ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴԴԵՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն գիտենք, ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդը անցել է իր գործառույթների իրականացմանը, սակայն, ուսումնասիրելով, թե ինչպես ընտրվեցին Բարձրագույն դատական խորհրդի անդամները, նկատում ենք, որ բավականին անհասկանալի երեւույթներ են տեղի ունեցել: Օրինակ` մարդիկ, որոնք տարիներով եղել են սահմանադրության ջատագով եւ պահապան, այդ իսկ սահմանադրությունն իրենց հարմարեցնելով, մեր համոզմամբ, հակասահմանադրական կարգավորումներ ներառելով, լուծում են իրենց պաշտոնի հարցը: Հիմա ավելի բովանդակալից. «Ժողովուրդ» օրաթերթը հետաքննություն իրականացրեց, որտեղից պարզ է դառնում, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ընտրվել է ԲԴԽ նախագահ` Սահմանադրությունը խախտելով (իրեն համաձայնեցնելով):

Եվ այսպես, Բարձրագույն դատական խորհուրդը նոր Սահմանադրությամբ ստեղծվող անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից: Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդի մյուս հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը բարձր մասնագիտական որակներով եւ մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների եւ այլ հեղինակավոր իրավաբանների թվից:
Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ ընթացել է, ինչպես սահմանված է օրենքով, սակայն պատկերը միանգամայն այլ է: Բանն այն է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո երկշաբաթյա ժամկետում խորհրդի տարիքով անդամի կողմից հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից 5 տարի ժամկետով ընտրվում է խորհրդի նախագահ:
Այսինքն` ստացվում է, որ օրենքի նախագիծը խորհրդի նախագահի առաջին ընտրության միակ հավանական թեկնածու դիտում է Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից, մինչդեռ պետք է նշել, որ Բարձրագույն դատական խորհրդի կազմի եւ ձեւավորման իրավական կարգավորումն ունի առաջին հերթին սահմանադրական հիմքեր, իսկ Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է՝ «7. Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից դատական օրենսգրքով սահմանված ժամկետով եւ կարգով ընտրում է խորհրդի նախագահ հաջորդաբար դատավորների ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից» այն էլ 5 տարով ընտրված երեք անդամներից, այսինքն՝ մնացած 7 անդամների սահմանադրական իրավունքն արդեն իսկ խախտվում է:
Բանն այն է, որ նշված նորմի համաձայն` առնվազն գործում են հետեւյալ կանոնները.
1. Առաջին քվեարկության ընթացքում որպես նախագահող պետք է առաջադրվի դատավորների ժողովի կողմից ընտրված անդամ, քանի որ նորմն օգտագործում է «հաջորդաբար» եզրույթը` առաջինը նշելով դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամին, որից հետո միայն Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուներից:
2. Երկրորդ եւ հաջորդ քվեարկությունների ընթացքում միեւնույն ժամանակ չեն կարող առաջադրվել թե՛ դատավորների ընդհանուր ժողովի կողմից, թե՛ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամ:
3. Երկու անգամ հաջորդաբար չի կարող ընտրվել նույն մարմնի կողմից ընտրված անդամը: Ընդգծենք նաեւ այն կարեւոր հանգամանքը, որ հարցը փորձ է արվել կարգավորել Դատական օրենսգիրք ՀՀ Սահմանադրական օրենքի եզրափակիչ եւ անցումային դրույթների 8-րդ մասով, որը սահմանում է «բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունից հետո հնգօրյա ժամկետում խորհրդով տարիքով ավագ անդամը հրավիրում է բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ազգային ժողովի ընտրված անդամներից ընտրում է խորհրդի նախագահ»: Այսինքն` այս կերպ փորձ է արվել ակնհայտ հակասահմանադրական կարգավորումներով ապահովել Գագիկ Հարությունյանի պաշտոնը:
Դատելով ստեղծված իրավիճակից` Գագիկ Հարությունյանը, Հրայր Թովմասյանը, օրենք ու «շիլաշփոթ» ստեղծելով, իրենց համար նպաստավոր պայմաններ են ստեղծել, որ, օրինակ, Գագիկ Հարությունյանը նշանակվի ԲԴԽ նախագահ, իսկ, օրինակ, ինքն էլ գնա Սահմանադրական դատարանի նախագահ:
Այսինքն` պատկերը ցույց է տալիս մեկ բան, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը պետք է ընտրվեր դատավորների ժողովի կողմից ընտրված անդամ, քանի որ նորմն օգտագործում է «հաջորդաբար» եզրույթը, սակայն նախագահն ընտրվել է Ազգային ժողովի կողմից ընտրված անդամից, ինչը Սահմանդրությանը հակասում է:
Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքով նախատեսվում է այնպիսի կարգավորում, որը լիարժեք համապատասխանում է Սահմանադրությանը, այսինքն` «հաջորդաբար» եզրույթի կարգավորումը մնացել է այնպես, ինչպես որ Սահմանադրությունն է սահմանում` հերթականությամբ ընտրությունը կատարվում է ՀՀ նախագահի, դատավորների ընդհանուր ժողովի, որից հետո միայն կառավարության կազմից: Մինչդեռ մեկ այլ սահմանադրական օրենքով` դատական օրենսգրքով, դրսեւորվում է այլ մոտեցում, որն անթույլատրելի է, քանի որ, նախեւառաջ, Սահմանադրության նորմերում օգտագործվող տերմինները պետք է մեկնաբանվեն համահունչ, եւ երկրորդը` սահմանադրական օրենքով չի կարող սահմանվել այնպիսի կարգավորում, որը հակասում է արդեն իսկ սահմանադրությանը վերագրված կարգավորմանը:
Անգամ եթե պայմանական ընդունենք, որ Սահմանադրությունը չի կարգավորել, թե որ մարմնի թեկնածուն պետք է առաջադրվի, ապա սահմանադրական օրենքով միայն Ազգային ժողովի անդամի թեկնածության հնարավորությունը սահմանելը հակասահմանադրական է հետեւյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` «Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա»:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն` «Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմինն է, որը երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը»:
Այսինքն` Բարձրագույն դատական խորհուրդն առանցքային դեր է զբաղեցնում իր լիազորություններով այն գործընթացում, որն ապահովում է դատական իշխանության անկախությունն ու դերը օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հարաբերություններում: Այդ ամենից ելնելով էլ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուղիղ կեսը նշանակվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված թեկնածուներից, իսկ մյուս կեսը` Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածուներից:
Նման պայմաններում ստացվում է, որ առանց որեւէ իրավական եւ տրամաբանական հիմքի առաջին նախագահը կարող է ընտրվել բացառապես Ազգային ժողովի կողմից ընտրված թեկնածու, որի արդյունքում էլ անհիմն խախտվում է դատական եւ օրենսդիր իշխանությունների միջեւ առկա հավասարակշռությունը:
Բոլոր դեպքերում նման իրավիճակի միակ լուծումը, որը գուցե եւ բացահայտ հակասություն չդիտվի, եւ եթե հիմք ընդունենք, որ դատական օրենսգիրքը պետք է կարգավորի ընտրության հարցը, ապա առաջին ընտրության ժամանակ պետք է միաժամանակ առկա լինի երկու թեկնածություն` թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, թե՛ Ազգային ժողովի կողմից ընտրված:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հետ խնամիական կապերի մեջ գտնվող Գագիկ Հարությունյանի համար Սահմանադրությունը խախտել են, որ, ըստ էության, անգործ չմնա: Նշենք, որ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ամուսնացած է Գագիկ Հարությունյանի զարմիկի հետ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՊԱՐՏՎԵՑ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը պարտվեց դատարանում: Դեռեւս 2016 թվականից ՀՀ ԱՆ ՔԿՎ պահպանության բաժնի գլխավոր մասնագետ Էդգար Հովհաննիսյանը ընկել էր դատարանի դռները` պահանջելով անվավեր համարել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախկին պետ Արթուր Օսիկյանի որոշումը եւ վճարել իրեն հասանելիք աշխատավարձը: Հովհաննիսյանը պատմել էր, որ աշխատանքային թյուրիմացության պատճառով իր նկատմամբ սկսվել են անօրինական հետապնդումները, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանի կողմից ենթարկվել է կարգապահական տույժի` խիստ նկատողության:
Սակայն իր նկատմամբ հետապնդումները այն աստիճան են խորացել, որ նա 2015 թվականին գնացել է ամենամյա արձակուրդ, սակայն ավելի ուշ նրան կանչել են ՔԿՎ կադրերի եւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին եւ ծանուցել, որ զբաղեցրած հաստիքը ենթակա է կրճատման, իսկ ավելի ուշ հայտնել, որ նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հովհաննիսյանը դիմել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանից պահաջում է, որ պահանջի վարչության պետ Արթուր Օսիկյանից վճարել իրեն հասանելիք աշխատավարձը, որը նրան ազատելուց հետո այդպես էլ չէին վճարել:
Արդյունքում շուրջ երկու տարի տեւած դատաքննությունից հետո` 2018 թվականի մայիսի 11-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրապարակեց այս գործով վճիռ, ըստ որի` ՔԿՎ-ից հօգուտ Էդգար Հովհաննիսյանի պետք է բռնագանձել 1 միլիոն 174 հազար 239 դրամ: Իսկ Օսիկյանի կողմից իրականացված խախտումների համար հիմա պատասխան պետք է տա ներկայիս վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը:

 

 

ՎԱՏԱՌՈՂՋ
Արդեն մեկ ամիս է, ինչ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում չի կայանում Նորք Մարաշ վարչական շրջանում ԱԱԾ-ի կողմից բացահայտված «հանցավոր խմբի» գործով դատաքննությունը: Մեզ հետ զրույցում գործով փաստաբանները նշեցին, որ ամեն անգամ, երբ գնում են դատական նիստի, իրենց հայտնում են, որ նիստ չի կայանալու, քանի որ գործը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը խորհրդակցական սենյակում է: Սակայն, ըստ մեզ հասած լուրերի, դատական համակարգը վախենում է գործով կալանավորված անձանց դատարան բերել, քանի որ նիստի ներկա անձանց կողմից չի բացառվում, որ բունտ իրականացվի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտնեց. «Անվտանգության խնդիրը չէ, որքանով ես եմ տեղյակ, երբ Բեկթաշյանին հարցրել եմ, թե ինչու չեն կայանում դատական նիստերը, որոշ փաստաբաններ չեն ներկայանում դատարան, եւ կա երկու անձ մեղադրյալներից, որոնք վատառողջ են եւ դատարան չեն գալիս: Եթե չեմ սխալվում, նրանցից մեկը Վահան Շիրխանյանն է, եւ դա է պատճառը, որ դատական նիստերը չեն կայանում»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԿՀԵՏԱՁԳՎԻ
Ըստ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` ամենայն հավանականությամբ 1 տարով կհետաձվեն այն դեղամիջոցների դեղատոմսերով դուրսգրման ներդրումը, որոնց մասով օրենքը պետք է ուժի մեջ մտներ հուլիսի 1-ից ու հոկտեմբերի 1-ից: «Հակաբիոտիկների մասով մասնագետները հակված են դեղատոմսերը ուժի մեջ թողնելուն, քանի որ հակաբիոտիկների չարաշահումը լուրջ խնդիր է»,- նշել է նա: Ինչ վերաբերում է կլինիկական մասին, ապա հիմա սկսվել են քննարկումներ, քանի որ եղել են բազմաթիվ գանգատներ, որոնք հիմնականում օբյեկտիվ են՝ անձնակազմի, տեխնիկայի եւ այլն: «Սակագների մասով մենք կդիտարկենք, թե որքանով են դրանք օբյեկտիվ»,-ասել է նախարարը:




Լրահոս