Երբ ստուգումներ կիրականացվեն «Գրանդ Քենդի»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր կառավարության ձեւավորումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնահերթ հանձնարարականներից մեկը վերաբերում էր գործարար դաշտում պատշաճ ստուգումներ անցկացնելուն: Եվ պատահական չէ, որ ԱԱԾ նոր ղեկավարի նշանակումից օրեր անց բացահայտվեցին «ՆորՖոլկ քոնսալթինգ» ընկերությունում եղած խոշոր չափի չարաշահումները: Ապա պարզվեց, որ հանրապետությունում գործող խոշոր սուպերմարկետները պատշաճ չեն վճարել հարկերը, քանի որ ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն են ունեցել աշխատելու ԱՁ-ների միջոցով:

«Ժողովուրդ» օրաթերթը Պետական եկամուտների կոմիտեից փորձեց պարզել, թե արդյոք իրականացվելու են ստուգումներ «Գրանդ քենդի» ՍՊԸ-ում, որն, ինչպես հայտնի է, միացել էր համաժողովրդական շարժմանը:
Նախ հետաքրքրվեցինք, թե վերջին անգամ երբ են ստուգումներ իրականացվել «Գրանդ Քենդի»-ում: «Հարկային ստուգումները, 2018թ. հունվարի 1-ից սկսած, իրականացվում է` ՀՀ հարկային օրենսգրքի 336-րդ հոդվածի համաձայն: Ինչ վերաբերում է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ին, ապա հայտնում ենք, որ ընկերությունն ընդգրկված է եղել 2016-2017 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, որի համաձայն՝ ընկերությունում իրականացվել է համալիր հարկային ստուգում: Դրա արդյունքներով 2017 թ. մայիսի 5-ին կազմված ակտով ընկերությանը առաջադրվել է լրացուցիչ հարկային պարտավորություններ՝ 34, 6 մլն դրամի չափով»,- նշված է ՊԵԿ պատասխանում:

Հարցին` այժմ ընկերությունում ստուգումներ անցկացնելու հարցում ՊԵԿ-ին արդյոք կաշկանդելու է այն հանգամանքը, որ «Գրանդ քենդի»-ն միացել էր շարժմանը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային բրենդ էր համարել այս ընկերությունը, լրատվական բաժնից նշել են. «Հարկային ռիսկերի առկայության պարագայում՝ հարկային մարմինը որեւէ ձեւով կաշկանդված չէ ոչ միայն «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ում, այլ նաեւ ցանկացած տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները»: Իսկ արդյոք հենց այս տարի ստուգումներ կլինեն ընկերությունում. ««Գրանդ Քենդի» ՍՊԸ-ն ընդգրկված է 2017-2018 թթ. համար հաստատված ստուգումների տարեկան ծրագրում, հետեւաբար վերջինիս մոտ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համալիր հարկային ստուգում»:

Հուսանք` նրանց նկատմամբ էլ նույնքան անաչառ կգտնվեն, ինչ մինչեւ հիմա ստուգումների ենթարկված տնտեսվարողների դեպքում:




Լրահոս