ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԱՌՆԱ ԲԴՈ՞Ն, ՄԴՈ՞Ն, ԹԵ՞ ՍԱՇԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիի ավագանու նիստում երեկ վերջապես տեղի ունեցավ «Բալասանյանն ընդդեմ Բալասանյանի կամ անվստահություն» տրագիկոմեդիայի բեմադրությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության տասը անդամներ, նաեւ երկուսը ԲՀԿ, մեկը «Հայկական վերածնունդ» խմբակցություններից Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնություն էին ներկայացրել: Նրանք որպես համայնքապետի թեկնածու առաջադրել էին «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու անդամ Տիգրան Հովհաննիսյանին: Բայց զավեշտն այն էր, որ քաղաքապետացու Հովհաննիսյանը ելույթի սկզբից նշեց, թե հակված է, որ համայնքի ղեկավարի պաշտոնում շարունակի մնալ Սամվել Բալասանյանը. «Ինքս կողմ եմ, որ Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին, կարողանա իր թիմի հետ միասին իրականացնել բոլոր ծրագրերն ուխոստումները»:
Բնականաբար, այս ամենը լցրեց ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների համբերության բաժակը, եւ ինչպես հայտարարեց ավագանու անդամներից Լեւոն Բարսեղյանը. «Ժողովո՛ւրդ, մեր քաղաքը ուրիշ պրոբլեմ չունե՞ր, իսկապես պարա՞պ էիք մնացել, 50 տոկոսանոց աղքատության, 3000 անօթեւան ընտանիքների, արտագաղթի այս տեմպի մեջ գտնվող մեր քաղաքի, 40-50 հազար դրամանոց աշխատավարձ ստացող աշխատողների դարդերը թողած՝ որոշե՞լ եք բեմադրել էս կրկեսը: Շատ տարօրինակ է, որ քաղաքապետի թեկնածուն որոշում է որեւէ մեկի հարցերին չպատասխանել, էդ կամավո՞ր եք ուզեցել դառնալ թեկնածու, թե ձեզ ստիպել են։ Եթե կամավոր եք ուզել դառնալ, մի վագոն հարց կա ձեզ, եթե ստիպել են, ասեք` ստիպել են։ Դուք շա՞տ եք ուզում, որ Բալասանյանը մնա այս պաշտոնում, հազար ներողություն` բժշկի անհետաձգելի հետազոտման կարիք ունեք»:
Ընդդիմադիրները Տիգրան Հովհաննիսյանին անհետաձգելի հետազոտության չտարան, փոխարենը «Գալա» եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունների անդամները գործընթացը կրկես որակեցին եւ բոյկոտեցին նիստը` հայտարարելով, որ չեն մասնակցի քվեարկությանը: Նոր հաշվիչ հանձնաժողով ձեւավորվեց: Նիստն ընդմիջվեց կես ժամով քվեարկության գործընթացը կազմակերպելու համար, նիստերի դահլիճ բերվեցին քվեախցիկներն ու քվեատուփը, պատրաստվեց քվեաթերթիկի նմուշը: Քվեարկելու համար 30 րոպե տրվեց: Ավագանու 33 անդամից քվեարկությանը մասնակցեցին 18-ը, եւ Բալասանյանին անվստահություն հայտնելու առաջարկով հանդես եկած ավագանիները դեմ քվեարկեցին իրենց իսկ առաջադրած թեկնածու Տիգրան Հովհաննիսյանին:
Այդքանից հետո բացահայտվեց նաեւ կրկեսային ներկայացման ռեժիսորը. Սամվել Բալասանյանը պարզաբանեց, որ այս տարբերակով վստահության քվե էր ուզում ստանալ. «Ես կառչած չեմ քաղաքապետի պաշտոնից, սակայն որպես քաղաքապետ՝ պետք է ունենամ հանրային վստահություն։ Երբեք ընտրակաշառք չեմ բաժանել, քաղաքապետարանում կոռուպցիա չկա, ծառայողական մեքենա չեմ պահում, իր աշխատավարձը տալիս է անօթեւաններին բնակարան գնելու, վերացրել եմ կրիմինալը Գյումրիից։ Նախաձեռնությունը սկսելու պատճառը եղավ «սպիտակ պսակը գլխին՝ հրեշտակի թեւերով» մեկի «Ասպարեզ» ակումբում տված ասուլիսը, նա հայտարարել էր, թե ավագանու մյուս ուժերի հետ համախմբվելով` պահանջելու է իմ հրաժարականը»: Նկատենք, որ այսպես Բալասանյանն ակնարկում էր իր երբեմնի թիմակցին, իր ամենամտերիմ անձնավորություններից ԱԺ նախկին պատգամավոր, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին. նա էր եղել «Ասպարեզ» ակումբում ասուլիս հրավիրած եւ Բալասանյանի դեմ անվստահության գործընթաց ծավալելու մասին հայտարարած անձնավորությունը, եւ նրա մասին է Բալասանյանը միշտ արտահայտվում` ասելով «հրեշտակ»:
ԳԱԼԱ խմբակցությունից Արմենուհի Վարդանյանը տեղի ունեցածն այսպես որակեց. «Սա ոչ թե վստահության թեստ է, այլ մտավախություն, որ հնարավոր է առաջիկա զարգացումները կամ հեղափոխության ուրվականը քշի բոլոր նրանց, որոնց ոտքերի տակ երերում են։ Եվ «Բալասանյան դաշինք»-ի անդամները որոշել են մեկ տարով ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ եթե անվստահություն հարց է քննարկվում, մեկ տարի շարունակ հնարավոր չէ անվստահություն հայտնել քաղաքապետին։ Ահա այս մանր, մանրախնդիր հաշվարկներն են դրված այս նախաձեռնության հիմքում»:
«Ու՞մ են ուզում տեսնել քաղաքապետի պաշտոնում` Բդոյի՞ն, Մդոյին, թե՞ Սաշիկին»,- հուզված հարցրեց քաղաքապետ Բալասանյանը:
Այսքանից հետո Սամվել Բալասանյանը վերընտրվեց Գյումրու քաղաքապետ: Այս ողջ ներկայացման իմաստը, թերեւս, դժվար չէ կռահել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` «Համայնքի ավագանին համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու առաջարկությունը կարող է քննարկել համայնքի ղեկավարի պաշտոնավարությունը սկսելուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո եւ ոչ ավելի, քան տարին մեկ անգամ»: Ասել է, թե ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից վախեցած Բալասանյանն իր պաշտոնն ամրագրել է մեկ տարով, մինչեւ պարզ դառնա, թե ինչ է լինելու:
Բայց դե ընդդիմությունը խոստանում է քայլեր ձեռնարկել ու ժողովրդի իշխանությունը ժողովրդին վերադարձնել: Նկատենք նաեւ, որ երեկ ԲՀԿ-ն նիստ է անցկացրել ու որոշում է կայացրել «Բալասանյան դաշինք» խմբակցությանը միացած երկու անդամներին` Գրիգոր Մաթեւոսյանին ու Արտյոմ Ղարաղազարյանին հեռացնել խմբակցությունից:
Ինչ վերաբերում է «Բալասանյան դաշինք» խմբակցությանը միացած ՕԵԿ-ական դարձած ՀՎԿ-ականին` Հենրիկ Պողոսյանին, ապա նրա նկատմամբ կուսակցությունը դեռ որեւէ վերաբերմունք չի հայտնել:
Իսկ Գյումրիի ավագանու «Գալա» խմբակցության անդամները կշարունակեն բոյկոտել: Նրանք, ի նշան բողոքի, չեն մասնակցի առաջիկայում կայանալիք ավագանու նիստերին:

ՇՈՒՇԱՆԻԿ ՕՀԱՆՅԱՆ
Գյումրի

 

 

 

Ո՛Չ ՊԱՐՏԱԴԻՐ, Ո՛Չ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ

Այս օրերին ՀՀ քաղաքացիների մեծ մասը շունչները պահած սպասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող հայտարարությանը: Տիկին Թանդիլյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «դիտարկում են» պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կասեցումը: Սա, իհարկե, զարմանալի չէ, քանի որ Մանե Թանդիլյանը ժամանակին «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության ակտիվիստներից էր եւ պայքարում էր պարտադիր կուտակայինի չեղարկման համար:

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ վերջին օրերին չի դադարում հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից: Մեզ զանգահարած քաղաքացիների մի մասին հետաքրքրում է` այդ նպատակով մինչ այս վճարած գումարների ճակատագիրը ինչպես է լուծվելու, արդյոք հնարավոր է այն վերադարձվի իրենց: Այնուամենայնիվ, Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված որոշակի հստակեցումներ կլինեն: Ասել է, թե նորանշանակ կառավարությունը դեռ վերջնական հստակ որոշում չունի այս խնդրի լուծման մեթոդների մասին:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մասնավոր հատվածի համար հետաձգվել էր մեկ տարով: Խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք օգտվել էին օրենսդրության ընձեռած հնարավորությունից եւ հրաժարվել կուտակային վճարելուց: Եւ, օրենսդրության համաձայն, այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված բոլոր ՀՀ քաղաքացիների համար կուտակային կենսաթոշակը կդառնա պարտադիր: Իսկ մինչ այդ` պետական համակարգից պարտադիր վճարում են բոլորը, մասնավոր սեկտորից՝ այն մարդիկ, որոնք հոժարակամ են մտել այդ բեռի տակ:
Հիմա հասարակական-քաղաքական քննարկումների օրակարգում մի քանի հիմնական հարց է. արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը կկասեցվի բոլորի՝ ե՛ւ պետական, ե՛ւ մասնավոր սեկտորի աշխատակիցների համար, թե այնուամենայնիվ, միայն մասնավոր հատվածը կօգտվի դրանից: Եթե համակարգը կասեցվի ամբողջությամբ, ի՞նչ է լինելու մինչ այս վճարված գումարների հետ:
Բայց մյուս կողմից այս օրերին խիստ մտահոգված են նաեւ կուտակային վճարների գումարները կառավարող ֆոնդերը: Նրանք դժգոհում են, քանի որ վստահ էին, որ մի քանի տասնյակից ավելի միլիոն դոլար գումար են կառավարելու, բայց փոխարենը վնասներ են կրում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՇՐՋԱՆՑԻԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Այժմ միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածում աշխատանքներ են իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում շինարարները տեղեկացրին, որ ճանապարհի կառուցապատումն իրականացնում է Վանաձորի «Վառմաշ» ընկերությունը: Շինարարները ավտոճանապարհի եզրերի մաքրման, լայնացման աշխատանքներ են կատարում, որպեսզի հետո ասֆալտապատեն: 2001-2002թթ. Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ, շուրջ 11 կմ երկարությամբ հատվածը: Խորհրդային տարիներին կառուցված 4 կմ երկարությամբ ճանապարհը ձգվում էր սահմանագոտով եւ խոցելի էր ադրբեջանական գնդակոծության համար: Շրջանցիկ ավտոճանապարհը եւս որոշ տեղերում ձգվում է նախկինում Ադրբեջանի տարածք հանդիսացած հատվածներով: Այն լիովին չի ապահովում միջպետական ավտոճանապարհի` տվյալ հատվածով երթեւեկողների անվտանգությունը, քանի որ ավտոտրանսպորտը խոցելի է ադրբեջանական խոշոր տրամաչափի զենքերի, հրետանու կողմից: Լրացուցիչ 7 կմ ձգվող լեռնային ճանապարհը ձմռան սառցակալումների ժամանակ խոշոր բեռնատարները դժվարությամբ են հաղթահարում, մինչդեռ հարկ էր ավելի ցածրադիր տեղանքով, ավելի կարճ եւ անվտանգ ճանապարհ կառուցել:
2016թ. սեպտեմբերի 14-ից Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը վերանորոգման նպատակով մինչեւ վերջերս փակ էր, խոշոր բեռնատարները անցնում էին ու այժմ էլ անցնում են Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այդ ճանապարհի բեռնվածությունը մի քանի անգամ աճել է, խոշոր բեռնատարների ծանրության տակ առանց այն էլ անորակ կառուցված, օգտագործման ռեսուրսը սպառած Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ ճանապարհը շարքից դուրս է եկել: Այդ ճանապարհի ծածկը շատ տեղերում նստել է, բազմաթիվ խոր փոսեր կան: Ռազմավարական նշանակություն ունեցող շրջանցիկ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթում շահել է «Վառմաշ» ՍՊԸ-ն: Հայաստանի ճանշին ընկերությունների ղեկավարները գիտեն, որ այդ ընկերությունը կապվում է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի անվան հետ: Վերջինիս ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, զբաղեցնում է ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնը: Տավուշի ճանապարհաշինարարների վկայությամբ՝ այդ հանգամանքը նպաստում է, որ նշված ընկերությունը ճանապարհաշինական մեծ պատվերներ շահի: 2013թ. Վանաձորի «Վառմաշ» ՍՊԸ-ի սեփականատերը փոխվել է: 2017թ. «Վառմաշ»-ը 301 միլիոն դրամով գնել է սնանկ ճանաչված «Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման» ՓԲԸ գույքը: «Վառմաշ»-ի սեփականատեր ներկայացած Կարեն Աֆրոյանին «Ժողովուրդ» օրաթերթը նախկինում հարցրել է, թե Հերմինե Նաղդալյանը «Վառմաշ»-ի սեփականատե՞ր է: Նա ժխտել է դա: Բայց Հայաստանում ճանապարհաշինությամբ զբաղվող գործարարները հակառակն են պնդում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս