Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջեւան հատվածը գտնվում է վատ վիճակում. ճանապարհին շատ են փոսերը: Ներկայումս «Վարմաշ» ՍՊԸ-ն իրականացնում է այդ ճանապարհի` Ադրբեջանին սահմանամերձ 3 հատվածների՝ Բերքաբերի խաչմերուկ-Աճարկուտի խաչմերուկ, Կիրանց-Ոսկեպար եւ Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածների հիմնանորոգումը: Կատարվում է ճանապարհների լայնացում, կողնակների եւ առուների մաքրում, լայնացում, որից հետո կկատարվի ասֆալտապատում:
Հիմնանորոգման աշխատանքերը անհրաժեշտություն են, սակայն խանգարում են միջպետական ավտոճանապարհով երթեւեկությանը: Այդ ճանապարհահատվածների նորոգման ֆինանսավորումը մաս-մաս, ուշացումներով է արվում, ինչի պատճառով ճանապարհի առավել կարեւոր հատվածների՝ Կիրանց-Ոսկեպար շրջանցիկ ավտոճանապարհի եւ Ջուջեւան-Նոյեմբերյան հատվածի հիմնանորոգումն, ամենայն հավանականությամբ, այս տարի չի ավարտվելու: 2016թ. սեպտեմբերի 14-ից սկսվեց միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի ճանապարհի հիմնանորոգումը:
Այն իրականացվում է 3 հատվածներով: Գրեթե 2 տարի է անցել, սակայն ճանապարհի հիմնանորոգումը դեռ հեռու է ավարտվելուց. խախտվել է ճանապարհի գործարկման` պայմանագրերով սահմանված ժամկետները: Վիճակն առավել քան վատ է միջպետական ավտոճանապարհի Շնող-Թումանյան հատվածում, ուր այս տարի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ նախատեսված չեն:
Ոսկան Սարգսյան
Տավուշ