Արցախցին երբ ոտքի է կանգնում, անհնարին է նրան ծնկի բերել. Դավիթ Բաբայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում հրաժարականները մեկնարկեցին ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանից: Նախագահին հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո Հարությունյանն ասուլիս էր հրավիրել, պարզաբանել հրաժարականի պատճառը: Նա նշել էր, որ դա անձնական որոշում է եղել, նաեւ շեշտել, որ շարունակելու է մնալ ակտիվ քաղաքականության մեջ: Նշենք, որ բացի Պետնախարարից հրաժարական էին ներկայացրել նաեւ Արցախի ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը, ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: Հենց երեկ էլ այս պաշտոններում նոր նշանակումներ եղան. Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ազատվելով պաշտոնից, նշանակվեց Պետական նախարար, ԱԱԾ` պետ Սամվել Շահրամանյանը եւ ոստիկանապետ` Իգոր Գրիգորյանը: Ամենամեծ զարմանքը հարուցել էր Պետական նախարարի հրաժարականը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ի՞նչն էր խնդիրը, որ Պետական նախարար Արայիկ Հարությունյանը որոշում կայացրեց հրաժարական ներկայացնել:

-Իր ասուլիսում նա մանրամասն անդրադարձել է այդ ամենին, եւ ամեն ինչ ասված է:

-Ինչո՞ւ Արցախի նախագահը համաձայնեց ընդունել այդ հրաժարականը:

-Այլ բան ես չեմ կարող ասել:

-Իսկ տեղի ունեցած բողոքի ցույցերն արդյոք սպասելի՞ էին:

-Ցանկացած պետական համակարգ պետք է պարբերաբար ենթարկվի բարեփոխումների: Արցախի պարագայում ամենակարեւորն այն է, որ հաշվի առնենք, թե որտեղ ենք ապրում, ինչ հարեւաններ ունենք: Ես հասկանում եմ, որ կան պրովոկատորներ, ովքեր փորձում են շահարկել, ասել` տեսնում եք, էլի խոսում են արտաքին թշնամու մասին, բայց սա շահարկումների խնդիր չէ, այլ մեր ազգային անվտանգությունն է: Իհարկե, կան մարդիկ, ովքեր անընդհատ բզբզում են, ուզում են, որ այստեղ մի բան լինի: Բայց ես ավելի քան համոզված եմ, որ մեր ժողովուրդը նման սադրանքների չի գնալու: Բողոքողների վրդովմունքը ճիշտ է եղել մի շարք կետերում, սա մեր ժողովուրդն է: Մենք բարեկամ-թշնամի աննորմալ սկզբունքներով չենք առաջնորդվում: Եթե մենք դուրս գանք որոշակի սահմաններից, եւ այստեղ սկսվեն անախորժություններ, թշնամանք, 100 տոկոսով թշնամին դրանից առիթավորվելու է: Մենք մեր նյութական տկարությունը կոմպենսացնում ենք մեր հոգու տկարությամբ:

-Այսինքն` կա անձ կամ անձինք, ովքեր փորձում են սադրանքնե՞ր մտցնել Արցախում:

-Կան, իհարկե, կան: Ամեն տեղ էլ կան: Բայց մեր ժողովուրդը շատ իմաստուն ժողովուրդ է: Արցախցին երբ ոտքի է կանգնում, անհնարին է նրան ծնկի բերել: Իսկ նման գործընթացներում ժողովուրդն իր կամքն արտահայտել է, բողոքում է..: Բայց ես չեմ պատկերացնում, որ մեր ժողովուրդը կարող է սադրանքների ենթարկվել: Ցանկացած իշխանություն միշտ պարտավոր է փոփոխություններ անել եւ երբեւէ չհակառակվել ժողովրդի կամքին:

-Այժմ ի՞նչ իրավիճակ է Արցախում:

-Իրավիճակը լարված չէ, գիտեք: Քաղաքական ակտիվ շրջան է, բայց լարված չէ: Անկախ ամեն փորձերից` թշնամանք չկա: Հասարակական առումով շատ հանգիստ է ե՛ւ մայրաքաղաք Ստեփանակերտում, ե՛ւ գյուղերում: Եթե մենք այս ամենից դուրս գանք քաղաքակիրթ ձեւով, կլինենք ավելի ուժեղ, ավելի պատրաստված, կոփված: Արդեն ցուցարարներ չկան, նրանք մեր քույրերն են, եղբայրներն են:

զրուցեց Մերի Մարտիրոսյանը




Լրահոս