Ջունգլիի, խոլորձի պրինտներից մինչև փեթակ հիշեցնող ակնոցներ. ամառային նորաձևության վերջին միտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն ամառ է, եւ ժամանակն է պահարանները համալրել թրենդային հագուստով եւ ատրիբուտներով: Այդ հարցին գրագետ մոտենալու համար տեղին է հետեւել մասնագետի ցուցումներին: Ոճաբան Արայիկ Գաբաջյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կիսվել է իր խորհուրդներով` այս տարվա ամառային նորաձեւության վերջին միտումների հետ կապված: Մենք պարզել ենք, որ այս տարվա հավաքածուներում առկա են մի շարք հետաքրքիր նորություններ, որոնք անտարբեր չեն թողնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Ստորեւ ներկայացնում ենք ոճաբանի դիտարկումները:

Այսպիսով, այս ամռանը նորաձեւ են կանաչի, փիրուզագույնի, մանուշակագույնի երանգները: Հավաքածուներում իրենց տեղն ունեն ջունգլիի, արմավենու, խոլորձի, լայն բացված վարդի տեսքով պրինտները: Աչքի ընկնող գույների ֆոնին կարելի է նկատել մանր, պիոնանման վարդեր՝ փնջի տեսքով:
Բլուզներից մոդայիկ են բաց ուսերով, դաստակներով, թեւերի շրջանում լայն կտրվածքներով մոդելները: Հավաքածուներում մեծ տեղ ունեն ուսերի հատվածում ցանցերով բլուզները: Բավական թրենդային են նաեւ բարձիկները՝ ուսերի շրջանում:

Կիսաշրջազգեստներից ակտուալ են մինչեւ ծնկները հասնող մոդելները, որոնք եկել են վաղ 1990-ականներից:
Շրջազգեստներից մեծ տարածում ունեն մինիմալ լուծումներով տեսակները, կրկին ուսերը բաց մոդելները: Նորաձեւ են նաեւ երկար պիջակներ հիշեցնող շրջազգեստները: Ի դեպ, ասեմ նաեւ, որ այս ամռանը ամեն երկրորդ-երրորդ մոդելի վրա առատորեն կիրառվել են կոճակներ:
Տաբատներից մոդայիկ են գոտկատեղից սկսվող լայն թե՛ միագույն, թե՛ մանր պրինտներով, ներքեւամասից հավաքվող մոդելները, որոնք ժամանակին անվանվում էին «բանան»:
Շորտերի շրջանում մեծ տեղ ունեն, այսպես ասած, թափվող, կարճ տեսակները՝ հաստ գոտիով, որոնք հեռվից կիսաշրջազգեստ են հիշեցնում:

Սանդալների ընտրանիում կարելի է հանդիպել հաստ տակացուներով եւ նուրբ վերնամասերով մոդելների, որոնք կեդերի են հիշեցնում: Շատ հետաքրքիր մի տենդենց կա՝ ոտքի առջեւի եւ ետեւի մասերը բաց բոթասների տարածումը: Այս տարի շատ ֆիրմաներ են իրենց հավաքածուներում ընդգրկել բոթասների այդ տեսակը: Նորաձեւ են նաեւ կոշիկի վերեւի հատվածում բրդյա գործվածքով, խոշոր ծակոտիներով մոդելները: Այս ամռանը սանդալները հագնում են նաեւ կարճ նասկիներով:
Պայուսակներից մեծ տարածում ունեն կտորե ուղղանկյուն, կլոր մոդելները: Ծովափին կրում են հիմնականում մեծ պայուսակներ: Ակտուալ են նաեւ փայտե ատրիբուտները: Կա մի հետաքրքիր տենդենց. նորաձեւության տներից շատերը պայուսակների հետ կիրառում են կախազարդեր, որոնք հաճախ ուրիշ գույնի ու ոճի են եւ խանգարող հանգամանք են հանդիսանում: Չեմ կարծում, թե դրանց օգտագործումը տեղին է, ամեն դեպքում, ճաշակի հարց է:
Գլխարկներից մոդայիկ են գլխի հատվածը բաց ձեւերը, որոնք արեւից պաշտպանելու համար չեն, այլ պարզապես դեկորատիվ բնույթ են կրում: Նորաձեւ են նաեւ ծղոտից գլխարկները:

Ակնոցի տեսականուն առնչվող միտումներն այս ամռանը բավական հետաքրքիր են: Նորաձեւ են գունավոր ապակիները, այնպիսի ակնոցները, որոնց ապակիները մի քանի երանգներ են պարունակում: Թրենդային են ակնոցները, որոնց շրջանակների եւ ապակու գույնը տարբերվում են: Հետաքրքիր են փեթակ հիշեցնող մոդելները, որոնց պարագայում բացի հիմնական ապակուց՝ ակնոցն ապակիով պատված է նաեւ աջ եւ ձախ կողմերից: Այնպես որ այս ամառը լի է անակնկալներով: Մնում է ընտրել այն մոդելները, որոնք կհամապատասխանեն ձեր էությանն ու կազմվածքին:

Հ.Գ. Վերջում Արայիկ Գաբաջյանը խորհուրդ տվեց նորաձեւության միտումներին հետեւելով՝ չկորցնել սեփական ես-ն ու պահել անհատականությունը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս