Պաշտպանության նախարարության և մատակարարող ընկերությունների կռիվը նոր փուլ է թևակոխում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտպանության նախարարության եւ տարբեր ապրանքներ մատակարարող ընկերությունների կռիվը նոր փուլ է թեւակոխում: Այս տարվա մայիսի 17-ին գրել էինք, որ փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար հայատարարել է հանդերձանքի ձեռքբերման մրցույթ: «Գեւգրուպ» ընկերությունը հայտ է ներկայացրել 2 ապրանքների մասով:
Իսկ հայտի ապահովումը ներկայացրել է բանկային երաշխիքի տեսքով` տրված «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից: Նշենք, որ պաշտպանության նախարարության կողմից հայտարարված մրցույթի հրավերում հստակ գրված է եղել «հրատապ բաց մրցույթ» բառակապակցությունը: Սակայն անհասկանալի պատճառներով մրցութային հանձնաժողովը որոշել է մերժել ընկերության հայտը առանց որեւէ մեկնաբանության: Գնահատող հանձնաժողովը բարեհաճել է միայն նշել, որ բանկային երաշխիքը սխալ է: Ավելին` բողոքարկման խորհրդի նիստում միայն պարզվել է, որ հայտը մերժվել է «հրատապ» բառի առկայության պատճառով: Մինչդեռ նկատենք, որ «հրատապ» բառը եղել է ե՛ւ ՊՆ-ի հրավերի մեջ, ե՛ւ ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքում:

Մեր հրապարակումը ՀՀ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել է: Արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տեքստիլե ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով փետրվարի 22-ին կայացած մրցույթի ժամանակ հայտերը գնահատող հանձնաժողովը «բաց մրցույթ» բառակապակցության փոխարեն «հրատապ բաց մրցույթ» նշում կատարելու պատճառով մերժել է մասնակից առավել ցածր գին առաջարկած 1-ին և 2-րդ հայտատու ընկերություններին: Հաղթող է ճանաչվել 3-րդ տեղ զբաղեցրած և շուրջ 29 մլն դրամով ավելի թանկ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառված գույքային վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքին իրավական գնահատական տալու նպատակով ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն նյութեր նախապատրաստելու եւ հետագա ընթացքը լուծելու համար:

Մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ արդեն ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ազատվել է աշխատանքից: Ավելին` նշենք, որ մատակարար ընկերությունը թավշյա հեղափոխությունից հետո անգամ դիմում է ներկայացրել` նորանշանակ վարչապետին ներկայացնելով մատակարարման ոլորտում առկա իրավիճակը:

Քնար Մանուկյան




Լրահոս