ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհերքելի փաստ է, որ համաժողովրդական շարժման օրերին, նաեւ դրանից հետո շատ պետական կառույցներ պարապուրդի են մատնված եղել: Օրեր շարունակ գերատեսչությունների աշխատակիցները՝ ընդհուպ ղեկավարների մակարդակով, գործ անելու փոխարեն ուղիղ եթերով հետեւում էին շարժման ընթացքին: Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո իրավիճակը բնականաբար կարգավորվել է, եւ իր կազմավորած կառավարությունը սկսել է ակտիվորեն աշխատել:

Սակայն իրավիճակը նույնն է մնացել մարզպետարանների պարագայում: Չնայած կառավարությունն արդեն ձեւավորվել է, եւ աշխատանքներ են ընթանում, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին մարզպետարանները պարապուրդի են մատնված: Անգործության են մատնված ընդհուպ մարզպետները: Հստակ է, որ նրանք առաջիկայում լքելու են իրենց պաշտոնները, եւ այս օրերին նրանց մոտ ավելի շատ սպասողական վիճակ է, քան աշխատանքային: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մարզպետներն անգամ կառավարությունից ոչ մի հրահանգ չեն ստացել. նրանք չգիտեն` այժմ ինչպես եւ որքան պետք է շարունակեն աշխատանքը: Հենց այդ հանգամանքն էլ նրանց անգործության պատճառն է դարձել: Մենք տեղեկացանք, որ այս օրերին կառավարության ոչ մի ներկայացուցիչ, անգամ ոլորտի պատասխանատու նախարարը չի կապվել մարզպետների հետ, նրանց ոչ մի հրահանգ չի տվել:
Մարզպետների անգործության մասին վկայություններն են նաեւ մարզպետարանների պաշտոնական կայքէջերը, սոցիալական ցանցերում մարզպետների ու նրանց խոսնակների պասիվությունը: Բանն այն է, որ նախկինում նույնիսկ մարզպետի արած ամենաչնչին քայլն անգամ անմիջապես տարածվում էր համացանցում, թե «տեսեք՝ այս կամ այն մարզպետը գործ է անում»: Որպես պետության օգտին ռազմավարական առանցքային նշանակության խնդիր` ներկայացվում էր մարզպետներից ոմանց փռշտոցը, նախաճաշելը կամ ընթրիքը, էլ չենք խոսում այս կամ այն պաշտոնյայի օտարերկրյա հյուրի հետ հանդիպումը: Սակայն հիմա արդեն չեն էլ թաքցնում, որ գործ չեն անում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Արարատի մարզպետի պորտֆելը տրվելու է «Հանրապետություն» կուսակցությանը: Ներկայիս մարզպետ Արամայիս Գրիգորյանի հնարավոր փոխարինող թեկնածուն Ռազմիկ Թեւոնյանն է, ով խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ելք» դաշինքի թեկնածուն էր հենց այս ընտրատարածքից: Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում վաղուց որեւէ տեղեկություն առկա չէր մարզպետի գործերի կամ հանդիպումների մասին: Վերջին տեղեկությունը, որ կարող էիր հանդիպել մարզպետի գործունեության մասին, նրա անունից դրված շնորհավորանքներն էին Ընտանիքի միջազգային օրվա եւ մայիսի 9-ի առիթներով: Թվում է, թե բացի շնորհավորանքներից, մարզպետն ուրիշ ոչնչով զբաղված չէ:
Արմավիրի մարզպետի հավանական թեկնածուն «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանն է: Այժմ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արամայիս Գրիգորյանը համեմատաբար ավելի ակտիվ է: Մայիսի 10-ին զոհվածներին հարգանքի տուրք մատուցելուց հետո նա երեկ այցելել է Վաղարշապատի տարածաշրջանի Արաքս համայնք, ծանոթացել «Բամբակի մշակման եւ վերամշակման» ծրագրի շրջանակում 300 հա հողատարածքի վրա իրականացվող վար ու ցանքի աշխատանքներին: Սակայն մինչ այդ 7 օրերի նրա գործունեության մասին ոչինչ հայտնի չէ:
Գեղարքունիքի մարզպետի պորտֆելը եւս կտրվի ԲՀԿ-ին, թեկնածուի հարցը դեռ քննարկվում է: Ներկայիս մարզպետ Կարեն Բոթոյանի գործունեության մասին տեղեկություն մարզի պաշտոնական կայքէջում եւս հնարավոր չեղավ գտնել: Մարզպետը վերջին անգամ ակտիվություն է ցուցաբերել մայիսի 8-ին՝ շնորհավորելով մայիսյան հաղթանակների օրը:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը, կարող է զբաղեցնել Լոռու մարզպետի պաշտոնը: Ներկայիս մարզպետ Արթուր Նալբանդյանը նախկինում հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեւավորումից հետո նա հրաժարական կտա: Կառավարությունն արդեն ձեւավորվել է, սակայն մարզպետի հրաժարականի մասին որեւէ պաշտոնական տեղեկություն առկա չէ: Ավելին, մարզպետարանի կայքում նա դեռ շարունակում է ներկայացված մնալ որպես մարզպետ: Սակայն իր գործընկերների նման նա էլ է պարապուրդի մատնված: Վերջին անգամ նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման առթիվ կազմակերպված միջոցառումներին:
Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան է, եւս հրաժեշտ կտա իր պաշտոնին: Իհարկե, նա անգործ չի մնա, սակայն մարզպետի պաշտոնն էլ չի զբաղեցնի: Մարզպետարանի կայքից տեղեկացանք, որ երեկ ընդունելության օր է եղել, եւ մարզպետ Գուլոյանն անձամբ է ընդունել քաղաքացիներին, իսկ մինչ այդ նրա գործունեության հետ կապված տվյալներ առկա չեն, միայն շնորհավորական խոսքեր են տեղադրված:
Սյունիքի մարզպետի պորտֆելը ԲՀԿ-ին կտրվի, իսկ մինչ այդ ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանը պարապուրդի է մատնված: Նա մայիսի 10-ին եղել է Արցախում, մայիսի 11-ին մասնակցել «Ջերմիկ անկյուն Առինջ» խմբային երկրորդ տան բացմանը եւ ապա անհետ կորել: Դրանից հետո նրա գործունեության մասին որեւէ տեղեկություն առկա չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Վայոց ձորի մարզպետի պորտֆելը հնարավոր է տրվի «Հանրապետություն» կուսակցությանը. այս մասով դեռ քննարկումները շարունակվում են: Ներկայիս մարզպետ Հարություն Սարգսյանը եւս պարապուրդի է մատնված: Մայիսի 15-ին մարզպետարանում տեղի ունեցած քաղաքացիների ընդունելությունն էլ անգամ նա չի անցկացրել, այլ փոխմարզպետը: Վերջին օրերին նրա անունից միայն շնորհավորական խոսք է առկա Ընտանիքի միջազգային օրվա առթիվ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը համեմատաբար ակտիվ է: Նա մայիսի 15-ին անցկացրել է զորակոչային հանձնաժողովի նիստ, սակայն դրանից առաջ կրկին պարապուրդի էր մատնված: Հավելենք, որ այս պահին առանց մարզպետ են մնացել Շիրակի եւ Արագածոտնի մարզերը, քանի որ դաշնակցական մարզպետները հրաժարական էին տվել, եւ մեր տեղեկություններով այս մարզերում կրկին դաշնակցականներ կնշանակվեն:
Շիրակի ու Արագածոտնի մարզպետներն էլ ՀՅԴ-ական էին, եւ ՀՅԴ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո արդեն մեկ ամիս է՝ հրաժարական են ներկայացրել:
Բերված տվյալները եւս վկայում են, որ ՀՀԿ-ական մարզպետներն ու նրանց ղեկավարած կառույցներն այս օրերին բացարձակ չեն աշխատում: Նրանց մոտ ուղղակի ճամպրուկային տրամադրություն է, եւ վայելում են մարզպետության վերջին օրերը, մինչ նրանց հրամանը կլինի:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ ԵՆ
Հայաստանում տիրող սպասողական վիճակը՝ պայմանավորված ներքաղաքական վերջին փոփոխություններով, անդրադարձել է նաեւ Ազգային ժողովում քննարկվող նախագծերի վրա: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի օրակարգում գտնվող երկու նախագծերի քննարկումը երկուսից երեք ամսով հետաձգվել է: Ընդ որում` որպես պաշտոնական պարզաբանում` ներկայացվել է. «Նկատի ունենալով վարչապետի փոփոխությունն ու դրանից բխող կառավարության նոր ծրագրի ներկայացման գործընթացը` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովը որոշում է հետաձգել նախագծերը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ խոսքը «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքների փաթեթի եւ «Դեղերի մասին» օրենքի նախագծի մասին է: Այս վերջին նախագիծը ներկայացված է եղել պատգամավորների կողմից եւ պետք է քննարկվեր երկրորդ ընթերցմամբ: Իսկ ահա մյուս օրենքի հեղինակը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն էր:

 

 

ԱՌԱՆՑ ՌՈՒՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանը Ռուսատանի Դաշնությունից մարդասիրական օգնություն չի ստացել: Նշված ժամանակահատվածում ՀՀ մարդասիրական օգնություն ներմուծվել է Ուկրաինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Չինաստանից եւ այլն: «Ժողովուրդ» օրաթերթը ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստան մարդասիրական օգնության կարգով այս տարվա հունվար-մարտին ներմուծվել է 674.2 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 29 մլն 992 հազար դոլար: Նշենք, որ հիմնականում ներմուծվել է մանագործական իրեր, կոշկեղեն, գլխարկներ, կենդանիներ, կաշվի հումք, թանկարժեք եւ կիսաթանկարժեք իրեր, մեքենաներ, արվեստի ստեղծագործություններ եւ այլն:

 

 

ՃԻՇՏ ՉԷ՞
Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշում կայացնի ՀՀ վճռաբեկ նախագահի հարցում` ԱԺ հաստատմանը ներկայացնելով իր թեկնածուին: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԲԴԽ-ում հակված են այս պաշտոնում տեսնել դատավոր Գոռ Հակոբյանին: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Գոռ Հակոբյանին, որը նշեց. «Ճիշտ կլինի որոշում կայացնողներին հարցնեք, ոչինչ չգիտեմ, անձամբ ես ո՛չ հետաքրքրվում եմ, ո՛չ էլ: Ցանկություն ունենալու կամ չունենալու մասին չէ խոսքը, այլ պարզապես ինձանից կախված գործընթաց չէ, եւ անդամները պետք է որոշումը կայացնեն»:
Մեր այն հարցին, թե օրինակ ԲԴԽ-ն իր որ արժանիքի համար պետք է ձայն տա, դատավորը նշեց.«Ճիշտ ասած` մինչեւ հիմա իմ որեւէ արժանիքի մասին անգամ իմ ընտանիքի անդամների հետ չեմ խոսել, այն դիրքորոշմանն եմ եղել, որ իմ դիմացինները պետք է ինձ գնահատկան տան, ոչ թե ես ինքս, այսքանով ավարտենք»:

 

 

ՊԵՏՔ Է ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլին հարձակումներ են տեղի ունեցել, ավտոմեքենաներ են ջարդվել. «Ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, հարձակումների հեղինակները պարզվեն: Պետք է հասկանալ, թե ով է այդ պատասխանատվությունը կրելու»: Անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցածին, որտեղ ծեծողներից մեկը, ըստ մամուլի տեղեկությունների, Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Համբարձումյանն է, ՀՀ վարչապետը նշել է. «Այս գործելակերպին պետք է վերջ տանք, որ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով` ելնում ենք կանխավարկածից, որ այդ քրգործերը պետք է կարճվեն: Ես բոլոր իրավապահ մարմիններին եմ դիմում: Գլխավոր դատախազն այստեղ չի, բայց ես ակնկալում եմ, որ ստուգվի այդ կարճման օրինականությունը»: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էլ հավելել է, որ ինքն անձամբ ներկա է եղել այդ միջադեպին եւ հորդորել է իրեն ներգրավել որպես վկա: ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը նշել է, որ այդ ընթացքում ստացվել է 33 հաղորդում, բոլորը սահմանված կարգով գրանցվել են, ստուգվել են: «Բոլորը գտնվում են ընթացքի մեջ»,- ասել է ոստիկանապետը:

 

 

ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ավելին՝ արտահերթ ընտրությունների համար անհրաժեշտ են իրավական եւ քաղաքական պայմաններ: Որքան ես տեղյակ եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Ազգային ժողովի դատին ներկայացնել գոնե իրենց տպավորությամբ հավակնոտ ծրագիր: Իսկ Սահմանադրությունը հստակ տալիս է այն ուղիները, երբ կարող է արձակվել Ազգային ժողովը: Եթե մենք կողմ ենք քվեարկում կառավարության ծրագրին, բնականաբար, այս փուլում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման հարց դեռեւս դրված չէ: Իշխանության ներկայացուցիչներն ասել են, որ սա քննարկման հարց է»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի Դաշնության նախագահի նախկին ներկայացուցիչ, հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ դրա հետ կապված տարածաշրջանային քաղաքականության այլ հարցեր:




Լրահոս