Իմ չափանիշներին ով համապատասխանեց, կշարունակի աշխատել, ովքեր ոչ` կգնան տուն. Գեղարքունիքի մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունիսի 1-ին կառավարությունը ութ նոր մարզպետ նշանակեց: Նրանցից մեկը Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն է, ով փոխարինեց Կարեն Բոթոյանին: Նորանշանակ մարզպետը պատմական գիտությունների թեկնածու է, 1999 թվականից` ՀՅԴ անդամ: Սաղաթելյանը 2016 թ. դեկտեմբերից Բնապահպանության նախարարի խորհրդականն էր: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի հետ իր անձի շուրջ շրջանառվող տեղեկությունների եւ աշխատանքային հարցերի շուրջ:

-Պարո՛ն Սաղաթելյան, Դուք բանակում չեք ծառայել: Ի՞նչն է եղել պատճառը:

-Ժամանակին, երբ ես սովորում էի, գոյություն ուներ օրենք, ըստ որի` ասպիրանտուրայում սովորող ուսանողները բանակ չէին զորակոչվում: Ես բուհն ավարտելուց հետո Գիտությունների ազգային ակադեմիայում ընդունվել եմ ասպիրանտուրա, պաշտպանել եմ գիտական ատենախոսություն, ստացել եմ գիտությունների թեկնածուի աստիճան: Եվ օրենքով սահմանված կարգով չեմ ծառայել: Գործող օրենքների շրջանակում պաշտպանել եմ ատենախոսությունը, դա է պատճառը:

-Լուրեր կան, որ Դուք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունեք: Իսկ Դուք ՀՅԴ անդամ եք: Այս հանգամանքը չի՞ խանգարում մտերիմ հարաբերությունների հարցում:

-Ես չգիտեմ` ով է այդ տեղեկությունը շրջանառության մեջ դրել, բայց դա բացարձակ սուտ է, կեղծիք է: Ուզում եք` իմ քավորի անուն-ազգանունն էլ կարող եմ ասել: Արմեն Աշոտյանն իմ ուսանողական ընկերն է, որին 15 տարի է` ճանաչում եմ: Բայց քավոր-սանիկ…նման բան չկա:

-Իսկ Ա. Աշոտյանի հետ համատեղ լողափ ունե՞ք:

-Ո՛չ: Սուտ է:

-Տեղեկություններ կան, որ մարզպետարանում այնքան էլ չեն ողջունել Ձեր նշանակումը, քանի որ երիտասարդ եք, այսպես ասած, լուրջ չեն ընդունել: Մյուս կողմից էլ անհրաժեշտ միջոցներ չունեք, որպեսզի առկա խնդիրները լուծեք:

-Դա իրականությանը չի համապատասխանում:

-Ինչպե՞ս են մարզպետարանում ընդունել Ձեր նշանակումը:

-Շատ լավ: Ոչ միայն մարզպետարանը, այլեւ մարզի ժողովուրդը շատ լավ են իմ նշանակումն ընդունել: Այս 3-4 օրերի ընթացքում ես դրանում եւս մեկ անգամ համոզվել եմ: Երեկ Սեւանի մայրուղին ամբողջությամբ փակ էր: Ես հանդիպել եմ մարզի բնակչության հետ եւ 5 րոպե խոսելուց հետո մարդիկ ընդառաջել, ճանապարհը բացել են: Նման խնդիր չկա ու աշխատանքային որեւէ դժվարություն էլ չկա:

-Դուք նշել եք, որ կադրային ջարդ չի լինելու, բայց տեղեկություն կա, որ որոշ աշխատակիցների հեռացրել եք աշխատանքից:

-Ո՛չ, ես նման բան չեմ ասել, որ չեմ ազատելու: Ես հստակ իմ պահանջները դրել եմ: Մարդիկ աշխատանքից ազատվել են` իրենց դիմումի համաձայն: Նախկին մարզպետի օգնականները, խորհրդականը եւ վարորդն են սեփական դիմումի համաձայն ազատվել, որը շատ բնական է: Բայց ես չեմ ասել` կադրային ջարդ անելու եմ կամ չեմ անելու: Ես ասել եմ, որ իմ չափանիշներին ով համապատասխանեց, պրոֆեսիոնալ, բարեխիղճ իր աշխատանքը կատարեց, կշարունակի աշխատել, ովքեր ոչ` կգնան տուն:

-Մարզում առաջնային ո՞ր խնդիրներն եք լուծելու:

-Մարզում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հերթականությամբ փորձելու ենք լուծել եւ առաջ գնալ: Երկու օր առաջ մարզպետարանի մոտ բավական մարդկանց հետ եմ հանդիպել տարբեր խնդիրներով: Չեմ սպասել, ես եմ իրենց ընդառաջ գնացել, փորձել եմ լուծումներ տալ: Գիտեմ` շատ հարցեր կան, որ ինձնից կախված չեն, եւ անմիջապես լուծել հնարավոր չէ: Բայց այն, որ մեր քաղաքացիների կողքին ենք լինելու, փորձելու ենք ամեն ինչով օգտակար լինել, դա փաստ է: Անելու ենք ամեն ինչ, ինչ հնարավոր է:

-Իսկ անօրինական կերպով ձուկ որսացողների դեմ ինչպե՞ս եք պայքարելու:

-Դրա հետ կապված վաղվանից սկսվելու են խորհրդակցություններ: Պայմանավորվածություն է եղել, որպեսզի Բնապահպանության նախարարությունում սկսվեն քննարկումներ: Փորձելու ենք այնպիսի լուծում գտնել, որ ե՛ւ ձկնորսությամբ զբաղվողները, որոնք հացի խնդիր են լուծում, իրենց համար ինչ-որ լուծում գտնվի, ե՛ւ լճին, պետությանը վնաս չպատճառվի: Քննարկումների նախաձեռնողը Բնապահպանության նախարարությունն է:

-Մարզպետարանի բյուջեն արդյոք բավականացնելո՞ւ է խնդիրների լուծման համար:

-Մարզպետարանի բյուջեն մարզի բոլոր խնդիրները լուծելու համար, բնականաբար, բավարար չի: Բայց մենք պետք է հասկանանք, որ խնդիրների մեծ մասը բյուջեի հարց չի. ճիշտ գործողությունների, ճիշտ մենեջմենթի խնդիր է: Ամեն դեպքում, ամեն ինչ անելու ենք մարդկանց հույսերն արդարացնելու համար:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս