«ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԶ ՆՄԱՆ «ՀԻՎԱՆԴ» ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը երկրի ներքաղաքական իրավիճակի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերի, մշակույթի նոր նախարարի առջեւ ծառացած հանձնարարականների մասին զրուցել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ: Նրա խոսքով` մենք հիմա անցում ենք կատարել պրակտիկ աշխատանքների փուլ, եւ մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ համակարգային փոփոխությունների հասնելը:

-Պարո՛ն Բաբայան, երկրում տիրող ներքաղաքական ներկայիս վիճակն ինչպե՞ս կգնահատեք, մենք հիմա ի՞նչ փուլ ենք թեւակոխել:
-Ես կարծում եմ՝ մենք հիմա անցում ենք կատարել պրակտիկ աշխատանքների փուլ: Յուրաքանչյուր հեղափոխություն ալեկոծում է, շատ փրփուր է բարձրացնում, բայց գալիս է մի ժամանակ, երբ ծովը հանդարտվում է, աղբը գնում է մի կողմ, մարգարիտները՝ մյուս կողմ: Այդ ժամանակ սկսվում է կառուցողական աշխատանքը: Բոլոր դեպքերում` մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ համակարգային փոփոխությունների հասնելը: Եվ հիմա պետք է հստակեցվի՝ համակարգային փոփոխություն ասվածի տակ մենք ինչ ենք հասկանում: Իմ պատկերացմամբ, հարկավոր է դրա տակ հասկանալ անկախ դատաիրավական համակարգի ձեւավորում, մենաշնորհների մերժում, արդար ընտրությունների անցկացում, բոլոր կուսակցությունների համար հավասար պայմանների ստեղծում, մամուլի ազատության ձեռքբերում, սոցիալական մի շարք ծրագրերի իրականացում, կրթության, մշակույթի ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացում: Սրա ժամանակն է գալիս: Բացի այդ՝ Հայաստանում վերջապես պետք է ձեւավորվեն անկախ արհմիություններ: Չի կարող տնտեսական զարգացում լինել ստրուկի եւ տիրոջ կարգավիճակով:
-Ըստ Ձեզ՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց ի վեր որեւէ լուրջ սխալ թույլ տվե՞լ է:
-Նախ մի քանի դատողություն անենք այն շրջանի վերաբերյալ, երբ նա դեռ վարչապետ չէր: Եթե մարդը ժողովրդական շարժման միջոցով հասնում է հաջողության, երեւի թե սխալ էին նրանք, ովքեր մտածում էին, որ այդ մեթոդը արդյունավետ չէ: Ես էլ էի այդ մարդկանց թվում: Ես էլ չէի կարծում, թե դա հնարավոր է, թեեւ նկատեմ, որ Փաշինյանը շատ ճիշտ օգտագործեց եւ համատեղեց երկու բան՝ պայքարի ձեւն ու բովանդակությունը: Սա թատերական կյանքում լավագույն պրիոմներից մեկն է: Նա ընտրեց նոր ձեւ՝ հոյակապ հասկանալով, որ ամեն ժամանակաշրջան թելադրում է իր ձեւը: Նա նաեւ շատ լավ օգտագործեց այն բովանդակությունը, որն ունեն մեր երիտասարդները, որոնք պահանջում էին համակարգային փոփոխություններ: Այնպես որ, այն, ինչ կատարվել է մինչ օրս, ելնելով արդյունքներից, պետք է գնահատել դրական: Բայց հիմա սկսվում է ավելի դժվար փուլ: Պարզ է, որ կառավարությունում ինչ-որ նախարարներ լավ կաշխատեն, ինչ-որ նախարարներ՝ ոչ: Պետք չէ, որ Փաշինյանը կառչի այն հանգամանքից՝ ինքն է բերել նրանց, թե ոչ: Բոլոր հնարավոր խնդիրները պետք է փորձենք լուծել այնպես, ինչպես լուծում են քաղաքակիրթ աշխարհում:
-Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի մասին ի՞նչ կասեք:
-Նրան ընդհանրապես չեմ ճանաչում, կարծում եմ՝ դա նրա օգտին է (ծիծաղում է): Ճիշտն ասած, երբ նշանակումներ էին արվում, ես ասում էի, որ չեմ ուզի՝ որեւէ արվեստագետ գլխավորի մշակույթի նախարարությունը, որովհետեւ այդ գերատեսչությունում համակարգային փոփոխությունների կարիք կա, ուստի նախարարը պետք է լինի մշակույթի մարդ, բայց ոչ արվեստագետ, ոչ մեզ նման «հիվանդ» մարդ (ծիծաղում է): Այդ ոլորտը պահանջում է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ, որպեսզի համակարգն ինքն իրեն, առանց որեւէ չինովնիկի ղեկավարության կարողանա ապրել, ֆինանսավորվել: Դա մի մեծ մեխանիզմ է, որը, հուսով ենք, մեր երկրում վերջապես կհաստատվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՄՏԱԾԵԼ»

«Ինձ դուր է գալիս մեր կառավարության նոր կազմը: Ուրախ եմ, որ մեր նախարարները պարզ են եւ մարդամոտ: Մշակույթի նախարարին անձամբ ծանոթ չեմ, բայց զգում եմ, որ ներքին բարձր կուլտուրա ունի: Վստահում եմ Նիկոլ Փաշինյանին եւ իր ընտրած կադրերին: Ընդ որում, այն եզակիներից եմ, որ նրան վստահել եմ շարժման հենց սկզբի օրերից»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց երգչուհի Գաբի Գալոյանը:

Նա ընդունելի չի համարում այն հանգամանքը, որ մի քաղաքական ուժ տասը տարի լինում է իշխող: Գաբին կողմ է համակարգային փոփոխություններին: Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում այն խոսակցություններին, որ իշխանափոխության արդյունքում հնարավոր է իր մորեղբայրը՝ Վանո Սիրադեղյանը, վերադառնա, երգչուհին պատասխանեց. «Ես վախենում եմ այդ մասին մտածել: Իմ ընտանիքի համար դա շատ ցավոտ թեմա է: Որ ճիշտն ասեմ, շարժման առաջին օրվանից էլ չենք մտածել այդ մասին: Հիմա մեզ համար կարեւորը ժողովրդի վիճակն է: Թող ժողովուրդը ոտքի կանգնի, դրանից հետո արդեն որը բարին է, այն էլ կլինի: Դրանք ուղղակի խոսակցություններ են, որոնք ես լսում եմ կողքից: Նույնիսկ մեր ընտանիքում այդ թեման այս պահին չի քննարկվում»:
Իսկ հարցին, թե որքանով է կարեւորում հասարակական կարծիքի ձեւավորման հարցում շոուբիզնեսցիների դերը, Գաբին պատասխանեց, որ շոու-բիզնեսի ցանկացած ներկայացուցիչ նախ եւ առաջ քաղաքացի է, հետո նոր՝ իր մասնագիտության տերը: «Երբ խնդիր կա, չես կարող նստել բազմոցին եւ հետեւողի դերում լինել: Ամեն մարդ ունի իր խիղճը: Ես իմ ընտրությունն արել եմ, եւ իմ կոլեգաներից մի քանիսը եղել են իմ կողքին, ինչի համար շատ հարգում եմ իրենց: Մնացածին էլ չեմ ուզում որակումներ տալ»:
Մենք մի փոքր էլ խոսեցինք Գաբիի գործնական պլաններից: Նա տեղեկացրեց, որ շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ: Երգչուհին, ի դեպ, նոր է վերադարձել Կանադայից, ուր մեկնել էր համերգով. «Ասեմ, որ սփյուռքահայերը շատ ոգեւորված են, բոլորը մեծ սպասումներ ունեն. այն սփյուռքահայերը, որոնց հետ ես շփվել եմ, բոլորն ուզում են վերադառնալ, վստահ եղեք»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Թանգարանների միջազգային օրը` մայիսի 18-ին` ժամը 14.00-ին, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում կբացվի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդեսը: Մայիսի 19-ին` ժամը 17:30-ին, տուն-թանգարանում տեղի կունենա համերգ, նույն օրը` ժամը 18:30-19:30-ին, կանցկացվի համերգային ծրագիր, 19:00-ին «Street Art» ոճի այցելուների մասնակցությամբ նկարչական միջոցառում կիրականացվի:
19:30-20:30-ին` վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում, հանդես կգան պատանի կատարողներ: 20:30-21:30-ին տեղի կունենա համերգ երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ: Իսկ ահա ժամը 22:00-22:30 կանցկացվի վոկալ համերգ:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ԱՎՏՈՎԹԱՐԻՑ
Անգլիական «Աստոն Վիլա»-ի եւ «Բոլթոն»-ի նախկին պաշտպան Ջեյ-Լլոյդ Սեմյուելը մահացել է ավտովթարի հետեւանքով: Դեպքը տեղի է ունեցել, երբ Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականի նախկին ֆուտբոլիստն իր երեխաներին տուն էր տանում դպրոցից: Հանդիպակաց երթեւեկության գոտի դուրս եկած վարորդը բախվել է նրա մեքենային: Հիշեցնենք, որ 37-ամյա Սեմյուելը 240 հանդիպում է անցկացրել Անգլիայի Պրեմյեր լիգայում:

 

 

ՄԱՐԱԴՈՆԱՆ` ՆԱԽԱԳԱՀ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան նշանակվել է Բրեստի «Դինամո» ֆուտբոլային ակումբի նախագահ: Բելառուսական ակումբը նրա հետ երեք տարվա պայմանագիր է կնքել: Մարադոնան ղեկավարելու է ֆուտբոլային ակումբի «ռազմավարական զարգացումը»: 1986թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթակիր, 57-ամյա Դիեգո Մարադոնան անցած ամիս ավարտել է մարզչական աշխատանքը Արաբական Միացյալ Էմիրությունների ֆուտբոլային ակումբում:

 

 

ԱԶԱՐԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը խոստովանել է, որ թիմից ակնկալում է նոր տրնասֆերներ: Ազարը պայմանագիրը երկարաձգելուց առաջ ցանկանում է տեսնել, թե ովքեր են միանալու «Չելսի»-ին: «Մյուս մրցաշրջանում ես սպասում եմ նոր խաղացողների: Ուզում եմ, որ մեզ միանան ուժեղ ֆուտբոլիստներ, քանի որ գալիք մրցաշրջանում ուզում եմ` պայքարեն Պրեմիեր լիգայի ոսկե մեդալների համար: Ահա թե ինչու չեմ շտապում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ: Սա շատ լուրջ քայլ է, պետք է երկար մտածել: Բայց մի բան հստակ է. ես այստեղ երջանիկ եմ»,- ասել է բելգիացի հարձակվողը:




Լրահոս