ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է Արթուր Վանեցյանը զանգահարել ՊԵԿ նախագահին. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան հայտնեց, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին հրավիրել են ԱԱԾ հարցաքննության, ինչը նորմալ գործընթաց է:
«Երբ իմ տեղակալն ասել է, որ նախկինում եղել է նման պայմանավորվածություն, ինքը նկատի է ունեցել, որ ՊԵԿ-ում քննարկումների ժամանակ տնտեսվարողների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ՀԴՄ-ներով գյուղմթերքների վաճառք հնարավոր է իրականացնել: Հիմա գյուղմթերքների մասով ՀԴՄ-ով շրջանառության հարկ վճարող անհատ ձեռնարկատերի միջոցով կատարված այդ գործողությունների վերաբերյալ դեռ որոշում չկա, թե ինչպես պետք է վարվենք, քննությունը շարունակվում է»:

Դիտարկմանը, որ Մաշադյանը հայտարարել է, որ տեղյակ է եղել 11 սուպերմարկետների հետ պայմանավորվածություններից, մինչդեռ ԱԱԾ-ն ասում է, որ այդ պայմանավորվածությունն ապօրինի է եղել, արդյոք հանցակազմ չկա իր տեղակալի գործողություններում, ՊԵԿ նախագահն արձագանքեց. «Որակումները թողնենք քննչական մարմիններին: Մաշադյանը մասնագիտական քննարկումներին տեղյակ է եղել: Ես ասացի, որ ՊԵԿ-ի այս կամ այն պաշտոնյային չենք մեղադրում: Եթե ասում ենք, որ եղել է պայմանավորվածություն, նշում ենք, որ դա եղել է ՊԵԿ-ի հետ, ոչ թե որեւէ պաշտոնյայի»:

Հիշեցնենք, որ օրերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին ուղարկվել է ծանուցագիր, նա կհրավիրվի ԱԱԾ եւ ցուցմունք կտա: Խոսքն այն մասին է, որ Մաշադյանը հայտարարել էր, որ ինքը տեղյակ է եղել ՊԵԿ-ի եւ 11 տնտեսվարողների (սուպերմարկետների) միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, ըստ որի` նրանք 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել են 2 տոկոս շրջանառության հարկ:

Ի դեպ, Մաշադյանին ԱԱԾ են հրավիրել որպես վկա եւ նա քրեական գործով անցնում է վկայի կարգավիճակով:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ զրուցեց ԱԱԾ պետի զանգի, ինչպես նաեւ պետությանը վնասի փոխհատուցման գործընթացի մասին:

-Պարո՛ն Անանյան, մայիսի 19-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր. « Բոլորիդ պարզ է, չէ՞, որ ես ապրել եմ այս հասարակության մեջ, բարեկամներ էլ ունեմ, ազգականներ էլ ունեմ, ընկերներ էլ ունեմ, որոնք զբաղեցնում են թե՛ պետական պաշտոններ, թե՛ բիզնեսով են զբաղվում , թե՛… : Ես բոլորին զգուշացրել եմ` հարգեք իմ այսօրվա կարգավիճակը, իմ այսօրվա ստեղծված իրողությունները եւ Ձեզ պահեք համապատասխան այսօրվա պահանջներին: Որեւէ խախտում եղավ, ես ոչ մի բանի առջեւ չեմ կանգնի … :Արդեն ինձ հայտնի է դեպքեր Պետական եկամուտների կոմիտեում իմ անվան տակ մարդիկ ինչ-որ բաներ են փորձում անել, զանգել եմ ՊԵԿ-ի նորաշնակ նախագահին եւ խնդրել եմ, որ հանկարծակի իմ անվան հետ կապված ոչ մեկի ոչ մի բան չանել, ես ոչ մեկի ոչ մի բան չեմ ասել»: Ո՞վ էր փորձել ԱԱԾ պետի անվան տակ որեւէ բան անել, եւ կոնկրետ ի՞նչ էր արել:

-Եղել է նման բան, բայց դա եղել է մասնավոր զրույց:

-Ի՞նչ էին ցանկացել անել ԱԱԾ տնօրենի անվան տակ, նոր պաշտոն էին ցանկացե՞լ ստանալ, թե՞ այլ խնդիր կա, մանրամասնեք մի փոքր:

-Չէ՛, չէ՛, այդպիսի բան չի եղել, իմ պաշտոնավորման առաջին օրը պարզեցի, որ իմ պաշտոնավարման նախորդ օրը հրամանով մի պաշտոնիայի նշանակել էին ինչ-որ կոնկրետ պաշտոնի :

-Կասե՞ք` ով էր եւ ինչ պաշտոնին էին նշանակել:

-Ո՛չ:

-Ինչո՞ւ:

-Այդ անձի անունը կապում էին Ազգային անվտանգության ծառայության ղեկավար անունի հետ, ես ուղղակի էթիկայի կանոններից ելնելով, որ չի կարելի նման նշանակում անել` հրամանը չեղյալ եմ հայտարարել, եւ Ազգային Անվտանգության ծառայության պետը զանգահարել է ինձ, շնորհակալություն է հայտնել ճիշտ կողմնորոշվելու համար: Այդքան բան է եղել, ուրիշ ոչ մի բան չի եղել:

Մանրամասները՝  տեսանյութում

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս