Սյունիքի վրա մարզպետ չի՞ գալիս. Վահե Հակոբյանն այլ ծրագրեր է ունեցել, սակայն ապարդյուն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական մարզպետները հրաժարական ներկայացրին: Մինչդեռ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը որոշել է մինչեւ վերջին վայրկյանը կառչած մնալ աթոռից եւ պաշտոնը պահելու համար դռնեդուռ է ընկել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` սկզբում Վահե Հակոբյանը մարզպետարանի աշխատակիցների մոտ, նաեւ մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքը հրաժարականի դիմում չի գրի, եւ կսպասի, թե ինչ հիմքով են իրեն ազատելու: Բայց մյուս կողմից նա փորձել է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել: Քանի որ ժամանակին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, փորձել է նրա միջոցով վարչապետի մոտ իր լոբբինգն անել:

Միայն թե ապարդյուն. երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունքի մարզպետը հրաժարական է ներկայացնելու: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վահե Հակոբյանի հետ, սակայն վերջինս հարցը լսելուց հետո իրեն հատուկ վրդովված արձագանքեց. «Դուք ինձ հոգնեցրեցիք, չեք պատկերացնում, թե ինչքան: Ցտեսություն…»:

Ավելի ուշ նրա մամուլի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը փոխանցեց, որ Հակոբյանն այսօր արդեն՝ մինչեւ կառավարության նիստի մեկնարկը, հրաժարական կտա: «Մինչեւ կառավարության նիստի սկսվելը մենք հայտարարությամբ հանդես կգանք, որից կտեղեկանաք Վահե Հակոբյանի մարզպետ մնալու-չմնալու մասին»,- ասաց խոսնակը: Փաստորեն, Վահե Հակոբյանը վերջապես հասկացել է, որ իր նման մարդիկ նոր կառավարության համար անցանկալի են, եւ որոշել է ոչ թե սպասել պաշտոնանկությանը, այլ վերջին օրով ինքնակամ հրաժարական ներկայացնել: Նկատենք, որ տեւական ժամանակ է՝ Սյունիքում չի հաջողվում նորմալ մարզպետ նշանակել: Հուսանք՝ այս անգամ նոր կառավարությանը կհաջողվի:

Հ.Գ. Կառավարության հունիսի 8-ի նիստի օրակարգում նաեւ Սյունիքի եւ Արմավիրի մարզպետների փոփոխությունն է: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին կփոխարինի Կարեն Համբարձումյանը, իսկ Արմավիրի մարզպետի պաշտոնում Աշոտ Ղահրամանյանին կփոխարինի Գագիկ Միրիջանյանը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս