Հայաստանում համատիրության ինստիտուտը առաջիկայում կվերանա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, ըստ որի` համատիրությունները լուծարվելու են: Սա լուրջ մտահոգություններ է առաջացրել համատիրության աշխատողների, հատկապես նախագահների մոտ:
Ըստ E-draft տեղեկատվական կայքէջի` «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու եւ «Համատիրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել առավել մասնագիտացված կառավարման մոդել, այն է` կառավարումը իրավաբանական անձ հանդիսացող կառավարչի միջոցով: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ներկայումս գործող կարգավորումից նախագծով էական փոփոխության է ենթարկվել բազմաբնակարան շենքերի կառավարման ձեւը: Այս նախագծի համաձայն` համատիրությունները լուծարվելու են: Նախատեսվելու է ժամկետ` 6 ամիս, սեփականատերերի կողմից կառավարման մարմին ընտրելու համար, իսկ մինչ այդ գործելու են համատիրությունները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք լուծարելու պատճառն այն է, որ համատիրության ներկայացուցիչները պատշաճ չեն իրականացնում իրենց իրավասությունները, չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն եւ սեփականատերերի չեն հրավիրում ժողովների: Մյուս կողմից սեփականատերերն իրենք հաճախ անգործություն են դրսեւորում, քանի որ բացակայում է շահագրգռվածությունը մասնակցելու բազմաբնակարան շենքերի կառավարմանը: Սա, ի դեպ, վաղուց հայտնի փաստ է: Ու հիմա նոր կառավարությունը պաշտոնապես արձանագրում է այն:
Նախագծից տեղեկացանք, որ կառավարման մարմինը պարտավոր է սեփականատերերին տեղեկություններ տրամադրել իր գործունեության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Իսկ ահա կառավարչին ընտրելու են սեփականատերերը եւ մատուցած ծառայությունների դիմաց վճարելու են նրա հետ կնքված պայմանագրով սահմանված կարգով եւ չափով: Կառավարիչն էլ իր հերթին պատասխանատվություն է կրելու բազմաբնակարան շենքի կառավարումը պատշաճ իրականացնելու համար: Բացի այս, կառավարչի լիազորությունների ժամկետը չի կարող անսահմանափակ լինել:
Նա իր լիազորություններն իրականացնելու է պայմանագրով սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց ավելի լինել։ Ավելին` անարդյունավետ կառավարելու դեպքում սեփականատերերը կարող են վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները: Իսկ երբ սեփականատերերը կառավարիչ չեն նշանակում, ապա Տեղական ինքնակառավարման մարմնին իրավասություն է վերապահվելու նշանակել կառավարիչ: Եւ 3 ամիս շարունակ սեփականատերերի կողմից կառավարիչ չընտրելու դեպքում նշանակվում է մրցույթով ընտրված կառավարչին, սակայն սա չի սահմանափակում սեփականատերերին ցանկացած ժամանակ ընտրել իրենց համար նախընտրելի կառավարչի:
Որպեսզի այս դեպքում կառավարչի վարձատրությունը ավելի բարձր չլինի, քան այն դեպքում, երբ կառավարիչ կընտրեին սեփականատերերը, սահմանվել է, որ տեղական ինքնակառավարման մարմինը կառավարիչ է նշանակում հրապարակային մրցույթի արդյունքում կառավարչի ծառայությունների մատուցման նվազագույն գնային առաջարկ ներկայացրած կառավարչին: Նախագծով փոփոխության է ենթարկվել նաեւ պարտադիր վճարների որոշման կարգը: Ըստ այդմ` սեփականատերերի ժողովն է որոշելու պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը: Ի դեպ, սոցիալապես առավել անապահով ընտանիքներին պարտադիր վճարների կատարման նպատակով պետության կողմից կտրվի աջակցություն: Իսկ ահա բազմաբնակարան շենքի անհրաժեշտ ծախսերի տնտեսական ծրագիրը կազմվելու է կառավարման մարմնի կողմից եւ ներկայացվելու է սեփականատերերի հաստատմանը:
Սակայն «Համատիրությունների ազգային ասոցացիա» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանը պահանջում է որոշման նախագիծը նախ քննարկել փորձագետների հետ: Ըստ մասնագետի` օրենքի այս նախագիծն իրականացված է նախորդ կառավարության կողմից: «Նախագիծը չի լուծում առկա հիմնախնդիրները: Անթույլատրելի է օրենքի նախագիծ ներկայացնել առանց սահմանելու գլխավոր սկզբունքները, խնդիրները: Այս պարագայում գործ ունենք քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գույքի կառավարման խնդիրների հետ` ընդհանուր սեփականության կառավարման խնդրի հետ, եւ շտապողական կլինի տարիներով ստեղծված ինստիտուտի վայրկյանական ոչնչացումը: «Զգո՛ւյշ եղեք, քաղաքապետարանները բացարձակ չեն հասկանում ընդհանուր սեփականության կառավարման խնդիրներից: Խոսեք համատիրությունների ղեկավարների հետ: Պետք է սահմանել` ինչ բան է համատիրությունը, այլ ոչ թե ավիրել ինստիտուտը»,- հայտարարել է ասոցացիայի նախագահը:
Ապա նոր իշխանությանը առաջարկել եւ պահանջել է նախագիծը մասնագիտական քննարկման դնել եւ իրեն ու ՀԿ անդամներին հրավիրել:
Իսկ Երեւանի բազմաբնակարան շենքերի բնակիչները դեռ շարունակում են առնետներով ու աղբով լի մուտքերից օգտվել: Չենք խոսում աղբի գարշահոտությունից, որը գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում առկա է` դրան գումարած բարձրահարկ շենքերի վերելակների անսարքության խնդիրը: Բազմաբնակարան շենքերի բնակիչները ծագած խնդիրները փորձում են լուծել իրենց սեփական միջոցներով: Անգամ երբ շենքի վերելակն է փչանում, շենքի բնակիչներն են գումար հավաքում շարժիչի, տարբեր մասերի համար, մասնագետ են կանչում ու նորոգում: Այս պատկերը նույնն է ինչպես մայրաքաղաքի մի քանի հարյուրի հասնող, այնպես էլ մարզային քաղաքների մի քանի տասնյակ բոլոր համատիրություններում:
Մյուս կողմից` համատիրությունները լուծարելը քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Սա, կարելի է ասել, կոտրում է ՀՀԿ-ի ընտրակեղծարար մեքենայի ողնաշարը: Չէ՞ որ համատիրությունների նախագահները եւ աշխատողները ընտրությունների ժամանակ նախկին իշխանություններին կարողանում էին իրենց «բարձրակարգ ծառայությունը մատուցել»` լիովին տիրապետելով տեղեկությանը, թե որ շենքում քանի բնակիչ կա, քանիսն են ընտրող, որին ինչով պետք է համոզեն: Համաձայնեք, որ նրանք այս հարցում ուղղակի անփոխարինելի են:
Սյունէ Համբարձումյան