Հարաբերություններն ավելի են լարվում․ ինչ է կատարվել Ազատամուտ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղում համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի եւ գյուղի մի քանի բնակիչների միջեւ լարված հարաբերություններ են: Պատճառը համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ տիրող անհաշտ մթնոլորտն է: Վերջերս Ազատամուտում Ժորա Մարտիրոսյանի որդին քար է շպրտել իրենց հարեւանի տան վրա, որի հետ վատ հարաբերություններ են ունեցել: 33-ամյա հարեւանը փախչելով իրեն պատկանող որսորդական հրացանից օդ է կրակել: Իրավապահների կողմից քննվում են նաեւ Ժորա Մարտիրոսյանի որդու ավտոմեքենան վնասելու հետ կապված հանգամանքները: Մայիսի 29-ին համայնքի ավագանու 9 անդամներից 5-ը, ավագանու նիստ անցկացնելով, անվստահություն են հայտնել համայնքի ղեկավար Ժ. Մարտիրոսյանին: Վերջինս ասաց, որ ինքը նամակով ավագանու անդամներին պատասխանել է, որ ավագանին իրավասու չէ ընտրված համայնքապետին անվստահություն հայտնելու: Նա հայտնեց, որ համայնքի ավագանու 9 անդամներից 5-ն իր կողմնակիցը չեն, ավագանու նախորդ նիստերում վեճեր են եղել, ավագանու կանոնակարգը չի հաստատվել: Համայնքապետի խոսքերով` ավագանու նշված 5 անդամները ցանկանում են, որ համայնքապետարանի ենթակա հիմնարկների` մանկապարտեզի, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, կոմունալ ծառայության տնօրեններին ավագանին նշանակի, սակայն դա ՏԻՄ օրենքի խախտում է: Ժ. Մարտիրոսյանի վկայությամբ` եթե ավագանին 2 անգամ չի հաստատում այդ հիմնարկների տնօրենների թեկնածությունը, ապա համայնքի ղեկավարն ինքն է նշանակում նշված հիմնարկների ղեկավարներին:

Մինչ այդ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի, վերջինիս որդիների եւ Ազատամուտի մի քանի բնակիչների միջեւ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հարուցված քրեական 3 գործերի վարույթը միացվել է, քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը») եւ 137 հոդվածով («Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը»), քրեական գործով ներկայումս մեղադրվողներ չկան: ՀՀԿ անդամ Ժ. Մարտիրոսյանը Ազատամուտ համայնքը ղեկավարում է 2008թ.-ից:

Ոսկան Սարգսյան




Լրահոս