Ինչպիսին կլինի հետագա սցենարը. երկրաշարժերն անհանգստություն են պատճառել բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում` Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք, մագնիտուդը` 4.3 բալ ուժգնությամբ: Այն զգացվել է Վանաձոր քաղաքում 5-6 բալ, Գյումրիում` 3-4 բալ, Երեւանում՝ 3 բալ: Երկրաշարժ գրանցվել էր նաեւ Ադրբեջանում, որը զգացվել է նաեւ Հայաստանի տարածքում: Բացի այդ, եւս երկու երկրաշարժ էլ երեկ է գրանցվել` վաղ առավոտյան ու երեկոյան, Բավրա գյուղում` 3-4 բալ, Գյումրի քաղաքում` 2-3 բալ:

Սա լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների մոտ: Մարդիկ մտահոգված են` արդյոք երկրաշարժերը շարունակական բնույթ կկրեն, արդյոք մեծ է ավելի մեծ ուժգնությամբ երկրաշարժի հավանականությունը, արդյոք սեյսմակայուն են այսօր Հայաստանի բազմաբնակարան շենքերն ու շինությունները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության գծով նախարարի խորհրդական Հրաչյա Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ տվյալները մշակվում են, եւ այս պահին որեւէ բան ասելը սխալ կլինի ու հապճեպ կստացվի: «Փաստորեն երեք երկրարշարժ ունեցել ենք, ճիշտ է, մեկը Ադրբեջանում էր, երկուսը` մեր հանրապետությունում, բայց մարդիկ զգացել են, անհանգիստ են, դա հասկանալի է: Բայց ըստ «Սեյսմիկ պաշտպանության» մասին ՀՀ օրենքի` ուժեղ են համարվում 5.5 մագնիտուդ եւ ավելի երկրաշարժերը: Իսկ Սպիտակինը` 4.3 մագնիտուդը, ուժեղ չի համարվում, չնայած որոշակի անհանգստություն մարդկանց պատճառել է: Մենք տվյալները մշակում ենք, որպեսզի հասկանանք հետագա սցենարը, թե ինչպիսին կարող է լինել սեյսմիկ ռեժիմի զարգացումը»,- ներկայացրեց Պետրոսյանը: Մասնագետը տեղեկացրեց նաեւ, որ ավերածությունների կամ տուժածների մասին տվյալներ չկան: «Բայց սպասում ենք, որովհետեւ որոշակի ժամանակ է պետք վնասները պարզելու, ճշտելու համար»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Նկատենք, որ բնակիչների մեծ մասը վստահ է, որ երկրաշարժը կապված է եղանակային պայմանների հետ: Սակայն մասնագետը անմիջապես հայտարարեց, որ եղանակային պայմանները որեւէ առնչություն չունեն երկրաշարժերի հետ: «Մենք ապրում ենք սեյսմավտանգ գոտում, մեզ մոտ լինում են բազմաթիվ երկրաշարժեր, բայց բնակչությունը զգում է միայն դրանց փոքր մասը: Ամեն երկրաշարժ իր ուժի չափով թուլացնում է երկրակեղեւում կուտակված լարվածությունները: Եւ ամեն երկրաշարժի հետ որոշ չափով` թեկուզ շատ փոքր, բայց տեղի է ունենում լիցքաթափման պրոցես: Հավանաբար սա երկրաշարժի միակ դրական կողմն է»,- բացատրեց մասնագետը` հայտնելով, որ երկրաշարժի կրկնվելու մասով առայժմ չի կարող բան ասել, քանի որ դա բավականին բարդ աշխատանք է: Զրույցի ավարտին նա խորհուրդ տվեց խուճապի չմատնվել, քանի որ խուճապի հիմքեր չկան:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս