ԵՎՍ ՄԵԿԸ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԱԾ, ՈՉ ԼԵԳԻՏԻՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Սերժ Սարգսյանի իշխանությունները մեկ նմանություն ունեին. իշխանության գալով Սահմանադրության ամենակոպիտ ոտնահարմամբ, ըստ այդմ՝ լինելով ոչ լեգիտիմ` իրենք անում էին ամեն ինչ ականապատելու նաեւ առանցքային պաշտոնների լեգիտիմությունը: Նման կասկածներ կան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի վերաբերյալ` կապված նրա քաղաքացիության հետ: Լուրջ կասկածի տակ է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի լեգիտիմությունը: Բանն այն է, որ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից»: Սա նշանակում է, որ ԲԴԽ առաջին նախագահը պետք է ընտրվեր դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամներից որեւէ մեկը՝ Արմեն Բեկթաշյանը, Անի Մխիթարյանը, Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը կամ Ռուզաննա Հակոբյանը: Հետո` հինգ տարի անց, հաջորդաբար, ԲԴԽ նախագահ պետք է ընտրվեր արդեն ԱԺ ընտրած թեկնածուներից որեւէ մեկը: Գագիկ Հարությունյանին ԲԴԽ կազմում ընտրեց խորհրդարանը: Եւ, ըստ Սահմանադրության 174-րդ հոդվածի, նա իրավունք չպետք է ունենար դառնալու ԲԴԽ նախագահ, բայց դարձել է, որովհետեւ Սերժ Սարգսյանի հետ այդպես էր ծրագրված եղել: Չէ՞ որ Գագիկ Հարությունյանը խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ: Մեկ փաստ էլ. Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց, բայց, փաստորեն, Գագիկ Հարությունյանը շարունակում է պաշտոնավարել:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին հորդորել է երեք ամիս ոչինչ չձեռնարկել եւ լուռ սպասել Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի աշխատանքին: Նրանք թաքուն հույս են փայփայում, թե այդ երեք ամսվա ընթացքում հասարակությունը կհիասթափվի Փաշինյանից, եւ վերջինս կձախողի: Ընդ որում` նրանք արդեն ծրագրեր են մշակում, թե ինչ են անելու այդ ժամանակ, երբ իսկապես իրենց սպասելիքներն իրականանան: Ոչինչ չձեռնարկելու եւ սպասելու մասին են վկայում նաեւ ՀՀԿ խմբակցության անդամների պարբերաբար կրկնվող հայտարարություններն այն մասին, թե իրենք չեն խոչընդոտի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը: Հավելենք, որ հունիսի 7-ին խորհրդարանում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի քննարկումը, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ այն ընդունվելու է: Դրանից հետո արդեն կսկսվեն հստակ գործողությունները: Երեկ այս տեղեկությունները փորձեցինք ճշտել ՀՀԿ-ականներից, սակայն պատգամավորները չէին պատասխանում մեր հեռախոսազանգերին:

 

 

 

Թավշյա հեղափոխության հաղթանակից հետո շատերն ակնկալում են փոփոխություններ նաեւ ԿԸՀ կազմում: Սա անհրաժեշտ է հատկապես խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ, քանի որ ԿԸՀ գործող կազմը` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ, ասոցացվում է ընտրակեղծարարության հետ: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում Տիգրան Մուկուչյանը հարցին՝ մտածո՞ւմ եք հրաժարական տալու մասին, ասել է. «Պետք է նկատի ունենանք, որ ԿԸՀ-ն կազմակերպում է ՏԻՄ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիսի 10-ին: Ինչ վերաբերում է հրաժարականին առնչվող խնդիրներին, այս պահին օրակարգում նման խնդիր առկա չէ: Կառաջանա նման խնդիր, ինչպես ցանկացած երեւույթի մասին է բարձրաձայնվել, այդ մասին եւս կբարձրաձայնվի»: Նա նաեւ նշել է, թե չի ցանկանում քննարկել «եթե»-ներով հարցեր:

 

 

 

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ամենաշատն ուրախացել են գործարարները: Գաղտնիք չէ, որ երկար տարիներ է, ինչ Հայաստանում գործել է «սեւ դրամարկղ» հասկացությունը, որին գործարարներն ու օլիգարխները մեծ գումարներ են տվել: Ընդ որում` խոսքն ահռելի գումարների մասին է` ամսական մինչեւ 200 հազար դոլար` կախված գործարարի բիզնեսի մեծությունից ու եկամուտի չափից: Ու շատ հաճախ «սեւ դրամարկղում» հավաքված գումարները գերազանցել են ՀՀ բյուջեն: Դրանք ուղղվել են զանազան պետական գերատեսչություններ, հիմնադրամներ եւ այլն: Հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանափոխությունից հետո այլեւս ոչ ոք չի համարձակվում նրանցից պահանջել այդ գումարները: Դե, քանի որ չեն պահանջում, օլիգարխներն էլ չեն վճարում: Ընդ որում` «սեւ դրամարկղ» կոչվածը միայն մեկ գերատեսչությունում չի եղել: Գրեթե բոլորն ունեցել եւ օգտվել են այդ մեծ գումարներից:

 

 

 

ԲԱՑԱՌԱՊԵՍ ՕՐԵՆՔՈՎ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ կան նաեւ մարդիկ, որ անուրանալի ներդրում են ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: «Սասնա ծռեր» խմբավորման անդամների մեջ նաեւ մարդիկ են, որ տեւական ժամանակ ազնիվ մղումներով պայքարել են Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության դեմ: Բայց լինենք անկեղծ. նախկինում հայրենիքին մատուցած նրանց ծառայությունները հիմք չեն արդարացնելու 2016թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը, որի ժամանակ սպանեցին երեք հոգու` խլելով երեք հոգու կյանք, որբացնելով երեք ընտանիք: Ու որքան էլ «Սասնա ծռերի» անդամները փորձեն արդարացնել իրենց արածը (ընդ որում` կեղծ փաստարկներ բերելով), փաստը մնում է փաստ. այդ խմբավորման անդամների գործողությունների արդյունքում եղել են սպանություններ, այսինքն` կատարվել են ծանրագույն հանցագործություններ: Իսկ հանցագործությունների համար մարդկանց չեն հերոսացնում: Հայաստանում հակառակ միտումն է նկատվում: Ճիշտ է, շատ փոքր խմբակի կողմից, բայց «Սասնա ծռերի» ազատ արձակման պահանջով պարբերաբար ակցիաներ են անցկացվում: Երկու օր նրանք փակել էին Արշակունյաց փողոցը, որտեղ տեղակայված է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը: Երեկ նրանք միանգամից չանսացին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին` դադարեցնել բողոքի ակցիաներն ու վերացնել փողոցների շրջափակումը: Տեղի տվեցին միայն որոշ ժամանակ անց, բայց շարունակեցին դատարանի շրջափակումը` կազմալուծելով ՀՀ-ում արդարադատություն իրականացնելու միակ իրավունք ունեցող կառույցի գործունեությունը: Սա, համաձայնեք, որեւէ լավ բանի մասին չի վկայում: Ընդհակառակը, արդեն լուրջ հիմքեր կան պնդելու, որ այս ամենը նպատակաուղղված է նոր իշխանության դեմ: Այս ամենն արվում է պետության եւ օրենքի դեմ` վտանգելով երկրի ապագան:
Մեկ արձանագրում էլ. Նիկոլ Փաշինյանը միանգամայն իրավացի է, երբ խոսում է քաղբանտարկյալների խնդրին տարբերակված մոտեցում ցուցաբերելու եւ հարցերը բացառապես ՀՀ-ում գործող օրենքների շրջանակներում լուծելու մասին: Այլապես կամայական մոտեցման դեպքում հետեւանքները կարող են շատ վատ անդրադառնալ ոչ միայն գործադիր իշխանության, այլեւ հենց պետության վրա: Իրավացի է նաեւ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը, երբ պնդում է. «Բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են, որպեսզի դա լինի օրինական, արդար` հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»: Ի դեպ` օրինականություն, արդարության սկզբունք կիրառելիս չպետք է մոռանալ նաեւ զոհերի իրավահաջորդներին:




Լրահոս