Գյումրիում հասարակական տրանսպորտի խնդիրը շարունակում է չլուծված մնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում հասարակական տրանսպորտի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Միկրոավտոբուսային եւ ավտոբուսային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոց Գյումրու փողոցներում հայտնվում է ոչ շուտ քան 08.30-ը եւ աշխատում մինչեւ 20.00-ն: Դա վերաբերում է կենտրոնական փողոցներին, իսկ ծայրամասային թաղամասերում խնդիրն առավել ծայրահեղ է: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում իրենց մտահոգությունների մասին են պատմել Օդանավակայան թաղամասի բնակիչները: Նրանց պնդմամբ` երեկոյան ժամերին տանից դուրս չեն գալիս, քանի որ 1-ին համարի ավտոբուսը շուտ է ավարտում երթուղու սպասարկումը:

«Երկու երեխա ունեմ, երկուսն էլ ուսանող են: Օդանավակայանում բնակարան ունենք, բայց երեխաներս ստիպված Պարույր Սեւակ թաղամասում են ապրում: Շաբաթ օրը, երբ ուզում էին տուն վերադառնալ, նստել են առաջին համարի ավատոբուսը, սակայն վարորդն ասել է, որ գազ չունեմ, իջեք»,- մեզ հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը` հավելելով,- «Մի՞թե չկա մի կառույց, որ ֆինանսավորի, ու գոնե մինչեւ 20.00-ն տրանսպորտն աշխատի, անգամ պատրաստ ենք ավելին վճարել»:

Օդանավակայան թաղամասը սպասարկող 6 ավտոբուս կա: Տրանսպորտի բաժնի պետը զարմանում է, որ բնակիչները դժգոհում են. «Մինչեւ 17.30 նորմալ աշխատում է տրանսպորտը, վերջին երթուղին իր աշխատանքն ավարտում է 17.30: Ես տեղյակ եմ բողոքներին, արդեն զգուշացել եմ երթուղին սպասարկող ընկերությանը»:

Նույն խնդրից դժգոհում են նաեւ Շերամ թաղամասի բնակիչները: Այդ հատվածում տրանսպորտային միջոցները հայտնվում են խիստ հազվադեպ: Բնակիչները հոգնել են բողոքել, երթեւեկում են երթուղային տաքսիներով:

20 համարի երթուղին սպասարկող մեքենաների թիվը օրվա թեժ ժամերին հասնում է 30-ի, թեպետ կազմակերպությունը մրցույթը շահել է 16 ավտոմեքենայով, իսկ քաղաքապետարանի տեղեկություններով` շահագործում է 13-ը: Երթուղին սպասարկող կազմակերպությունը մեքենաների թիվը պակասեցնում է միայն կիրակի օրերին՝ հասցնելով 18-ի: Միկրոավտոբուսների վարորդներն էլ իրենց հերթին ուղեւորահոսքից են բողոքում, այդ հանգամանքով պայմանավորված օրեր առաջ գործադուլ էին արել: Վարորդները գործադուլ են արել` պահանջելով նվազեցնել սպասարկող ընկերությանը վճարվող հասույթի չափը։ 3 րոպեի փոխարեն առավոտյան ուղևորները 20 րոպեից ավելի են սպասում կանգառներում: Բայց գործադուլի փաստը փորձել էին գաղտնի պահել: Նշենք, որ 1 ամիս առաջ 20 համարի երթուղի ևս 2 միկրոավտոբուս է բերվել, ու սա այն դեպքում, երբ նախկինում բողոքներ կային, թե ուղևորահոսքի պակասի պատճառով հնարավոր չէ հասույթ ապահովել ու հարկեր վճարել։

Չբարձրաձայնված գործադուլի արդյունքում վարորդները ընկերության տնօրենի հետ համաձայնության են եկել, և հունիսի 1-ից 20 մեքենայի փոխարեն գիծ դուրս կգա 17-ը: Ըստ Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանի՝ դրանով «Նյու սիթի տրանս» ընկերությանը վարորդների վճարելիք հասույթի գումարի չափը կպակասի օրական 1000 դրամով։

Օրերս երթուղի են վերադարձաել 40-համարի ավտոբուսները: Մոտ երկու տարի առաջ դրանք, տեխնիկական վիճակով պայմանավորված, դադարել էին շահագործվել: Բայց վերադարձից հետո 22 համարի միկրոավտոբուսների ու 40 համարի ավտոբուսների վարորդների միջեւ հարաբերություններն են լարվել: Կրկին շարունակվում է ուղեւոր փախցնելու քաղաքականությունը:

Արդյունքում տուժում են քաղաքացիները: Երբեմն անվտանգության նորմերն էլ չեն պահպանվում, քանի որ 100 դրամ ավել վաստակելու համար վարորդները գերազանցում են սահմանված արագությունը, էլ չենք ասում տրանսպորտի ներսում միացված խայտառակ անորակ երաժշտության մասին, երբ վարորդները պարտադրում են ուղեւորներին իրենց ճաշակը:

Տարնսպորտային խնդիրը Գյումրիում հիմնականում պայմանավորված է ճանապարհների անբարեկարգ վիճակով: Թեեւ լայնածավալ շինարարությունը մեկնարկել է, սակայն նորոգվում են միայն կենտրոնական ճանապարհահատվածները, երկրորդական փողոցները կրկին անբարեկարգ կմնան: Իսկ ճանապարհների վատ վիճակից մեքենաներն են տեխնիկական խնդիրներ ունենում, դրանց լուծման համար ընկերությունները վճարում են ավել գումար, քան տվյալ օրը վաստակել են:

Եւ ահա այս վիճակում Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը համբերության կոչ է անում, ասում է` ճանապարհները կբարեկարգվեն տրանսպորտին հատուկ ուշադրություն կդարձվի, կհստակեցվեն ժամերն ու աշխատանքային պայմանները:

Շուշանիկ Օհանյան




Լրահոս