Յոթ մեղադրյալները. գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ին Երեւան քաղաքի դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշել է Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանի եւ 6 այլ ամբաստանյալների գործն ուղարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այդ դատարանը քրեական գործը վարույթ է ընդունել հունիսի 12-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, նշանակված է դատական նիստ: Ըստ մեղադրական եզրակացության՝ Ավետիք Ադամյանը 2016թ. նոյեմբերի 1-ից 21-ն ընկած ժամակահատվածում ստուգում իրականացնող բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության ստուգող խմբի պաշտոնատար անձանց համոզելու եղանակով դրդել է պաշտոնական կեղծիք կատարելուն՝ ստուգմամբ հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստացի ծավալները նվազեցնելուն: Բացի այդ, Ա. Ադամյանը անտառային ֆոնդի տարածքից ապօրինի ծառահատում իրականացնելու, հատված ծառերը եւ փայտանյութը ապօրինաբար անտառից դուրս բերելու թույլտվության համար Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ Սասուն Հայրապետյանից ստացել է կաշառք՝ վերջինիս ունեցած պարտքը չվճարելու ձեւով:

Ա. Ադամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով, 38-314 հոդվածի 1-ին մասով, 311 հոդվածի 2-րդ մասով եւ 315 հոդվածի 2-րդ մասով: Սույն քրեական գործով` տարբեր հոդվածներով, մեղադրվում են նաեւ բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության, կենսաբազմազանության բաժնի ավագ տեսուչ Արմեն Ավագյանը, նույն բաժնի տեսուչ Կարեն Էրոյանցը, Արծաբերդի անտառտնտեսության Նորաշենի անտառպետության անտառապետ Վարդան Թարխանյանը, այդ անտառտնտեսության Նավուրի անտառպետության անտառապետ Ալբերտ Հովհաննիսյանը, Արծվաբերդի անտառպետության անտառապետ Հրաչիկ Ավագյանը, Նորաշենի անտառպետության 5-րդ եւ 6-րդ պահաբաժինների անտառապահ Անդրանիկ Եսայանը: Ա. Ադամյանի եւ Ա. Եսայանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է գրավը, Կ. Էրոյանցի եւ Ա. Հովհաննիսյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը, Ա. Ավագյանը, Վ. Թարխանյանը եւ Հ. Ավագյանը գտնվում են կալանքի տակ: Ներկայումս որպես անտառտնտեսության տնօրեն պաշտոնավարող ՀՀԿ անդամ Ավետիք Ադամյանը 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններում խոշորացված Բերդ համայնքի ղեկավարի թեկնածու էր. ստանալով 4895 ձայն` նա ընտրություններում չհաղթեց: Ա. Ադամյանի որդին` Կարեն Ադամյանն էլ Տավուշի մարզպետի տեղակալն է:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս