ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ նպատակահարմար է համարում ժամանակավորապես դադարեցնել արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը: Նա հանձնարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին առաջիկայում քննարկումներ անցկացնել այս թեմայի շուրջ:

«Պետք է մտածել արագաչափերի, տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին, կարծում եմ, նպատակահարմար կլինի ինչ-որ մի ժամանակաշրջանում, եթե կա այդպիսի օրենսդրական հնարավորություն, եթե չկա, մտածել այդ օրենսդրական հնարավորության մասին, դրանց գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու կամ կասեցնելու մասին: Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքը պետք է շատ արագ կանգնեցնել: Առնվազն պետք է այդ պրակտիկան դադարեցնենք, երբ հոծ գծեր շոշափելու համար մարդկանց տուգանում են: Ես կարծում եմ, որ այնտեղ հսկայական տուգանքներ կան կուտակված, որոնք մարդիկ չեն վճարել, ենթադրվում է՝ դրա հնարավորությունը չունենալու պատճառով»,- կառավարության երեկվա նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա միաժամանակ առաջարկել է մեխանիզմներ մշակել կուտակված պարտքերը ներելու մասին:
Վարչապետի այս հայտարարության շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արագաչափ սարքերի եւ տեսախցիկների գործունեությունը ոչ թե պետք է դադարեցնել ամիսներով, տարիներով, այլ մեկ շաբաթով, ապա գործարկել:
«Բայց այդ ընթացքում ճանապարհային ոստիկանությունը լուրջ գործունեություն պետք է ծավալի փողոցային պայմաններում, որպեսզի վարորդները խախտումներ չանեն»,- նկատեց Ս. Ղահրամանյանը: Մյուս կողմից` մասնագետը համոզված է, որ խախտումների մի մասը պայմանների անբարենպաստության պատճառով է` փոսեր, դիտահորեր, թերի, կրկնակի գծանշումներ, ծառերի, թփերի, գովազդային վահանակների հետեւում չերեւացող լուսացույցներ եւ այլն:
«Իրականում արագաչափերի տուգանքները արդյունք են ճանապարհային երթեւեկության նշանների բացակայության եւ երբեմն նաեւ սխալ տեղադրության, որովհետեւ դրանց մեծ մասը խորհրդային ժամանակներից են մնացել: Թերի, կրկնակի, հին գծանշումներ կան, որոնց պատճառով վարորդը խճճվում է: Այսինքն` երբ նման թերությունները վերացվեն, ապա խախտումների ահռելի մասը կվերանա: Չէ՞ որ մարդկանց տուգանում են խաչմերուկից, հետիոտնային անցումից 5 մետր հեռավորություն չպահպանելու համար, բայց որեւէ տեղ այդ հինգ մետրը երբեւիցե չի ապացուցվել»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Սերգեյ Ղահրամանյանը:
Բայց եթե հավատանք ՀՀ ճանապարհային ոստիկանության տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչած հայտարարություններին, ապա արագաչափերի գործարկումը նվազեցրել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկացավ, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2012 թվականից (հենց 2012 թվականից են ՀՀ տարածքում գործարկվել արագաչափ սարքերը) մինչեւ 2016 թվականը ներառյալ գնալով նվազել է: Միայն 2013 թվականին 2012 թվականի համեմատ դրանց թիվը զգալի ավելացել է. օրինակ` 2012 թվականին ՀՀ-ում գրանցվել է ճանպարհատրանսպորտային պատահարների 960 դեպք, իսկ 2013-ին՝ 1050, 2014-ին՝ 847, 2015-ին՝ 845, 2016-ին՝ 700 դեպք: Ի դեպ` ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացու ելքով 2012 թվականին ՀՀ-ում գրանցվել է 183 դեպք, 2013-ին՝ 196, 2014-ին՝ 181, 2015-ին՝ 227, 2016-ին՝ 175: Նշենք, որ արագաչափերի վերաբերյալ պայմանագիրը գործում է մինչեւ 2036 թվականը:
Չնայած սրան՝ «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիրը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ 2011 թվականից մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի վերջ արձանագրված բոլոր «խախտումները, տուգանքները, արձանագրությունները եղել են ապօրինի»: Մեր հարցին, թե վարչապետի հայտարարությունը արագաչափ սարքերի, տեսախցիկների գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ արդյոք իրենից կարող է վտանգներ ներկայացնել, մասնագետը արձագանքեց. «Երբ վարչապետը այդ հայտարարությունն արեց, հանձնարարականը տվեց, շատ վարորդներ դիմեցին մեր ՀԿ, որպեսզի փորձենք մեր առաջարկությունները ներկայացնել, նաեւ որպեսզի չդադարեցվի: Եթե թեկուզ դադարեցվի ինչ որ անհայտ ժամանակով, այնուամենայնիվ կարգապահ վարորդը իրեն օրինապահ քաղաքացի կդրսեւորի, իսկ անկարգապահները էլ ավելի շատ անկարգապահություններ կանեն, ինչի արդյունքում կտուժեն կարգապահ վարորդները, որովհետեւ վթարներ կառաջանան՝ իհարկե բարդ հետեւանքներով նաեւ»:
«Վարորդի ընկեր» ՀԿ ներկայացուցիչը վստահ է, որ տեսախցիկները որոշակի ձեւով սանձում էին անկարգապահներին: Նրա կարծիքով` եթե դադարեցվի դրանց աշխատանքը, ապա իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա: «Կարծում եմ, որ շատ վատ կանդրադառնա: Հիմա մենք անհանգստացած ենք, եւ «Վարորդի ընկեր» ՀԿ-ն եւս կդիմի արդարադատության նախարարին, որպեսզի մեր առաջարկները փորձեն ինչ-որ չափով հաշվի առնել: Քանի որ նոր կառավարություն է, եւ բոլորս լիահույս ենք»,- նկատեց մեր զրուցակիցը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդես է եկել ծավալուն հրապարակմամբ` անդրադառնալով վերջին օրերի իրադարձություններին: Ներկայացնում ենք կրճատումներով. «Ցանկացած հեղափոխության համար ամենակարեւոր փորձաշրջանը նրա հաղթանակին անմիջապես հաջորդող ժամանակամիջոցն է: Այդ շրջանում է, որ հաղթանակից ոգեւորված` միաձույլ շարժման ակտիվիստներն սկսում են ինքնագործունեություն դրսեւորել: Ահա այս երեւույթն է, որի ականատեսն ենք այսօր: Հանրապետության համարյա ողջ տարածքում տեղի են ունենում հեղափոխական կենտրոնի կողմից չկարգավորվող բողոքի ցույցեր:
Այդ հարցերը վաղուց պետք է լուծված լինեին: Եվ եթե մինչեւ հիմա դրանք բացահայտ չեն արտահայտվել, ապա միայն ռեժիմի դաժան հակազդեցության, ուժային կառույցների բռնությունների, բիզնեսը կորցնելու վախից: Այսօր վախերը վերացել են, եւ մարդիկ փորձում են այդ խնդիրները լուծել Փաշինյանի կուռ, կարգապահ, առաջնորդի հրահանգները հստակորեն կատարող շարժման մեթոդով: Բայց հաշվի չի առնվում մի կարեւորագույն հանգամանք. Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարեւորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթեւեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեեւ ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Բացառված չէ, սակայն, որ շարժման ակտիվիստների բողոքի անկեղծ եւ ինքնաբուխ գործողություններից բացի որոշ նման ակցիաներ հրահրվում են նաեւ նախկին ռեժիմի կողմից, որը թեեւ նահանջել է, բայց ամենեւին չի կապիտուլացվել»,- գրել է ՀՀ առաջին նախագահը` հավելելով,- «Ցանկացած պետության կայացվածության գլխավոր չափանիշը նրա կառավարելիությունն է, պետական մեքենայի անխափան գործունեությունը: Եթե երկրի կառավարելիությունը չապահովվի, ոչ մի պետություն լուրջ չի վերաբերվի այդ երկրի իշխանությանը: Հայաստանում, ահա, ստեղծված է մի բացառիկ վիճակ, երբ պետական մեքենան կարող է ուղղակի ջարդվել` երկիրը մատնելով լիակատար անկառավարելիության: Նույնիսկ բռնապետություններն այնքան վտանգավոր չեն, որքան երկրի անկառավարելիությունը, որովհետեւ բռնապետությունները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանում են, բայց անկառավարելիությունը կարող է կործանարար լինել երկրի համար: Այսօր թե՛ նոր իշխանությունների, թե՛ քաղաքական ուժերի, թե՛ հասարակության գիտակից խավերի գերխնդիրը պետք է լինի երկիրը ցնցումների չենթարկելու հրամայականը եւ պետության կառավարելիության պահպանումը: Այս պահանջը վերաբերում է նաեւ հին ռեժիմի կողմնակիցներին, որոնց մեջ, հուսով եմ, ռեւանշի ձգտումը վերջնականապես չի բթացրել պետական շահի զգացումը»:




Լրահոս