Ինչո՞ւ է Մերուժան Սիմոնյանը մանդատից հրաժարվել. ԲՀԿ-ն նրան կհորդորի հետ վերցնել դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին: ArmLur.am-ի հետ զրույցում խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, թե իրենք հորդորել են Սիմոնյանին հետ վերցնել այդ դիմումը:

«Ես կարծում եմ, որ մեր գործընկեր Մերուժան Սիմոնյանը կընդունի մեր հորդորը և հետ կվերցնի պատգամավորական մանդատից հրաժարվելու իր դիմումը: Հիմա չեմ ցանկանում այլ բան ասել. յուրաքանչյուր կուսակցությունում էլ լինում են փոքր խնդիրներ, բայց Սիմոնյանը մեր ամենաառանցքային անդամներից է, և ես շատ պետք է հորդորեմ նրան օրենքով սահմանված կարգով հետ վերցնել դիմումը»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ մամուլում հրապարակում եղավ, թե նեղացվածության պատճառը Սյունիքի մարզպետի պաշտոնը չստանալն է, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Մերուժան Սիմոնյանը երբևէ պաշտոնի կռիվ չի արել, ես դա Ձեզ վստահեցնում եմ: Ես հիմա չեմ ցանկանում ավելին ասել»:

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մերուժան Սիմոնյանի թեկնածությունը քննարկվում է Սյունիքի մարզպետի պաշտոնում, սակայն արդյունքում նրա փոխարեն այլ անձ նշանակվեց` ի դեմս Կարեն Համբարձումյանի:




Լրահոս