարան գործարկելու աշխատանքային պլան, ժամանակացույց. դրանք չներկայացնելու, աշխատանքային պլանը եւ ժամանակացույցը խախտելու դեպքում լուծել այդ ընկերության հետ նախկինում կնքված պայմանագիրը: Ավագանու այդ նիստում վեճ եղավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի եւ Սերյոժա Բարսեղյանի հետ: Վերջինս կարի սարքավորումներ է ներկրել Ոսկեվան եւ ցանկանում է գարեջրի գործարանի փոխարեն կարի արտադրամաս գործարկել: Ասել է, թե ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի փեսան ինչպես ուզում, այնպես էլ վարվում է` չկատարելով ստանձնած պարտավորությունները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ