«Ժողովուրդ» օրաթերթը գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հետ զրուցել է երկրում տիրող ներքաղաքական վիճակի, հնարավոր վտանգների, քաղաքացիների շրջանում առկա մտահոգությունների մասին։ Նա նշել է, որ հեղափոխության շնորհիվ ստեղծված հնարավորությունների Հայաստանում մարդիկ պետք է զուսպ լինեն եւ վստահությամբ լցված առ նոր իշխանությունը, վարչապետը։
-Պարո՛ն Մարտիրոսյան, երկրում արդեն հակահեղափոխական տրամադրություն է նկատվում։ Կարծես թե ՀՀԿ-ն փորձում է իր ձեռքում եղած լծակները կիրառել Փաշինյանի կառավարությունը ձախողման տանելու համար։ Ի՞նչ եք մտածում սրա շուրջ։
-Իմ կարծիքով հակահեղափոխությունը այս դեպքում չափազանցված ձեւակերպում է։ Բայց ես չեմ կարծում, որ ժողովրդի շրջանում բոլորը պետք է միանման պահվածք դրսեւորեն։ Վարչապետը կոչ արեց դադարեցնել ճանապարհների փակումն ու անհնազանդության գործողությունների իրականացնումը՝ հարցնելով՝ ո՞ւմ ենք մենք անհնազանդություն հայտարարում։ Հիմա ձեւակերպումների շրջան է, եւ անհանգիստ քաղաքացիները ճիշտ կանեն` հստակ ձեւակերպեն իրենց պահանջը, ըստ այդմ էլ շարժվեն առաջ։
-Որոշ քաղաքագետներ պնդում են, որ ՀՀԿ-ն ծրագրում է «Սասնա ծռերին» հանել Փաշինյանի եւ նրա կառավարության դեմ։ Ո՞րն է հարցի շուրջ Ձեր տեսակետը։
-Որոշ գործողություններ կարող են էմոցիաների ազդեցության ներքո արվել, որոշներն էլ կարող են ունենալ ստվերային կառավարում։ Ես կուզենայի, որ մի քիչ համբերենք եւ տեսնենք, թե ինչ արձագանք կլինի «Սասնա ծռերի» կողմնակիցների թեւից։ Միգուցե իրենք դադարեցնեն գործողությունները։ Քանի որ հեղափոխական իրավիճակում ժամ առ ժամ իրավիճակ է փոխվում, չեմ ուզում զգացմունքային որակումներ տալ։
-ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ահազանգ հնչեցրեց՝ նշելով, որ Հայաստանը կանգնած է պետականությանը սպառնացող վտանգավոր իրավիճակի առաջ։ Նրա խոսքով՝ Փաշինյանն այսօր Հայաստանի վարչապետն է, պետության գլուխը, որի կարեւորագույն պարտավորությունը պետական մարմինների բնականոն գործունեության ապահովումն է: Ուստի, ըստ նախկին նախագահի, թեկուզ անկեղծ մղումներով, այդ ինքնագործ ցույցերն ու մանավանդ շենքերի գրավումներն ու փողոցների փակմամբ երթեւեկությունը խափանելու դեպքերը, վերջին հաշվով, թեեւ ոչ միտումնավոր, ուղղված են հենց Փաշինյանի դեմ: Դուք ի՞նչ կասեք։
-Շատ ճիշտ եւ ժամանակին արտահայտված մտահոգություն է, որը, կարծում եմ, իր ազդեցությունը կունենա հեղափոխության շնորհիվ ստեղծված հնարավորությունների Հայաստանում։ Այս Հայաստանում մարդիկ զուսպ պետք է լինեն եւ վստահությամբ լցված առ նոր իշխանությունը, վարչապետը։ Նաեւ, հաշվի առնելով ընթացիկ պահի լիազորությունների չափը, պետք է փորձեն լուծել իրենց խնդիրները։
-Ի՞նչ կարծիք ունեք մշակույթի նոր նախարարի մասին։ Առհասարակ, նոր կադրերի նշանակումը շատ է քննարկվում։ Քննադատները հիմնականում շեշտում են նրանց երիտասարդ լինելու հանգամանքը։
-Խելքը տարիքի մեջ չէ, գլխի մեջ է, ես երիտասարդ տարիքից դա ասել եմ։ Ինքս ինձ դավաճանած կլինեմ, եթե հիմա ուրիշ գնահատական տամ։ Երբ արդեն ծրագրային ելույթներ լինեն, ես կարող եմ իմ դիրքորոշումն արտահայտել։Լիլիթ Մակունցի արտահայտած այն միտքը, թե մշակույթը ինքն է, հազար ձեւով մեկնաբանվեց, հիմնականում` ի վնաս իրեն։ Բայց մշակույթը, այո, մշակութային մարդն է։ Եթե վերադառնանք Ձեր առաջին հարցին, բողոքի գործողությունների զգալի մասում կարող եմ ասել առկա է մշակութային մարդու բացակայության գործոնը։ Այսինքն՝ այսօր իշխանություն է փոխվել, եւ դու, պաշտոնական խողովակներով քո խնդիրները լուծել չփորձած, դուրս ես գալիս եւ փողոց ես փակում։ Դա ես համարում եմ մշակութային մարդու բացակայություն, հնարավորությունների Հայաստանի քաղաքացու բացակայություն։
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՐԻ ՓՈԹԵՐԸ ՉԷ
«Ես միշտ ժողովրդի կողքին եմ, ինձ համարում եմ նրա մի մասնիկը, բայց ցույցերի ոչ մասնակցել եմ, ոչ մասնակցում եմ, ոչ էլ կմասնակցեմ։ Չեմ կարծում, որ արտիստները պետք է լինեն քաղաքականության մեջ։ Դա ճիշտ չեմ համարում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Ջուսը։
Ամեն դեպքում, նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հեղափոխություն է արել, եւ դա գովելի է։ Բայց նոր կառավարության գործունեության մասին խոսելը, ըստ նրա, դեռ վաղ է. «Շատ քիչ ժամանակ է անցել իշխանափոխությունից, եւ աբսուրդ է Փաշինյանից մեծ-մեծ բաներ պահանջելը։ Բայց Փաշինյանը Հարի Փոթերը չէ… Ով մարդ չունի, կնիկ, ավտո, տուն չունի, մտածում է, որ Նիկոլ Փաշինյանը իր խնդիրը պետք է լուծի։ Թողեք այդ մարդը աշխատի։ Տարիներ են պետք երկրում դրական տեղաշարժեր ապահովելու համար։ Ոչինչ միանգամից չի լինում»,-կեսկատակ-կեսլուրջ ասաց Ջուսը։
Մենք զրուցեցինք նաեւ երգչուհու գործնական պլաններից։ Նա տեղեկացրեց, որ պատրաստվում է սեպտեմբերին երկրպագուների դատին ներկայացնել նոր տեսահոլովակ, որի շրջանակում հանդես է գալու բոլորովին նոր, անսպասելի ոճում. «Տեսահոլովակի ռեժիսորը Արայիկ Համբարձումյանն է։ Ինձ համար եւս իմ ոճը նորություն կլինի։ Հանդես կգամ ուրախ երգով՝ ոչ ինձ բնորոշ։ Ուղղակի չեմ ուզում փակագծերը բացել։ Բայց կասեմ, որ դա կլինի բում»,-խոստացավ Ջուսը։
Բացի այդ Ջուսը եւս մեկ փոփոխության է դիմելու, այս անգամ՝ իր արտաքինի հետ կապված. «Քթի պլաստիկ վիրահատության եմ դիմելու, ես չեմ էլ թաքցնում։ Կան հայտնիներ, որոնք խուսափում են այդ մասին բարձրաձայնել, բայց ես՝ ոչ։ Հնարավոր է՝ վիրահատական սեղանից նույնիսկ լուսանկար հրապարակեմ»,-մանրամասնեց երգչուհին։
Ի դեպ, հավելենք, որ առաջիկայում Ջուսի երկրպագուներին սպասվում են նաեւ համերգներ Ռուսաստանի Դաշնությունում։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ
ԲՈՒՖՈՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է
«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հաստատել է, որ «Վերոնա»-ի հետ առաջիկա խաղն իր համար վերջինը կդառնա թուրինյան ակումբի կազմում: Մայիսի 19-ին «Յուվենտուս»-ն իտալական Ա Սերիայի 38-րդ տուրի շրջանակում կմրցի «Վերոնա»-ի հետ. «Սա հիանալի ճանապարհորդության ավարտ է, որի ընթացքում ինձ բախտ է վիճակվել լինել այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես հոգ էին տանում իմ մասին: Ես դա ամեն օր եմ զգացել եւ հենց նրանց սիրո շնորհիվ եմ պայքարել ուժերիս ներածին չափով»,-ասել է Բուֆոնը:
Այդուհանդերձ, ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ «Յուվենտուս»-ի դարպասապահը կարող է ժամանակավորապես հետաձգել կարիերան ավարտելու իր որոշումը: Իտալացի դարպասապահը կարիերան կարող է շարունակել «Լիվերպուլում»:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ` ՖՈՒՏԲՈԼԻ ՆԱԽՕՐԵԻՆ
ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարները ֆուտբոլի աշխարհի գավաթի նախօրեին Մոսկվայում քննարկել են ծայրահեղական սպառնալիքների չեզոքացման հարցերը: Ֆուտբոլի աշխարհի գավաթի անցկացման նախօրեին հատուկ ծառայությունների ղեկավարները ուսումնասիրել են ծայրահեղական բնույթի սպառնալիքների չեզոքացման խնդիրները, որոնք ազդում են նրա անվտանգության վրա: Խորհուրդը կենտրոնացել է ահաբեկչության եւ անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա զարգացման վրա:
6,5 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ԱԿՆԿԱԼԻՔ
Հայտնի է, թե որքան եկամուտ կունենա «Աթլետիկո»-ն եվրագավաթներում իր ելույթների համար: Եվրոպա լիգայի եզրափակչում «Մարսել»-ին հաղթելու համար (3:0) իսպանական ակումբը 6,5 մլն եվրո կստանա: Պարտության դեպքում թիմը կարող էր 3 մլն եվրոյով պակաս վաստակել` 3,5 մլն եվրո: Կիսաեզրափակչում հաղթելու համար «Աթլետիկոն» 1,6 մլն եվրո է ստացել, իսկ քառորդ եզրափակչում` 1 մլն եվրո:
Ընդհանուր առմամբ, ակումբը Եվրոպա լիգային մասնակցելու համար մոտ 10,3 մլն եվրո կվաստակի: Նշենք` 2013/14 մրցաշրջանում, երբ «Աթլետիկոն» դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, մոտ 50 մլն եվրո է վաստակել, իսկ 2015/16 մրցաշրջանում` 69 մլն եվրո: