Հունիսի 12-ին մեկնարկող հերթական ԱԺ նիստերի օրակարգում բազմաթիվ նախագծեր են ներառված: Առաջիկա ԱԺ նիստերը հետաքրքիր են հատկապես այն առումով, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամները լինելու են զեկուցողների դերում, սակայն գերազանցապես ներակայացնելու են ոչ թե իրենց, այլ նախորդ կառավարության հեղինակած նախագծերը:
Իսկ այս հանգամանքը կարող է իրականում շատ հետաքրքիր զարգացումների պատճառ դառնալ, երբ, օրինակ, քննարկվող նախագիծն անգամ չպաշտպանի հիմնական զեկուցողը կամ նույնիսկ քննադատել է նախկինում: Օրինակ` մի այդպիսի խնդրի արդեն բախվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, որն օրեր առաջ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովում ներկայացնում էր «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որին, սակայն, ինքը դեմ էր: Մասնավորապես, այդ փոփոխությամբ սահմանվում էր, որ այն մանկավարժները, ովքեր չեն համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2018 թվականի օգոստոսի 20-ը, եթե մինչեւ այդ չեն ապահովում ուսուցչին ներկայացվող պահանջները:
Այդպիսի իրավիճակներ դեռեւս կարող են շատ լինել, քանի որ հիմնական նախագծերը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ, իսկ դա նշանակում է, որ քննարկվել են նաեւ նախկինում եւ միգուցե արժանացել ներկայիս ղեկավարների բացասական արձագանքին: Նիստերի օրակարգում ընգրկված է նաեւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որի անհրաժեշտությունը բխել է նոր Սահմանադրությունից:
Մասնավորապես, օրենքով սահմանվելու են, թե ովքեր են համարվում պետական քաղաքական պաշտոններ: Եվ այստեղ հետաքրքիր իրավիճակի ենք բախվում: Մասնավորապես առաջին հնգյակն այսպիսի տեսքն ունի.
1) Հանրապետության նախագահի պաշտոն,
2) Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն,
3) Վարչապետի պաշտոն,
4) Փոխվարչապետի (առաջին փոխվարչապետի) պաշտոն,
5) Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն:
Այստեղ հետաքրքիր է, որ փաստորեն ԱԺ նախագահի կամ փոխնախագահների պաշտոնները չեն առանձնացրել ԱԺ պատգամավորի պաշտոնից, եւ նույնիսկ գրված է վարչապետի պաշտոնից առաջ:
Մինչդեռ նկատենք, որ «Պետական արարողակարգի մասին» օրենքով կանոնակարգվել է խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում իշխանական բուրգի հիերարխիան, այսինքն՝ սահմանված է, թե, ըստ ավագության, որ պաշտոնը որից հետո է: Դա էլ իր հերթին ենթադրում է, թե պաշտոնական արարողությունների ժամանակ պաշտոնյաներն ինչ հերթականությամբ են կանգնելու, մասնակցելու: Ըստ այդ օրենքի` արարողակարգային ավագության հետեւյալ հերթականությունն է սահմանված՝
1) Հանրապետության նախագահ.
2) Վարչապետ.
3) Ազգային ժողովի նախագահ.
4) Սահմանադրական դատարանի նախագահ.
5) Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:
Եվ չնայած վարչապետի ձեռքում են բոլոր լիազորությունները, սակայն երկու օրենքներով էլ առաջնային տեղ է տրված հանրապետության նախագահին:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում, որը քննարկվելու է առաջիկա նիստերի ժամանակ, սահմանված են նաեւ, թե որոնք են համարվում անկախ պետական մարմիններ: Մասնավորապես, անկախ պետական մարմնների անդամների պաշտոններն են՝
1) Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոն
2) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամի պաշտոն
3) Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոն
4) Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոն
Պետական վարչական պաշտոնյաներ են համարվում տեսչական մարմինների ղեկավարները, գերատեսչությունների աշխատակազմերի ղեկավարները, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալը, Ոստիկանության ղեկավարը եւ նրա տեղակալը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարը եւ նրա տեղակալը, Պետական պահպանության ծառայության պետը եւ նրա տեղակալը եւ այլն:
Նույն օրենքով սահմանված են նաեւ ինքնավար պաշտոններ.
1) Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոն
2) Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն
4) Վիճակագրական պետական խորհրդի անդամի պաշտոն
5) Վճռաբեկ, վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոն
6) Գլխավոր դատախազի եւ նրա տեղակալի պաշտոն
7) Երեւան քաղաքի դատախազի պաշտոն
8) Մարզի դատախազի պաշտոն
9) Կայազորի զինվորական դատախազի պաշտոն
10) Հատուկ քննչական ծառայության պետի եւ նրա տեղակալի պաշտոն
11) Քննչական կոմիտեի նախագահի եւ նրա տեղակալի պաշտոն
Իսկ Հայեցողական պաշտոններ են՝
1) Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոն
2) Հանրապետության նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ
3) Վարչապետի գլխավոր խորհրդականի, խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ
4) Ազգային ժողովի նախագահի խորհրդականի, օգնականի եւ մամուլի քարտուղարի պաշտոններ»:
Նաիրա Հովհաննիսյան